Նազարբաևը կանխազգաց մոտալուտ վտանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության նախաձեռնող երկրների ավտորիտար ղեկավարներից ամենահմուտն ու փորձառուն, անկասկած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է, ով թագավորում է դեռ խորհրդային տարիներից: Ճիշտ ժամանակին գիտակցելով, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ պուտինյան Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն իր երկրի՝ հիմնականում ռուսաբնակ հյուսիսի համար, նա հստակ եւ աներկիմաստ հայտարարեց, որ իր ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության դեպքում՝ Ղազախստանն անհապաղ կպատասխանի Եվրասիական տնտեսական միությունում իր անդամակցության դադարեցմամբ:

Ակամա մտածում ես, եթե մինչ օրս անհաղթահարելի ավտորիտարիզմը ինչ-ինչ մեղքերի համար մեզ բաժին հասած պատիժ է, ապա ավելի լավ չէ՞ր լինի այս կիսագրագետ, անդաստիարակ, քարանձավային հոգեբանությամբ առաջնորդվող, վախկոտ, ամբողջապես վարկաբեկված ջեպկիրների, ստախոսների եւ անպատիժ մարդասպանների փոխարեն, երկիրը ղեկավարեր Նազարբաեւի տեսակի, ազգային արժանապատվությունն ու նամուսը հարգող մի խելքը գլխին բռնապետ:
Սակայն մի կողմ թողնենք ոչ այնքան զվարճալի քմծիծաղն ու փորձենք դիտարկել ընթացող ներքին եւ արտաքին իրադարձությունների զարգացման առանձնահատկությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից: Որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց մենք ոչ միայն ոչինչ չենք շահում, այլ ընդհակառակը, շոշափելի կորուստներ ենք ունենալու, թեկուզեւ զուտ ֆինանսատնտեսական առումով, արդեն պարզից էլ պարզ է բոլորի համար: Այդ հեռանկարի անխուսափելիությունը քողարկված ձեւակերպումներով չեն բացառում նաեւ ողջամտությունը դեռ վերջնականապես չկորցրած իշխանության առանձին ներկայացուցիչները:

Բայց դա դեռ ոչինչ, որովհետեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում մեր անկուշտ թալանչիներն առանց այդ էլ քարը քարի վրա չեն թողել, եւ այստեղ հասարակության մասնակցությունը, կարելի է ասել, զրոյական է: Շարունակվող թալանը փաստացի տեղի է ունենում օրեցօր նսեմացող միջնադարյան մակարդակի առուծախի եւ բնության խղճուկ մնացորդների ցինիկ բռնբարության տեսքով, իսկ տնտեսությունը որպես այդպիսին՝ գոյություն չունի, քանի որ այն մասն էլ, որ դեռ շարունակում էր արտաբերել հազիվ երեւացող կյանքի նշաններ, պատկանում է ոչ թե մեզ, այլ՝ Ռուսաստանին:

Գիտակցելով այդքանը, ստիպված ենք արձանագրել ամենավտանգավոր եւ անցանկալի հեռանկարը. Հայաստանը վերանում է աշխարհագրական քարտեզից, որպես իրական գործոն: Ազգի համար բախտորոշ հիմնախնդիրների հանգուցալուծման գործընթացներում մեր՝ առանց այն էլ վատ նշմարվող ազդեցությունն ի սպառ վերանում է, եւ մեզ արդեն իրավամբ կարելի է անվանել իր պետականությունն ու երկիր օջախը չունեցող քոչվոր ժողովուրդ: Ահա թե ինչպիսի փակուղի են մեր կամքին հակառակ՝ երկիրը քարշ տալիս հանցավոր իշխանազանցները: Նման ողբալի ապագայից խուսափելու ուղին միակն է. Համաժողովրդական հզոր ալիքով անվերադարձ տապալել դավաճան «գյորմամիշների» իշխանությունը եւ վճռականորեն տեր կանգնել մեր լեռնաշխարհին եւ մեր զավակների ու թոռների ճակատագրին: Եվ այդ ուղին էլ ամենեւին պարտադիր չէ, որ անենք կեղծ ներքաղաքական պայքարի՝ արհեստականորեն խճճված սարդոստայնում: Համարժեք օրինակները միայն հետխորհրդային տարածքում լիովին բավարար են. Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա….

Օր առաջ իրականացնելով միացյալ ազատագրական ճակատի ձեւավորմամբ գերհասունացած գաղափարը, եւ համախմբելով այնտեղ ազնիվ, լայն աշխարհայացք ունեցող, կիրթ եւ պարկեշտ հասարակական կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստների, ոչ միայն սեփական սոցիալական անապահովությամբ մտահոգ ազատամարտիկներին եւ բազում այլ անկեղծ եւ անշահախնդիր հայրենասերների, հնարավոր է թվարկված երկրների կողքին գրանցել նաեւ անկախ ժողովրդավարական, հպարտ ու ինքնիշխան Հայաստան: Հավատացեք, որ շատ կարճ ժամանակ անց միայն անեկդոտներում կհիշատակվեն ռոբիկ-սերժիկների, դոդ-մկների, թոխմախ-պալաչների, շմայս-լիսկաների եւ մեր նորագույն պատմության խայտառակ էջերը ողողած այլ թափթփուկների տհաճ կերպարները:
Արկադի Վարդանյան
Վանաձոր փակ բանտային ռեժիմի քրեակատարողական հիմնարկի քաղբանտարկյալ




Լրահոս