ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 26-ի հյուրընկալել է ՀԺԿ ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքը:
ԲՀԿ նախագահը նշել է, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում: «Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու: Դրանից մեր ժողովրդի բարեկեցությունը չի բարձրանալու: Անիմաստ չարությունն ու թշնամանքը իմ ու իմ քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
Պայմաններ, հնարավորություն, արդարություն ու մրցակցություն. այս ամենի դեպքում է հնարավոր խոսել մեր ժողովրդի ցանկությունների կատարման մասին, ժողովուրդ, որն, ըստ ԲՀԿ նախագահի, պատրաստ է նպաստավոր պայմանների դեպքում արարել ու շենացնել իր երկիրը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու գործակցության առաջարկի համար՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, նկատեց, որ դրա հասարակական պահանջը չկա:
«ԲՀԿ օրակարգում երկու հարց է՝ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերի իրականացում, որն էապես կբարելավի մեր քաղաքացիների կյանքը ու կթուլացնի առկա լարվածությունը և սահմանադրական փոփոխությունների գաղափար, որտեղ կան շատ հարցականներ ու անընդունելի պահեր»,-նշել է Գագիկ Ծառուկյանը: «Ժողովրդի վստահության վերականգնումը պետք է լինի բոլորիս խնդիրը»,-իր հերթին ընդգծել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: «Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղալու ժողովրդի համբերության հետ, իրավունք չունի հարցերը չլուծել՝ մտածելով, որ ժողովուրդը միևնույն է համբերելու է: Սա լավ բանի չի բերի»,-հանդիպման ավարտին նշել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը բարձրացնում է ցավոտ հարցեր, ցավոտ խնդիրներ, և դրանք լուծել է պետք: