Ակնկալվում է, որ ընթացիկ տարում տնտեսական աճը լավագույն դեպքում կլինի 3,3 տոկոս. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ ակնկալիքները գնալով նվազում են: Ընդ որում` ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլեւ ներքին կառույցների գնահատումներով: Ինչպես հայտնի է, վերջին կանխատեսումներով, Կենտրոնական բանկը իրատեսական էր համարում Հայաստանում 3,9 տոկոսանոց տնտեսական աճի ապահովումը: Եթե մեկ-երկու ամիս առաջ սա ինչ-որ առումով հավանական էր, ապա այժմ արդեն կասկածելի է: Դրան սկսել է չհավատալ նաեւ կառավարությունը, որը համեստ սպասելիքներ ունի տնտեսությունից ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա համար: Գործադիրն այլեւս կասկած չունի, որ ի սկզբանե նախատեսված ցուցանիշները հնարավոր չէ կատարել: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում տնտեսական աճը լավագույն դեպքում կլինի 3,3 տոկոս: Սա զգալիորեն պակաս է թե՛ պետական բյուջեով, թե՛ կառավարության ծրագրով նախատեսվածի համեմատ:
Եթե իրականանա կառավարության այս կանխատեսումը, ապա այն կլինի վերջին չորս տարիների ամենացածր ցուցանիշը: Նշենք, որ 2011թ. Հայաստանում գրանցվեց 4,7, 2012թ.՝ 7,2, իսկ անցած տարի` 3,5 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա սպասումները, որ կառավարությունը ներկայացրել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծին կցված փաստաթղթում, ընդամենը 3,3 տոկոս են: Նման գնահատականի համար հիմք է ընդունվել «ներքին տնտեսական զարգացման միտումները եւ համաշխարհային տնտեսությունում աճի տեմպերի դանդաղեցման վերաբերյալ կանխատեսումները»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս