Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը, ով օրերս տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ինքնավնասում է արել:
Armlur.am-ի տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` հայտնելով, որ դատապարտյալը դաստակի հատվածում քերծվածքներ է արել, ինչից անմիջապես հետո նրան ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` դատապարտյալի` այդ քայլին դիմելու պատճառները չեն նշվում:
Armlur.am-ի հետ կապ հաստատած դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը, հայտնեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի աշխատակիցները օրվա հերթապահ-պատասխանատու, Արդարադատության մայոր Սմբատ Հակոբյանի գլխավորությամբ, հարձակվել են իր ամուսնու վրա, ով բուժում է ստանում նշված հիվանդանոցում: Ա. Հակոբյանի կնոջ պնդմամբ՝ մայոր Հակոբյանը Արտակ Հակոբյանին դրդել է ինքնավնասման, ինքնասպանության փորձի:
«Ամուսինս հուսահատված ու ճարահատյալ՝ կտրել է երակները, նրան տրվել է բուժօգնություն, կարել են երակները (մոտ 30 կար): Ես տեղեկացա, որ Արտակն ուղղակի արյունաքամ է եղել: Ներկա պահին նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- հայտնեց դատապարտյալի կինը` վստահեցնելով, որ ամուսնուն ինքնավնասման դրդելը պատվիրված է եղել, և խնդրեց ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մեղադրանք ներկայացվի և կալանավորվի հերթապահ պատասխանատուն՝ մայոր Սմբատ Հակոբյանը:
Իսկ քիչ առաջ դատապարտյալին այցելել են ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները, ովքեր զրուցել են Արտակ Հակոբյանի հետ: Վերջինիս կինը հայտնեց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ ամուսնուն կայցելեն նաև դատախազությունից: