Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի շատ է խոսվում այն մասին, որ տարբեր կուսակցությունների ու թեկնածուների կողմից գումարների բաժանման գործընթացը մեկնարկել է:
Երեկ ահազանգ ստացանք, որ Գյումրու թիվ 9 նախակրթարանում եւ Անի թաղամասում գտնվող «Պրեստիժ» վաճառատան մոտակայքում գտնվող հինգհարկանի բազմաբնակարան շենքերից մեկում բաժանում են 10.000-ական դրամ: Երբ լրագրողները մեկնեցին նշված հասցեներով, հաջողվեց պարզել, որ կաշառք բաժանողների ձեռքի տակ կոնկրետ ցուցակներ կան: Նախապես գրվել են պոտենցիալ կաշառք վերցնողների անունները, անձնագրային տվյալները, եւ միայն դրա դիմաց է քաղաքացիներին տրվում խոստացված գումարը: Նշված հասցեներում, իհարկե, չներկայացանք որպես լրագրող, այլ նշեցինք, որ տվյալ ընտրատարածքից ենք եւ գնացել ենք խոստացված գումարը ստանալու, սակայն մեզ փոխանցեցին, որ արդեն ուշացել ենք, եւ որ Մարիամ անունով կինը նախ պետք է գրանցի մեր տվյալները:
Ստորեւ ներկայացնում ենք մեր խոսակցությունը (ձայնագրությունն առկա է):
-Մենք փողի համար ենք եկել, որտե՞ղ կբաժնեն: Մեզ ասեցին չորրորդ հարկը` Նարինե՞, թե՞ Մարինե…
-Երեկ է եղել էդ դեպքը, էսօր չէ: Լավ էք էրէ եկել եք, բայց էսօր չէ: Բաժանողները երեւանցի էին, էկան ըստեղ, մեր տունն էին բերել կբաժանեին ու գնացել են…
-Թազա չե՞ն գրանցե, էլ պիտի չգա՞ն: Մենք էլ ենք էս ընտրատարածքից:
-Լավ էս էրել, որ էս ընտրատարածքից էս: Ով որ փարա կուդա, կգրանցե, Մարիամ է անունը էդ աղջկա, Մարիամը ձեզի գրանցե՞լ է:
-Որտե՞ղ կապրի Մարիամը:
-«Պրեստիժ»-ի հետեւի շենքը:
-Բայց նոր ըստեղ չէի՞ն բաժնե:
-Է հա, կսե՞մ բաժնենգը ստեղ` մեր տունը, 10.000 դրամ:
Նույն իրավիճակն էր թիվ 9 նախակրթարանում, որտեղից մեզ հայտնեցին, որ գումար ստանալ չենք կարող, որովհետեւ արդեն ուշացել ենք, եւ զգուշացրին. «Գումարը ստանալու համար նախ պետք է գրանցվել ու նաեւ ծանոթ ունենալ»:
Գյումրի