Նորակառույցը լի է թերություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ ջուր չունեն: Բանն այն է, որ նախորդ տարվա սաստիկ ցուրտ ձմռան պատճառով այս շենքի ջրի խողովակները սառցակալել են ու պայթել: Այս դեպքից անցել է 9 ամիս, սակայն, վթարը չի վերացվել, ինչի արդյունքում բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ:

Հիշեցնենք, որ նորակառույց այս շենքում նախորդ տարի մայիսին իրենց բնակարանամուտը տոնեցին Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի եւ Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետեւանքով վթարային դարձած 10 տների բնակիչները:

Շենքի բնակիչներից Սենիկ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին խնդիրը ներկայացնելով նշեց, որ նույն բնակարանի զուգարանում ջուր կա, բայց խոհանցում` ոչ: Անելանելի դրության մեջ ընկած քաղաքացիներն այս խնդրով դիմել են նաեւ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի համապատասխան բաժին, որտեղից տրվել է հերթապահ, սակայն անպտուղ հավաստիացումն առ այն, որ «համապատասխան միջոցներ են ձեռնարկվում խնդիրն արագ կարգավորելու համար»: Բայց մինչ օրս, ինչպես նշվեց, սայլը տեղից չի շարժվում:

«Ես իմ կյանքում երբեւէ ոչնչից չեմ դժգոհել, բայց այսօր հայտնվել եմ այնպիսի իրավիճակում, որ ստիպված եմ բողոքել: Ջուր չի գալիս: Ես էլ բանվոր մարդ եմ, բերել եմ ու գեյզեր տեղադրել, որպեսզի կարողանամ լողանալ: Բայց նախորդ տարվա դեկտեմբերի 20-ի վթարից հետո մինչեւ հիմա բաղնիքը չի գործում: Խողովակները պայթել են: Չենք կարողանում լողանալ: Մեկ տարվա շենք է, բայց բազմաթիվ թերություններ ունի»,- վրդովված ասաց քաղաքացին։

Սենիկ Աբրահամյանի կինը` 63-ամյա Զարիկը, ստիպված իրենց կեղտոտ ափսեները լվանում է բաղնիքում: Նշենք, որ այս պատկերն առկա է նաեւ շենքի մյուս բնակիչների մոտ:

Նախորդ տարի ջրի խողովակների պայթելուց ավելի շատ տուժել է նույն շենքի բնակչուհի` 57-ամյա Կարինեն, ով բնակվում է երկրորդ հարկում: Ձմռանը տեղի ունեցած վթարի պատճառով նրա տան խոհանոցի պատը խոնավացել է եւ քանդվել:
«Իբր պետք է համապատասխան մասնագետները գան, բայց անցել է իննը ամիս, դեռ չկան: Այս տունը ստացել ենք, որ վայելենք, բայց չի ստացվում: Բացի այդ, կոյուղաջրերն էլ են թափվում իմ գլխին: Ես ինքս բազմիցս դիմել եմ ե՛ւ Երեւանի քաղաքապետարան, ե՛ւ մեր Աջափնյակի թաղապետարան, բայց ոչինչ չի ձեռնարկվում: Միայն ասում են` սպասի: Իսկ թե ինչքան սպասեմ, հայտնի չէ»,- զայրույթը չթաքցրեց տիկին Կարինեն:
Համատիրության նախագահ Հրայր Դալիբալթյանն իր հերթին թվարկեց այն խնդիրները, որոնք այս պահին առանց բնակիչների թույլտվության հնարավոր չէ լուծել:

Բանն այն է, որ այս շենքի շինարարը բնակարանի ջրի խողովակները թաքցրել է պատերի տակ, իսկ նման բան պրակտիկայում չի թույլատրվում, որովհետեւ այս պարագայում տաք եւ սառը հոսանքների խառնվելու դեպքում հնարավոր են խողովակները պայթեն: Այդ պատճառով խնդիրը կարգավորելու համար ստիպված պետք է քանդեն բնակարանի խոհանոցի այն պատը, որտեղ խողովակներն են ու այն նորոգեն. «Ես որ բնակչին խնդրեմ տունն ազատել, որ կարողանամ նման ձեւով այս խնդիրը լուծել: Բայց այս խնդիրը լուծելու համար աշխատանքներ են տարվում:

Առաջիկայում քաղաքապետարանից եւ թաղապետարանից մասնագետները կգան եւ կհասկանանք, թե ինչ պետք է ձեռնարկենք»,- նշեց վթարին հետեւած ինն ամիսներին որեւէ բան չձեռնարկած համատիրության ղեկավարը:

Այս ամենից հետո` մեկ հարց է ծագում. ինչո՞վ են զբաղված ոլորտի պատասխանատուները` Երեւանի քաղաքապետարանն ու Աջափնյակ վարչական շրջանը: Այն եզակի դեպքերում, երբ նրանք մատչելի գներով բնակարանաշինություն են անում, պարզվում է՝ դրանք լի են լինում բազմաթիվ թերություններով, որոնք հետագայում բնակիչների համար իսկական պատուհաս են դառնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս