Այս oրերին Շիրակի մարզի 4 ընտրատարածքներում ուսումնասիրություններ են իրականացնում ԵԱՀԿ դիտորդները: Նրանք շրջում են ընտրատարածքներում, զրուցում հանձնաժողովականների հետ: Դիտորդներին հետաքրքրող հարցերի շրջանակը, սակայն, խիստ նեղ է: Նրանք հիմնականում տեխնիկական հարցերի ուսումնասիրությամբ են զբաղված: Ընտրատարածքային հանձնաժողովների նախագահները նրանց բացատրում են քվեարկության կարգն ու քվեաթերթիկներում ընտրություն կատարելու սկզբունքները:
«Մեզ հետաքրքրում է, թե ընտրությունների օրը՝ գործընթացի ավարտից հետո, ով է տնօրինում գույքը եւ ինչպես: Օրինակ` քվեաթերթիկները ո՞ւմ են վստահվում, ինչպե՞ս են քվեաթերթիկները տեղամասերից հասցվում ընտրատարածքներ»,-իրենց հետաքրքրությունների շրջանակը ներկայացնում է ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդ Մարտին Դամարին: Մեկ ուրիշ դիտորդի էլ հետաքրքրում էր, թե ձայների հաշվարկից հետո ինչ ճանապարհով են ընտրությունների արդյունքները հաղորդվում ընտրատարածքներին, եւ ինչպես է կատարվում վերահսկողությունը: Եվրադիտորդներին հուզող հարցերին մանրակրկիտ պատասխանում են հանձնաժողովականները, իսկ նրանք էլ դեմքի լուրջ արտահայտությամբ լսում ու իրենց գոհունակությունն են հայտնում ընտրական գործընթացների վերաբերյալ: Ուշագրավն այն է, որ դիտորդներն ամենեւին էլ հետաքրքրված չեն այլ, առավել կարեւոր հարցերի ուսումնասիրությամբ: Ասենք` ընտրակաշառք-բարեգործությունների, ընտրողների անձնագրային տվյալների հավաքագրման կամ ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդիպումների ժամանակ տեղի ունեցող դատապարտելի երեւույթների: Երբ մենք փորձեցինք վերոհիշյալ թեմաներով զրուցել դիտորդների հետ, պարզել, թե, օրինակ, իրենց երկրներում նման երեւույթներ տեղի են ունենում, թե ոչ, նրանք միանգամից հրաժարվեցին պատասխանել` շեշտելով, որ հարցազրույցներ տալու իրավունք չունեն, հատկապես նման թեմաներով:
Ընտրատարածքներից ստացված տեղեկությունների համաձայն` երկարաժամկետ դիտորդական խմբերը բավականին հաճախ են այցելում իրենց: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Էուարդ Բաղրամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նույն խումբը 5-6 անգամ եղել է իրենց ընտրատարածքում. «Նրանց հետաքրքրել է մեր գործունեությունը, թե ինչով ենք զբաղված, օրակարգում ինչ հարցեր են եղել, ինչ ենք քննարկել: Բավականին ակտիվ են»:
Հավելենք, որ յուրաքանչյուր ընտրատարածքին կցված է դիտորդական մեկ խումբ: Ինչ վերաբերում է կարճաժամկետ դիտորդներին, նրանք, ամենայն հավանականությամբ, ընտրատարածքներ կժամանեն խորհրդարանական ընտրությունների նախորդ օրը:
Գյումրի