ԲԵՄՈՒՄ ՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ ՆՈՒՅՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ
Հեռուստաէկրաններից իդեալական երեւացող մարդիկ իրականում կյանքում նույն այդ իդեալական կերպարին համապատասխանում են, թե` ոչ: Երգչուհի Սոնա Շահգելդյանի անմիջական պահվածքի արտացոլանքը նկատելի է ինչպես բեմում, այնպես էլ՝ իրական կյանքում:
«Ժողովուրդ»-ը զրուցել է երգչուհու հետ հայաստանյան շոու-բիզնեսի մասին:
-Սոնա, Դուք աչքի եք ընկնում Ձեր անմիջական պահվածքով եւ անկեղծությամբ, Ձեր կոլեգաներն ինչպե՞ս են արձագանքում նմանօրինակ պահվածքին:
-Իմ էությունն է այդպիսին, ես չեմ կարող կեղծ լինել: Ինչ որ ներսումս է, դա եմ ցույց տալիս: Հոգիս ու սիրտս բացում եմ ունկնդրիս առաջ: Դա շատ լավ են զգում մարդիկ, կեղծավորությունն էլ են զգում, այնպես որ, կարիք չկա կեղծելու, դա ակնհայտ է:
Ես բոլորի հետ էլ աշխատում եմ լավ հարաբերություններ ունենալ, վատ չեմ տրամադրվում որեւէ մեկի նկատմամբ: Ովքեր այդ ամենը գնահատում են՝ համարժեք են արձագանքում, ովքեր դրա մեջ որեւէ վատ բան են տեսնում՝ Աստված իրենց հետ, ես ոչինչ չեմ կարող ասել իրենց: Հազար երես չունեմ, պարզ եմ ու անմիջական, ինչպես իրական կյանքում եմ, այնպես էլ բեմում եմ:
-Հաճախ հանդես եք գալիս Ձեր կոլեգաների նմանակումներով: Բողոքներ կամ գոհունակության դրսեւորումներ եղե՞լ են:
-Ամբողջ աշխարհում ընդունված ձեւաչափ է նմանակումներ անելը: Համաշխարհային մեծության աստղերն էլ են նմանակում իրենց կոլեգաներին: Ինքս կարողանում եմ նմանակել ոչ միայն մեր արտիստներին ու իրենց ձայնով երգել, այլեւ` համաշխարհային մեծության աստղերին եւս: Դա բնատուր տաղանդ է, եւ ես միայն ուրախ եմ, որ կարողանում եմ այդքան ծավալվել, որ բացի իմ ձայնով երգելուց, երգում եմ նաեւ զանազան ձայնային ինտոնացիաներով ու չափերով: Որեւէ բացասական արձագանք չեմ լսել այսքան ժամանակ: «Վիտամին» ակումբի տղաների նախաձեռնությունն էր այդ ամենը: Նրանք առաջարկեցին այսպիսի նորամուծություն անել, ես էլ չմերժեցի: Ինձ էլ ոգեւորեց այդ գաղափարը:
-Ի՞նչն է պակասում մեր երգարվեստում: Արդյոք արժանավորնե՞րն են վայելում ճանաչվածություն եւ ինչու չէ՝ նաեւ սեր:
-Մեր երգարվեստում շատ բացեր կան: Անկեղծությունն է պակասում: Էկրաններից իդեալական երեւացող կերպարները ոչ միշտ են այդպիսին: Ոչ ոք էլ կատարելություն չէ եւ ավելի կգնահատվի այն պահվածքը, որը կհամապատասխանի իրականությանը:
Երգարվեստում ոճային զանազանությունը գովելի է, բայց շատ կարեւոր է մեկընդմիշտ հիշել մեկ բան. երգն էլ է պահանջում անկեղծություն: Բեմից հորդում են բոլոր զգացողությունները: Մարդիկ ամեն ինչ էլ հասկանում են, պետք է անկեղծ ու անմիջական լինել:
Որակյալ երգարվեստը պակասել է, բայց չեմ ժխտում այն փաստը, որ քիչ չեն նաեւ շնորհալիները: Միգուցե ժամանակի պահանջից ելնելով են շատ հաճախ ոչ որակյալ երգեր կատարում, բայց դա իրենց չի արդարացնում: Իրենք պարզապես պարտավոր են որակ ու ճաշակ ապահովել:
-Ձեր կոլեգաները նմանատիպ պահվածքի զանազան պիտակներ չե՞ն կպցնում:
-Այ դա իրենց գործն է, թե ոնց են ընկալում: Ես չեմ կարող փոխվել: Այդպիսին եմ եւ շարունակելու եմ այդպիսին էլ մնալ: Ինձ համար առաջին տեղում իմ անկեղծությունն է: Կարեւորը՝ երգում եմ այնպես, որ երկրպագուներս գնահատում են ըստ արժանվույն: Բազմիցս ապացուցվել է, որ իմ այս պահվածքը ճիշտ է ընկալվում իմ գլխավոր քննադատների՝ երկրպագուներիս կողմից: Այ, դա է ինձ համար առաջնային ու կարեւորը, ոչ թե կեղծավոր մարդկանց արձագանքներն ու մեկնաբանությունները:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀԻՆ ԵՐԳԸ` ՆՈՐՈՎԻ
Երկարատեւ դադարից հետո երգչուհի Աննա Խաչատրյանը պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել հանդիսատեսին: Երգչուհին ձայնագրել է Անի Ամիրյանի՝ տարիներ առաջ կատարած «Նորից» երգը, որի հեղինակը Տաթեւ Ստեփանյանն է: Հին երգը նորովի գործիքավորել է Նիկ Էգիբյանը: Ռիթմիկ երգի տեսահոլովակը նկարահանվել է երեւանյան ակումբներից մեկում, ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է:
ԵՐԳՉԻ ՔԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Սեպտեմրի 17-ին կայացավ հայտնի դհոլահար Էֆոյի ու Բժշկական համալսարանի ուսանողուհի, ապագա ատամնաբույժ Քրիստինայի ամուսնական արարողությունը՝ երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ: Երեք տարի առաջ նշանված Էֆոն ու Քրիստինան միմյանց հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու երդում են տվել էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Հարսանյաց խնջույքը կայացել է երեւանյան ռեստորաններից մեկում:
Դհոլահարի հարսանյաց հանդեսին ներկա լինելու համար Հայաստան են ժամանել մի շարք հայտնիներ. զույգը հյուրեր ուներ Մոսկվայից, ԱՄՆ-ից ու Սիդնեյից: Հայտնի հյուրերի ցանկում են եղել Հարութ Փամբուկչյանը, Լեւոն Մալխասյանը, Արա Գեւորգյանը, Ռազմիկ Ամյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը եւ այլք:
Նշենք, որ նորափեսան հենց երեկ է վերադարձել Սիդնեյից, որտեղ սեպտեմբերի 6-ին եւ 12-ին մասնակցել է երգիչ Արման Հովհաննիսյանի մենահամերգներին:
ՏՈՒԳԱՆՈՒՄ ԵՆ
Մայլի Սայրուսը նորից սկանդալի կենտրոնում է: 21-ամյա երգչուհին Մեքսիկայում համերգի ժամանակ կատարել է սեքսուալ պար՝ թվերկինգ, երկրի դրոշով: Մեքսիկացի իրավապահները ցանկանում են տուգանել երգչուհուն, նա մեղադրվում է ազգային դրոշն օգտագործելու մասին օրենքը խախտելու մեջ:
Համաձայն մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ երգչուհին եւ իր թիմը կարող են տուգանվել մինչեւ 1200 դոլար կամ էլ ձերբակալվել 36 ժամով: Դրոշի հետ կապված այս միջադեպը կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ երգչուհու նախկին նշանածին՝ դերասան Լիամ Հեմսվորտին, վերջերս տեսել են մեքսիկացի դերասան Էյսոյ Գոնսալեսի հետ: