ՀՀ Զինված ուժերը համալրվել են ռազմական նոր տեխնիկայով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման և զորքերի տեխնիկական ապահովման վիճակին: Նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հայաստանի և Արցախի զինված ուժերի համագործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաև ՊԲ-ի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին և ներկայացնելով օրակարգում ներառված խնդիրները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ծրագրերն էական նշանակություն ունեն զինված ուժերի մարտունակության հետագա բարձրացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով` աշխարհաքաղաքական ներկա լարված իրավիճակում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել անձնակազմի պատրաստության և սպառազինության, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ճիշտ շահագործման հարցերին, քանի որ հակառակորդը ոչ մի առիթ բաց չի թողնում սահմանին լարվածություն ստեղծելու համար:
Նախքան օրակարգում տեղ գտած հարցերի քննարկմանն անցնելը Սեյրան Օհանյանը շնորհավորեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին` հանրապետության նախագահի հրամանագրերով զինվորական հերթական կոչումներ ստանալու կապակցությամբ:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Հանգամանալից ներկայացնելով սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման, զորքերի տեխնիկական ապահովման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները, գեներալ-լեյտենանտը փաստեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձեռքբերման և վերանորոֆման եղանակով ԶՈՒ-երը համալրվել են մարտունակության և անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը միտված սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Նշվեց, որ զգալի աշխատանք է տարվել դրանց հուսալի և անխափան աշխատանքի ապահովման, զինամթերքի ու ռազմատեխնիկական ունեցվածքի պաշարների կուտակման, ինչպես նաև շահագործող անձնակազմի գիտելիքների և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ամենից զատ` կանոնակարգվել ու հստակեցվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի օգտագործման, սպասարկման, նորոգման ու պահպանման պահանջները:
Հարակից զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ՊՆ ՆՏԱԴ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերոբ Աբրահամյանը և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը, ովքեր ներկայացրին սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու համագործակցության խորացման հեռանկարները:

Կոլեգիայի նիստը եզրափակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթով: Ամփոփելով նիստի աշխատանքները, ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերը, հետևություններն ու առաջարկները, ինչպես նաև անդրադառնալով ձմեռվա նախապատրաստական աշխատանքներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ուղենշեց հետագա ծրագրերը և մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին:

Հավելենք նաև, որ կոլեգիայի նիստին ընդառաջ` պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր ռազմաարդյունաբերական համալիրի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից մշակված և թողարկված արտադրատեսակների ցուցադրություն:




Լրահոս