Օմբուդսմենը կմիջամտի, եթե պետական մարմինն անգործություն դրսևորի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ հայտնի բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշը զայրացել էր, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում է. վերջիններս գնացել էին Կառավարության շենք՝ բողոքի ակցիային մասնակցելու: Վաղարշի ցասումն այնքան մեծ էր, որ նա այդ պահին չէր մտածում, թե ինչպես է վերականգնվելու նյութական կորուստը:

Հրապարակված տեսանյութը հայտնվել է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում, և օմբուդսմենը նկատում է, որ տեսանյութն ինքնին հաղորդում է հանցագործության մասին:

civilnet.am-ի հետ զրույցում ՄԻՊ սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը հայտնել է, որ ըստ օրենսդրության՝ իրավապահ մարմինները՝ դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմիններ, իրավունք ունեն գործ հարուցել այս առիթով: Տաթևիկ Խաչատրյանի փոխանցմամբ` եթե գործը մասնավոր չլիներ, պաշտպանը սեփական նախաձեռնությամբ կարող էր դիմել իրավասու մարմիններին:

«Եթե պետական մարմինը անգործություն դրսևորի, ու քաղաքացիները դժգոհեն, այդ ժամանակ օմբուդսմենը կարող է միջամտել։ Բայց մենք դեռ լիահույս ենք, որ իրավապահ մարմինները պատշաճ արձագանք կտան այս դեպքին»,-  լրատվականին ասել է Տաթևիկ Խաչատրյանը:

Ի դեպ, նշենք, որ երեկ Armlur.am-ը իրավապահ կառույցներից փորձել էր տեղեկանալ` արդյոք քրեական գործ կհարուցվի Վաղարշ Աբրահամյանի կողմից կատարված գործողությունների փաստով. մեզ տեղեկացրել էին, որ նման հաղորդումներ իրենք չունեն, սակայն տեսանյութին ծանոթ են:




Լրահոս