ՀԱՐՑ. Հորեղբորս որդին` Արտեմ Կարապետյանը, տարիներ առաջ լուրջ խնդիրների հետեւանքով զրկվել էր երեխայի հանդեպ ծնողական իրավունքից: Բայց հիմա այլեւս խանգարող հանգամանքներ չկան, եւ նա ուզում է վերականգնել ծնողական իրավունքները: Ինչպե՞ս է իրականացվում վերականգնումը:
ՊԱՏԱՍԽԱՆ.
1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները (կամ նրանցից մեկը) փոխել են իրենց վարքագիծը, կենսաձեւը եւ (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը:
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով` ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա: Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ:
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաեւ երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը:
4. Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը:
Դատարանը, հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն մարդ, իհարկե, սխալվելու իրավունք ունի, եւ լավ է, որ ժամանակը, տվյալ դեպքում նաեւ օրենսդրությունը, կարող է սխալն ուղղելու հնարավորություն ընձեռել: