Ա. Մուրադյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին։

«Մեր համագործակցությունը բավական արդյունավետ էր։ Ես այն համարում եմ օրինակելի և վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ ծրագրեր կիրականացվեն»,-ասաց դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Թիան Չանչունը։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին Հայաստանի առողջապահական խնդիրների հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար։ Նշեց, որ Չինաստանի կառավարության տրամադրած շտապօգնության 88 մեքենաների գործարկումից հետո ծառայությունը նկատելիորեն բարելավվել է, ինչի արդյունքում կանչերն ավելացել են։ Նախարարը դեսպանին ներկայացրեց առողջապահական համակարգում վերջին շրջանում արձանագրված բարեփոխումները և հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի։
«Մեր երիտասարդությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն չինական ժողովրդական բժշկության, այլև ձեր երկրում զարգացող ապացուցողական բժշկության հանդեպ»,-ասաց Արմեն Մուրադյանը` վկայակոչելով մասնագետների և ուսանողների փոխադարձ այցերը։

Հանդիպման ավարտին նախարարը Թիան Չանչունին հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքներում:

Երկուստեք հաստատեցին, որ երկու բարեկամ պետության միջև բոլոր ուղղություններով հետագա համագործակցության համար ամուր հիմքեր են ստեղծված։




Լրահոս