Բնակիչների կողմից ճանապարհը փակելու կապակցությամբ քրգործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին Դիլիջանի տարածաշրջանի Հաղարծին գյուղում Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի, նաեւ Դիլիջան քաղաքի շուրջ 1000 բնակիչներ մոտ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը:

Նրանք բողոքում էին, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի նոր տնօրինությունը փակել է գյուղերից դեպի անտառներ տանող ճանապարհը, եւ գյուղացիները զրկվել են ձմռան համար վառելափայտ հայթայթելու հնարավորությունից: Բողոքող բնակիչների փակած ճանապարհը ապաշրջափակելու նպատակով Հաղարծին էին ժամանել Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը եւ Դիլիջանի ոստիկանապետ Արամ Ղազարյանը: Ճանապարհը փակողների պատվիրակությունը մեկնել էր Տավուշի մարզպետարան, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ քննարկվել էին վառելափայտի խնդրի լուծման ուղիները: Բողոքի այդ գործողությունից մեկ շաբաթ է անցել, եւ «Ժողովուրդը» փորձեց տեղեկանալ՝ արդյոք խնդրի լուծման ուղղությամբ որեւէ քայլ կատարվե՞լ է:

Դիլիջանին հարակից Թեղուտ համայնքի ղեկավար Արարատ Թամրազյանը մեզ վստահեցրեց, որ խնդրի լուծումն ընթացքի մեջ է: Դիլիջան քաղաքի մոտակա գյուղական համայնքների ղեկավարները կապի մեջ են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Սահակ Մուրադյանի հետ, եւ նախատեսվում է, որ նշված գյուղերի յուրաքանչյուր ընտանիքի, որպես ձմռան վառելափայտ, վճարովի հիմունքներով, ինքնապատրաստման եղանակով, կհատկացվի 8 խորանարդ մետր անտառի թափուկ:

Ա. Թամրազյանն ասաց, որ «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ իրենք կբարեկարգեն դեպի ազգային պարկի խորքերը տանող ճանապարհները, որպեսզի այնտեղից թափուկների տեղափոխումը դյուրին լինի: Նկատենք, որ արդեն իսկ սկսվել են աշնանային անձրեւները, ինչի հետեւանքով անտառային ճանապարհները դարձել են թաց եւ վտանգավոր:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արամ Ղազարյանից տեղեկացանք, որ սեպտեմբերի 18-ին Հաղարծին գյուղում միջպետական ճանապարհը փակելու կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով («Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով»): Այդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ առավելագույնը 50 հազար դրամի չափով կամ կալանք՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս