Մի քանի ամիս է՝ Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները չեն գործում, պատճառը վերանորոգումն է: Շատ շուտով՝ հոկտեմբերի 5-ին՝ Գյումրի քաղաքի տոնին ընդառաջ, նոր շատրվանները «կերգեն ու կպարեն»: Շատրվանների վերանորոգման համար Գյումրու ավագանու որոշմամբ քաղաքի բյուջեից 40մլն դրամ է հատկացվել, սակայն աշխատանքներն իրականացնողի խոսքերով դա բավարար գումար չէ նման մեծածավալ աշխատանքների համար:
Շատրվանների պոմպերը՝ 34 հատ, բերվել են Ռուսաստանից, իսկ շարժիչների ղեկավարման սարքերը արտասահմանից: Ի դեպ, շատրվանների նախագծի հեղինակը Գյումրու քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է՝ Մխիթար Նալչաջյանը: Նրա խոսքով` ինքն այդ բոլոր աշխատանքներն անում է անշահախնդիր:
Քաղաքապետարանի հատկացրած գումարի 80 տոկոսն արդեն ծախսվել է, միչդեռ աշխատանքերի ավարտին դեռ շատ կա: Մ. Նալչաջյանը թեթեւացրել է քաղաքապետի հոգսը: Անհրաժեշտ մասեր կան, որոնք արժեն 3000-4000 եվրո: Եվ ահա` քաղաքապետի ընկերն օգտագործելով իր գիտելիքների կարողությունը բոլորովին անվճար ստացել է այդ մասերը՝ տնտեսելով բավականին մեծ գումար:
Նշենք, որ Գյումրին «երգող ու պարող» շատրվան առաջին անգամ չէ, որ ունենալու է: 30 տարի առաջ էլ նմանատիպ շատրվաններ եղել են քաղաքում, որոնց հեղինակը կրկին Մ.Նալչաջյանն է եղել:
Նախագծի հեղինակն այնուամենայնիվ շատրվանների հետ կապված մի քանի խնդիր է առանձնացնում: Գյումրիում քամու առկայությունը մշտական է, եւ սա խանգարում է մաքուր ջուր ստանալուն: Նոր շատրվանները պետք է բարձր լինեն, որպեսզի լուսային եւ լազերային էֆեկտներով ջրային խաղ կարողանան ստանալ, սակայն շատրվանների լայնքը քիչ է, որը նույնպես խնդիր է: Չնայած այդ խոչընդոտներին` հեղինակը վստահեցնում է, որ շատրվանները որակյալ են լինելու:
Ավելացնենք, որ Վարդանանց հրապարակին կից՝ Խաչքարերի պուրակում , կա եւս մեկ շատրվան՝ քարուքանդ վիճակում: Այն արդեն 2 տարի է չի շահագործվում: Համայնքն այս շատրվանների վերանորոգման համար բյուջե չունի:
Արեւիկ Հակոբյան