ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-Ն ԿՆԿԱՐԻ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է տեսանկարահանել խորհրդարանական ընտրությունների ողջ ընթացքը հանրապետության բոլոր 1982 ընտրատարածքներում: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին ասել է, որ իրենք վաղուց էին հայտնել բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մտադրության մասին: «Այսօր այդ հնարավորություններն ունենք, եւ տեսախցիկները կլինեն ընտրությունների վերահսկման կարեւոր լծակներից մեկը»,-նշել է Գալստյանը:

ՎԱՏԱՌՈՂՋ Է
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ապրիլի 27-ին շարունակել քարոզարշավը: ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանի հաղորդմամբ`  Տեր-Պետրոսյանը ճնշման տատանում է ունեցել եւ բժիշկների խորհրդով վերադարձել է Երեւան: Առաջին նախագահի առողջական վիճակը վատացել էր  նախօրեին Կապանում, որտեղ կայացած հանրահավաքից հետո ՀԱԿ-ը քարոզարշավը շարունակելու էր Մեղրիում:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿՀԱՋՈՂՎԻ՞
7or.am-ի տեղեկացմամբ` այսօր Ծաղկաձորի «Մուլտի Հաուս»  հյուրանոցում սկսվելիք «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախաձեռնած միջազգային համաժողովին ուղերձ է հղելու ՌԴ ընտրված նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հիշեցնենք, որ  Պուտինի ուղերձը ստանալու` Ծառուկյանի մինչ այդ գործադրած ջանքերն անցան ապարդյուն եւ ԲՀԿ համագումարում ՌԴ վարչապետի ուղերձն այդպես էլ չհնչեց:

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ
«Գելափ»-ի իրականացրած վերջին հարցումների համաձայն` Հայաստանում առավել հեղինակավոր կուսակցությունը ՀՀԿ-ն է` ձայների 56%-ով, այնուհետ ԲՀԿ-ն` 50%, ՀՅԴ-ն` 7%, ՕԵԿ-ը` 7%, «Ժառանգություն»-ը` 5%, ՀԱԿ-ը` 4%, ՀԿԿ-ն` 1%, ՀԴԿ-ն` 1%: «Միավորված հայեր» կուսակցությանը հեղինակավոր է համարում հարցման մասնակիցների 0.1%-ը: Կուսակցություններից եւ ոչ մեկին հեղինակավոր չի համարում հարցման մասնակիցների 11%-ը, դժվարացել է պատասխանել 5%-ը:

Excel ՉԳԻՏԵԻՆ
«Ժառանգության» անդամ  Ստյոպա Սաֆարյանը երեկ կրկին պարզաբանել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության»-ը հատկացված տեղերում հանրապետականներ նշանակելու տեխնիկական վրիպակի մանրամասները: «Դա եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պատրաստված բարդ ֆայլի պատճառով: Երբ ԿԸՀ-ն խնդրեց ներկայացնել մեր հանձնաժողովի անդամների անունները, պարզվեց` այնտեղ, որտեղ պետք է ներկայացվեն անունները, դա սովորական Excel-ի եւ Word-ի ֆայլ չէր»: Սաֆարյանի խոսքերով` տվյալները  մուտքագրելով` իրենց թվացել է, թե արդեն պահպանվել է, սակայն հետագայում հասկացել են, որ  այդպես չէ: Տարօրինակ է, «Ժառանգություն»-ում մի խելքը գլխին «շոֆեր»` համակարգչային մասնագետ չկար՞:

ԿԱՇԱՌՔ
Հայաստանում կայանալիք ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը  հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը, որում  նշվում է, որ ապրիլի 8-ին մեկնարկած քարոզարշավը շատ ակտիվ է անցնում: «Մասնակիցները, որպես կանոն, ի վիճակի են քարոզարշավ վարել, նրանք ապահովված են իրենց պաստառների համար անվճար տեղերով: Սակայն եղել են քարոզարշավը խոչընդոտելու փորձեր, այդ թվում` երկու ծեծկռտուք Երեւանում»,-ասված  է զեկույցում: Դիտորդական առաքելությունը նաեւ արձանագրել է դպրոցներում իրականացվող ապօրինի քարոզարշավի դեպքերը: Բացի այդ, զեկույցում նշված է, որ «ԲՀԿ առաջնորդին պատկանող ընկերությունը տրակտորներ է բաժանել դե ֆակտո քարոզչության շրջանակներում»:




Լրահոս