Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր: Բանն այնտեղ է հասել, որ նրանք սկսել են զենքով սպառնալ միմյանց:
Դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ են հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ազատամարտիկ Վահագ Մխիթարյանի որդին՝ Ռաֆայելը, պատմել էր, որ Աշտարակ քաղաքի ԳԳՄ-ի տնօրեն, Ապարանի նախկին քաղաքապետ Ռուբեն Հայրապետյանը որոշ մարդկանց հետ միավորվելով ամեն ինչ անում է իր գազալցակայանը խլելու համար: Սակայն այն ժամանակ Ռաֆայել Մխիթարյանը կոնկրետ անուններ չէր տվել, թե ովքեր են այդ «որոշ մարդիկ», ովքեր ամեն գնով ցանկանում են իր գազալցակայանը խլել:
Պարզվում է՝ կրակոցից մեկ տարի անց գազալցակայանի շուրջ շիկացած կրքերը չեն հանդարտվել: «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմեց, որ Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ գազ» ՍՊԸ գազալցակայանին. «Մինչ 2013թ. փետրվարի 5-ի հայտնի կրակոցը Ղուկաս անունով մի մարդ կար, ով ինձ ասաց, թե ուզում է ինձ հետ գազալցակայանի փայատեր լինել: Ավելի ուշ ինձ հայտնի դարձավ, որ Ղուկասը Ռազմիկ Պետրոսյանից պարտքով գումար է վերցրել, որ գազալցակայանի սեփականատերերից մեկը դառնա:
Հետո Ղուկասն անհետացավ ու մինչ օրս չկա: Ռազմիկը եկավ, թե՝ ես ուզում եմ այս գազալցակայանը առնել եւ սկսեց կամաց-կամաց մխրճվել իմ գազալցակայանի մեջ: Մինչեւ կհասկանայի, թե ինչ է կատարվում, մի օր Աշտարակի գազալցակայանի տեսուչները եկան ու պարտքի համար դադարեցրին գազի մատակարարումը: Ես ինչքան աղաղակեցի, որ՝ ախր պայմանավորվածությունն ունեմ, որ կամաց-կամաց կմարեմ գազի պարտքը, հասկացա, որ մի բան այն չէ, ցանկանում են ինձ այնպիսի վիճակում թողնել, որ հրաժարվեմ գազալցակայանից: Ու այդպես խիստ զայրացած կրակեցի տեսուչների վրա ու հայտնվեցին ոստիկանությունում»:
Ըստ մեր զրուցակցի՝ մինչ ինքը զրկված է եղել ազատությունից, Ռազմիկ Պետրոսյանն այդ ընթացքում հասցրել է իր գործն անել. «Ես ընկա դատարանի դռները ու մի օր էլ իմացա, որ Ռազմիկը բանկի միջոցով մարել է իմ վարկը ու տիրացել իմ գույքին: Ինձ կարո՞ղ եք ասել, թե ոնց կարող է ինչ-որ մեկը տիրանալ մյուսի գույքին, եթե չկա սեփականատերերի ստորագրությունը, համաձայնությունը: Երկար ժամանակ է, ինչ այս վեճը գնում է: Ես իմ ճիշտը ապացուցելու գրեթե բոլոր ճանապարհները, հիմնավորումներն ու ապացույցները ունեմ, ուստի պատրաստվում եմ նամակով հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին: Ես կորցնելու եւ վախենալու բան չունեմ»:
Ավելին, Ռաֆայելի պատմելով՝ մի օր ինքը գնացել է գազալցակայան եւ տեսել է, թե երեք հոգի զինված, նստած են եղել գազալցակայանում. «Ասացի՝ էս ինչ եք անում, ինչ է կատարվում: Ասացին՝ հրամանատարն է ասել: Այսինքն՝ այս հարցը պետք է զենքով լուծվի՞, թող ասեին, իմանայինք»:
Ռաֆայելի խոսքով՝ այս օրերին ինքը փորձում է վստահելի գործընկերներ ձեռք գտնել, որոնք իրենց պարտքը կմարեն եւ ինքը կկարողանա հետ վերդարձնել իր գազալցակայանը: Սակայն Ռազմիկ Պետրոսյանի որդին ամեն կերպ խոչընդոտներ է հարուցում: «Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարում է, թե օրենքի երկիր է պետք կառուցել, բայց իրենք են օրենքը խախտում»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ազատամարտի նվիրյալներ» հկ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում իրականում: Ըստ ազատամարտիկի՝ ինքը որեւէ բան չունի ասելու, եւ եթե Ռաֆայելը դիմել է ՀՀ դատախազություն, ապա թող իրավապահները զբաղվեն եւ պարզեն, թե ինչ է կատարվում. «Ես քաղաքական դաշտում եմ եւ բնական է՝ ինչ-որ բաներ պետք է փորձեն անեն, թող անեն: Իրավապահ մարմինները թող աշխատեն: Եթե դիմել են իրավապահներին ու մենք էլ հանցագործություն ենք կատարել, ուրեմն պետք է պատժվենք, ինչի մասին է խոսքը»,- վստահ ասաց Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Նկատենք, որ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպության երկրորդ ներկայացուցիչն է Ռազմիկ Պետրոսյանը, ում փորձում են ներքաշել քրեական պատմության մեջ:
Օրեր առաջ էլ նույն կազմակերպության անդամ, ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, կալանավորեցին՝ մարդ առեւանգելու համար:
Քնար Մանուկյան