
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր իր արտահերթ նիստում մասամբ բավարարել է թիվ 7 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումը` անվավեր ճանաչելով թիվ 7 ԸԸՀ-ի ապրիլի 27-ի որոշումը:
Փաշինյանը ԿԸՀ-ում բողոքարկել էր թիվ 7 ԸԸՀ-ի կայացրած որոշումները, որոնցով ԸԸՀ-ն քողարկել էր թիվ 7-ի մյուս թեկնածու Սամվել Ալեքսանյանի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին աղաղակող փաստերը: ԿԸՀ-ն այս որոշմամբ պարտավորցրել թիվ 7 ԸԸՀ-ին` մեկօրյա ժամկետում հրավիրել նիստ և քննել թեկնածուի բողոքը: Սակայն ԿԸՀ այս որոշումը Ն. Փաշինյանին բոլորովին չգոհացրեց: Նա հենց ԿԸՀ նիստերի դահլիճում հայտարարեց, որ ԿԸՀ-ն քաղաքական ճնշումների է ենթարկվում: Իսկ լրագրողների հետ զրույցում նշեց, որ, իր դիմումը ԸԸՀ քննությանը թողնելով, ձգձգում են խնդրի լուծումը: