Արվեստագետ, երգահան Արտավազդ Բայաթյանի գնահատմամբ` մեր երկրում կա արդարության դեֆիցիտ, եւ դժվար թե մայիսի 7-ին արթնանանք օրինավոր երկրում:
-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ այս անգամ կուսակցությունների ցուցակներում մեծ թվով մտավորականներ ու արվեստի գործիչներ են ընդգրկվել: Ի՞նչ եք կարծում, դրանից խորհրդարանի աշխատանքը կշահի՞:
-Քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված, ոլորտում մասնագիտացված մարդիկ: Երբ ճիշտ ընտրություն է կատարվում, տվյալ պատգամավորը կարողանում է նաեւ բարձրաձայնել հասարակության լայն շերտերի խնդիրները: Օրենք մշակելը հանաք-մասխարա բան չէ: Երբ արվեստագետը կամ մտավորականը մտնում է խորհրդարան, նա կտրուկ փոխում է իր ոլորտը, որը շատ բարդ է ու պատասխանատու: Ամբիցիոզ, սիրողական պոռթկումներով ձեւավորված խորհրդարանը մեզ ավելի կթուլացնի, արդյունքում կտուժի հայ մարդը: Խոսելով մտավորականության մասին` չեմ կարող չհիշել մեծն Թումանյանին, ով դար առաջ որակել է մեր մտավորականությանը` ասելով. «Այսքան անխիղճ, այսքան ծախված, անարդար ու պառակտված մտավորականություն ունի միայն հայ ժողովուրդը»: Եւ այսօր մենք դրա վկան ենք: Իրենց լավ լինի, ժողովուրդը յոլա կգնա:
-Օրեր առաջ Մաշտոցի պուրակում կարծես մտավորականության համախմբվածության դրսեւորման ականատեսը եղանք, երբ նրանք քաղաքական անհանդուրժողականության կոչով հանդես եկան: Ի՞նչ վերաբերմունք ունեք այդ նախաձեռնության նկատմամբ:
-Վերջապես: Ես ողջունում եմ այդ նախաձեռնությունը եւ անձամբ սատարում եմ Մաշտոցի պուրակի բնապահպաններին: Նրանց պահանջն արդարացված է ու խոսում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առկայության մասին, ինչը միայն ողջունելի է:
-Ինչպե՞ս է ձեւավորվում Ձեր համակրանքը կամ հակակրանքը կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ, միայն նրանց նախընտրական ծրագրերից ելնելո՞վ: Մշակութի զարգացմանն ուղղված նրանց խոստումները կարո՞ղ են որոշիչ լինել ընտրություն կատարելիս:
-Բոլոր քաղաքական ուժերն էլ ընդգրկում են մշակութային ծրագրեր` ի հավելումն ամեն ինչի: Սակայն Հայաստանի անվտանգ զարգացման համար ոչ պակաս կարեւոր է ինտելեկտուալ հարստությունը: Խորհուրդ տալն էժանագին բան է, բայց մեր քաղաքական ուժերին, որոնք իբր Հայաստանի ապագայով են մտահոգված, կասեմ` ձեր ծրագրերում ներառե՛ք ազգապահպանության, լեզվի, մշակութային զարգացման, քաղաքացիական հասարակության ձեւավորման առավել շոշափելի ծրագրեր: Բյուջեի մնացորդներով մշակույթ զարգացնելը զավեշտալի բան է:
-Այս անգամ ավելացել է նաեւ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված կանանց թիվը: Ինչպե՞ս եք վերաբերվում հայ կանանց առավել ակտիվ ներգրավմանը քաղաքական կյանքում:
-Հեթանոսական մտածողություն եմ համարում, երբ կնոջն ու տղամարդուն տարանջատում են: Եթե տղամարդն ուղեղ է, ապա կինն էլ սիրտ է: Եթե տղամարդը ժայռ է, ապա կինն էլ ջուր է, որը, գիտեք, քարն էլ է ճեղքում: Կինը նպատակասլաց է, հավասարակշիռ, ու նրա մասնակցությունը այս հասարակությանը բալանսի է բերում: Վստահ եմ, որ երկրի համար օրհասական պահին կինն է ազգը փրկելու: Ուստի կոչ եմ անում կանանց ավելի ակտիվ, միասնական ու նախաձեռնող լինել:
-Տեսակետ կա, թե մեր հասարակությունը չափազանց քաղաքականացված է, սակայն մենք տեսնում ենք, որ իրականում` խորքային առումով, դա այդպես չէ, քանի որ, ի վերջո, ընտրության գնում ենք խնամի-բարեկամ-ծանոթ սկզբունքով: Ի՞նչ ելք եք տեսնում ընտրություններն իմաստավորելու ճանապարհին:
-Դա ցույց է տալիս մեր գիտակցության ցածր աստիճանը եւ խակ լինելը պետության կառուցման գործում: Դա ցույց է տալիս մեր թայֆայական մտածողությունը, որով արտահայտում ենք մեր անտարբերությունը մեր իսկ երկրի նկատմամբ: Եւ գիտե՞ք` ինչու, որովհետեւ գիտենք` բարեկամին ընտրելով` մենք վստահ ենք, որ նրա հովանավորչությամբ օրենքին չենք ենթարկվելու: Մեր երկրում կա ազնվության, արդարության դեֆիցիտ, եւ հուսալ, որ մայիսի 7-ին կարթնանանք օրինավոր երկրում, կասկածում եմ: Օրենքը պիտի գործի, իսկ մենք դրա կիրարկման խնդիր ունենք:
ԲՅՈՒՋԵԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐՈՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՉԵՆ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ