ԱԶԳԱՅԻՆ ԴԱԿԻՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ Վարդան Օսկանյանն ասաց, թե ժողովուրդը պետք է գիտակցի, որ մայիսի 6-ին ոչ միայն նոր խորհրդարանի, այլեւ, ըստ էության, նոր կառավարության ընտրություն է կատարելու,  մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ «ծանր տարան»  այդ  զուգահեռը: Հայկական իրողություններին անծանոթ մարդուն կարող էր թվալ, թե  ԱԺ պատգամավորների  արձագանքը բնական է, քանի որ  երկրի օրենսդիր մարմինն իր օրենսդրական, վերահսկողական եւ ներկայացուցչական գործառույթների իրացման ընթացքում պետք է ըստ էության մրցակցային հարաբերությունների մեջ լինի  գործադիր մարմնի` կառավարության հետ: Սակայն այդպես է նորմալ, կայացած երկրներում, իսկ մեզ մոտ Ազգային Ժողովն ընդամենը կառավարության ներկայացրած օրենսդրության դակիչն է: Ասվածը թվային արտահայտությամբ երեկ ներկայացրեց parliamentmonitoring.am կայքը` 2007-2012թթ. ԱԺ օրենսդրական հնգամյա աշխատանքի մասին իր զեկույցում, որտեղ նշված է, որ անցած գումարման ԱԺ-ն ընդունել է 1412 օրենք, որոնցից ԱԺ պատգամավորները հեղինակել են ընդամենը 200-ը, իսկ մնացած 1212-ը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Ասել է թե` ԱԺ-ն 5 տարվա մեջ ընդունված օրենքների ընդամենը 15 տոկոսի հեղինակն է, իսկ մնացած 80 տոկոսը կառավարությունն անցկացրել է` ելնելով իրեն անհրաժեշտ իրավիճակային  գործոններից: Այսպես. անցած 5 տարիների ընթացքում ԱԺ-ն կառավարության թելադրանքով  126 անգամ փոփոխել է հարկային օրենսդրությունը: Բնականաբար, դա բացատրվում է ոլորտում բարեփոխումների աստիճանական իրականացման անհրաժեշտությամբ, մինչդեռ  օրենսդրության բազմակի փոփոխություններն իրականացվել են նաեւ այնպիսի դեպքերում, երբ բարեփոխումների մասին խոսք անգամ չի կարող լինել: Դրա լավագույն օրինակն է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը, որը իշխանությունները երեք անգամ փոփոխեցին` ելնելով առկա քաղաքական իրավիճակի լարվածության աստիճանից: Նույն սկզբունքով էլ ԱԺ-ն իր վերջին քվեարկությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը` թույլատրելով զինված ուժերի մասնակցությունը ներքաղաքական իրողություններում: Ասել է թե` մեր երկրում խորհրդարանը ընդամենը կառավարության կցորդն է: ԱԺ ներկայիս դերի լավագույն գնահատականն, ի դեպ, տվեց  ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` խորհրդարանը «տրյապկայի» վերածելու մասին իր դիտարկմամբ:
Ամփոփելով՝  նշենք, որ իզուր են տարբեր միջազգային կազմակերպություններ ու եվրոպական քաղաքական կառույցներ ջանում ՀՀ-ում արմատավորել ժողովրդավարության ու օրենքի գերակայության եվրոպական ստանդարտները` ուշիուշով հետեւելով մեր իշխանությունների գործունեությանը: Անօգուտ զբաղմունք է, քանի որ մեր իշխանությունները կարողանում են  թալանել երկիրը, ոտնահարել մարդկանց իրավունքները, սահմանափակել խոսքի ազատությունը` եւ այդ ամենը բացառապես օրենքի շրջանակներում: Դրա համար նրանք պարզապես  ԱԺ-ում կանխավ դակել են տալիս այդ ամենը շղարշող հերթական օրենքը:




Լրահոս