ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԳՈՒՅԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին բավական անհանգիստ է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածը: Պարբերաբար տեղեկություններ են ստացվում հայկական բնակավայրերի գնդակոծությունների եւ սահմանին կանգնած մեր զինվորների սպանության մասին: Երեկ տեղեկություն ստացվեց, որ հակառակորդի հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է երեք հայ զինվոր: Սոցիալական ցանցերի գրառումներում եւս գերիշխող էր այս թեման:  
Օֆելի Մինասյանն ահազանգում է. «Խելքի եկեք բարբաջախոսներ… Բոլորիդ դարդն էլ ձեր փորի պարունակությունն ա էսօր, ոչ մի ուրիշ բան… Արդյունքում ժողովուրդն ա տուժում… Հիմա էդ պահը չի, որ իրար միս եք ուտում… Սաղդ էլ սուտ եք, երբ թշնամին անիմաստ տեղը մեր հայրենակիցներին ա սպանում…»:
Օգտատեր Զոհրապ Եգանյանն էլ իր հերթին է բացահայտում անում. «Չէ մենք վերջնականապես ԲԹԱՑԵԼ ենք, սահմանի վրա հայ զինվորներ են սպանվում, սաղս էլի քարոզարշավներով ենք, ԱԳ նախարարը Իրանում է, ՊՆ-ից ձեն-ձուն չկա, այնպիսի տպավորություն է` կարծես անտեր ենք»: Իսկ Կոստանդին Տեր-Նակալյանը, անդրադառնալով մեր զոհերին եւ ԱԳՆ-ի արձագանքին, գրում է. «Եթե պետք է մեր արտաքին գործերի նախարարությունն աշխատի սենց, ավելի լավ ա ընդհանրապես չաշխատի ու վերանվանվի Էշի Ականջում Քնած Պորտաբույծ Ձրիակերների նախարարություն»:
Օգտատերերից Արմինե Գրիգորյանին եւս անհանգստացնում է պաշտոնական լռությունը. «Կարողա մի հատ գերատեսչություն ձեն հանի, Սահմանին մեր զինվորներն են սպանվում, մի հատ պատասխան չկա, ընկել եք ձեր աթոռի հետեւից»: Տեղի ունեցածի հետ կապված` իր վրդովմունքն առանձնապես սուր արտահայտող Կարեն Վրթանեսյանը նույն թեմայով շարունակում է. «Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքներում են տղերքը զոհվել` Տեր, ողորմեա: Անկախ այն բանից, թե ով է մեղավորը` պիտի պատժվի: Անկախ այն բանից, թե որ կուսակցությանն եք սատարում` հարգեք հիշատակը»:  Կարենի այս գրառմանն արձագանքել է Ռուբին Անետսյանը` մեջբերելով Գարեգին Նժդեհի` կուսակցությունների մասին արված խոսքը. «Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն – այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը` հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը` ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս