«ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ»` ԳԱԶԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ահազանգ էր ստացել Աշտարակի բնակիչ Գեւորգ Մակարյանից, որը դժգոհում էր բնակարանում առկա գազի «կետերի» համար նախատեսված ամենամսյա սպասարկման վճարների գանձումից: Այդ գումարը նախատեսված է ներտնային սպասարկման համար, ինչը, ըստ սպառողի, անիմաստ վճար է, քանի որ սպասարկում` որպես այդպիսին, չի իրականացվում:
Ինչպես հայտնի է, բնակարանում տեղադրված գազի մեկ «կետի» համար սպառողը տարեկան վճարում է 2400 դրամ, երկուսի համար` 5700, իսկ երեքի համար` 6900 դրամ: Սպառողն իր բնակարանում գազի տեղադրված երեք կետերի համար, անկախ այն բանից` այն գործում է, թե ոչ, ընդհանուր հաշվով վճարում է ամսական 570 դրամ: Իսկ ներտնային սպասարկման համար «Էյ-Ի-ՋԻ» սերվիսի փականագործները տարեկան ընդամենը երկու անգամ են այցելում մարդկանց տները եւ ստուգումներ անցկացնում: Այսքանով ավարտվում է նրանց աշխատանքը:
Գեւորգ պապիկը տարվա 5 ամիսը բացակայում է տանից, սակայն այդ բացակայության համար նույնպես վճարում է. «Ես մոտեցա Աշտարակի գազի կանտորա ու ասեցի, որ վառարանը չեմ վառում, կլինի՞ այդ ամսավճարը չմուծեմ: Նրանք էլ թե` եթե չես վճարելու, կգանք, կանջատենք գազը: Բայց, չնայած դրան, ես պիտի վճարեմ էդ կետի համար: Որովհետեւ ասում են, որ կա կետը, ուրեմն պետք է վճարես: Ես եղել եմ գազի աշխատող, գիտեմ, թե ինչ է կատարվում»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ մի քանի ՀՀ քաղաքացիների հետ, որոնց մի մասը եւս դժգոհ է գազի ներտնային սպասարկումից, սակայն կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, գոհ էին: «Ես Կենտրոն թաղամասում եմ բնակվում: Մեզ մոտ ստուգումներն ու կանչերը ժամանակին են իրականացվում»,-մեզ հետ զրույցում ասաց մի քաղաքացի: Իսկ Երեւանի ծայրամասերի եւ մարզերի բնակիչներից շատերը դժգոհեցին` ասելով. «Տարին երկու անգամ ստուգում անցկացնելու փոխարեն երբեմն սահմանված ժամանակից ուշ են գալիս: Լինում է, որ տարին մեկ անգամ են գալիս միայն»:
Խնդրի առնչությամբ զրուցեցինք «Էյ-Ի-ՋԻ» սերվիսի Կենտրոն-էրեբունիի տեղամասի պետ Տիգրան Պողոսյանի հետ: Հարցին, թե ինչ նպատակով են սպառողից գանձվում գազի սպասարկման համար նախատեսված տարեկան վճարները, եթե նորմալ սպասարկում չի իրականացվում, պատասխանեց. «Դա ներտնային սպասարկման եւ գազօջախների տեխնիկական սպասարկման վճարն է: Տարին երկու անգամ մեր աշխատողները գնում են եւ ստուգում գազօջախի սարքին վիճակը: Ստուգում են նաեւ` գազի արտահոսք կա՞, ծխատարն ու օդատարն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Տարին երկու անգամ էլ պարտադիր այցելում են, որովհետեւ երկկողմանի ստորագրություն կա»:
Այս հարցի շուրջ զրուցեցինք նաեւ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ, ով եւս կարեւորեց ներտնային սպասարկում ասվածը: «Եկեք մենք գիտակցենք` գազն այնքան վտանգավոր մի սուբստանցիա է, որ Աստված մի արասցե, եթե պայթեց կամ թունավորեց, ոչ միայն մեզ է վնասելու, այլեւ հարեւաններին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց պարոն Պողոսյանը` ընդգծելով, որ եթե բնակարանում քիչ կամ շատ են տեղադրված գազի համար օգտագործվող «կետերը», միեւնույն է, տարվա ընթացքում երկու անգամ այցելությունը պարտադիր պայման է: Քիչ չէ՞ արդյոք երկու այցելությունը. այս հարցին պարոն Պողոսյանը պատասխանեց. «Իհարկե քիչ է»: Նրա խոսքերով` երկու-երեք տարի առաջ տարածված էր մի արատավոր երեւույթ. «Գալիս էր մի մարդ ու ասում էր` բարեւ ձեզ, այստեղ ստորագրի: Դա երբեմն ձեւական բնույթ էր կրում: Նման երեւույթներ վերջին շրջանում քիչ են կամ գրեթե չկան»:
Ամեն դեպքում, արձանագրենք, որ որքան էլ գազի ներտնային սպասարկումն ընդամենը թուղթ ստորագրելուց վեր է ածվել ձեւական ստուգումների, էլի իրավիճակը մնում է մտահոգիչ: Ձմեռվա ընթացքում միայն արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում արտահոսքի հետեւանքով թունավորվածների կամ մահացածների մասին: Ուրեմն խնդիրը դեռ լուծված չէ, եւ «գազի մարդիկ» պետք է մտածեն, որ բնակիչների հաշվին գումարներ գրպանելուց առաջ պետք է ապահովել մարդու խաղաղ կյանքը սեփական բնակարանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս