ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներն այսօր դիմելու են ՀՀ Սահմանադրական դատարան` պահանջելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք արգելափակում են ընտրողների ցուցակի հրապարակումը: Նման որոշում է կայացվել ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի երեկվա նիստում: Կեսօրից հետո ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն արդեն իսկ նախաձեռնել էին համապատասխան ստորագրահավաք. նշենք, որ ՍԴ դիմելու համար պահանջվում է ԱԺ պատգամավորների 1/5-ի, այսինքն՝ 27 հոգու ստորագրություն: ԱԺ-ում ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների թիվը պահանջվող նվազագույնից շատ է՝ ԲՀԿ խմբակցությունն ունի 26, ՀՅԴ-ն՝ 16 պատգամավոր, բացի այդ, ԲՀԿ կուսակցության անդամ են 4 անկախ պատգամավորներ:
Երեկ` երեկոյան, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ հավաքված ստորագրությունների թիվն անցել է պահանջվող նվազագույնի շեմը: Սակայն, ըստ նրա, իրենք շարունակելու են ստորագրահավաքը, որպեսզի հնարավորություն տրվի «Ժառանգությանը» եւս միանալ դրան: Ըստ Հովհաննիսյանի՝ քանի որ «Ժառանգություն»-ը ետ չի վերցրել իր ստորագրությունը միասնական շտաբի կազմավորման հռչակագրից, իրենք ԱԺ այդ խմբակցությանը հնարավորություն են տալիս հետեւելու իր ստորագրությանը: Իսկ կստորագրի արդյոք «Ժառանգություն»-ը, թե ոչ` անգամ այդ խմբակցության պատգամավորները չգիտեին. նրանք դեռ չեն քննարկել այդ հարցը, բայց եւ չեն բացառել իրենց միանալը ՍԴ դիմելու նախաձեռնությանը:
Սա, թերեւս, այն դեպքն է, երբ իշխող ՀՀԿ-ն չի կարողանա տորպեդահարել ընտրակեղծիքների դեմ պայքարող քաղաքական ուժերի նախաձեռնությունը, ու եթե ԱԺ պատգամավորների վրա նրանք ճնշումներ չգործադրեն, ապա 27 հոգու ստորագրությունը հավաքելը որեւէ խնդիր իրենից չի ներկայացնի, առավել եւս, որ ԱԺ երեք կուսակցությունների պատգամավորների թիվը պահանջվող նվազագույնից շատ ավելին է: Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի 110.1 հոդվածի՝ ԱԺ աշխատակազմից ստացված ձեւաթուղթը ստորագրելուց հետո պատգամավորներն այն պետք է ներկայացնեն ԱԺ նախագահին: Վերջինս էլ պարտավոր է 24 ժամվա ընթացքում պատգամավորների դիմումը նշված ձեւաթղթի հետ ուղարկել Սահմանադրական դատարան: Ընդ որում, որքան էլ այս նախաձեռնությունը Նիկոյանի սրտով չլինի, միեւնույն է, ԱԺ կանոնակարգն այս հարցում իմպերատիվ է՝ պահանջելով իրականացնել այդ դրույթը:
Մինչ այդ, ընտրացուցակների հարցը լայնորեն քննարկվում էր ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի երեկվա նիստում: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նշեց, թե իր տպավորությամբ ինչ-որ մեկն ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել: «Իմ ձեռքի տակ ցուցակների խախտումների մի քանի հարյուր նմուշ է, բայց նման խախտումները հազարավոր են: Խախտումներն ընտրացուցակում տասնյակ հազարներ են, հարյուր հազարից ավելի են: Մի տառի փոփոխմամբ նույն անունը մի քանի անգամ կա ընտրողների ցուցակներում: Սա միտում է. ինչ-որ մեկը ինչ-որ մեկից սա իրականացնելու հանձնարարական է ստացել»,-ասաց Օսկանյանը՝ մատնանշելով, օրինակ, որ ընտրացուցակներում Պողոսյան Արմեն Վահագնի եւ Պողոսյան Արմեն Վահագնի անուն-ազգանունով մարդիկ կան, որոնց ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը համընկնում են: Ավելին, պարզվում է` կա նաեւ Գրիգորյան Հրաչիկ Օլյայի հայրանունով մարդ: «Այլընտրանք չկա մեր առաջ: Անճշտություններն այնքան մեծ են, որ ընտրացուցակներն ամբողջությամբ պետք է վերանայվեն: Ո՛չ իշխանություններն են ուզում դա անել, ո՛չ էլ ժամանակ կա»,-ասաց Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանությունների կամքի բացակայության դեպքում միակ տարբերակը մնում է այն, որ քաղաքական ուժերը ստանան ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչից հետո կկարողանան ստուգել, թե արդյոք իսկապես գոյություն ունեն քվեարկողները: «Եթե դա չի արվում՝ ելնելով ցուցակի անճշտություններից, կարելի է արդեն հիմիկվանից ասել, որ ընտրություններն իսկապես հավաստի չեն կարող լինել»,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս ահազանգեց ընտրացուցակներում առկա կեղծիքների մասին: «Ռեժիմը պատրաստվում է լայնամասշտաբ կեղծարարությունների, եւ դրա դեմ պայքարի միակ ձեւն այն է, որ ՀՀ քաղաքացիները հանրային վերահսկողություն կատարեն ցուցակների վրա,-ասաց պարոն Զուրաբյանը՝ հավելելով,-Հայաստանում գոյություն ունի մի պետական գաղտնիք, որն ավելի ամուր է պահվում, քան, ասենք, մեր սպառազինությունների մասին տեղեկությունները: Չկա որեւէ ատյան, որը կարողանա պարզել կամ ստուգել այդ տեղեկությունները: Սա զավեշտ է, որը նշանակում է, որ իրականում Հայաստանում անհնար է պարզել որեւէ իշխանության լեգիտիմությունը: Սրանով խախտվում է Սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ իշխանությունները ձեւավորվում են ժողովրդի կողմից»:
ԳՆՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ