Այն, որ Կապանի Սյունիք համայնքի գերեզմանատանը տեղերը տասնամյակներ շարունակ տրամադրվել են առանց օրենքով սահմանված կարգի, համայնքի ղեկավարը լավ գիտի: Համայնքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ գերեզմանները անմիջապես իրենց վարելահողերին մոտ են գտնվում, մինչդեռ օրենքով սահմանված կարգով 40մ հեռավորությունը պետք է պահպանվի:
Իսկ գերեզմանների անմիջական հարեւանությամբ աճեցված բերքը գյուղացիները վաճառում են շուկայում:
Համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը ոչ միայն համամիտ է բողոքներին, այլեւ կարծում է, որ ուշ չէ իրավիճակը շտկելու համար: Թեեւ նկատում է, որ չի կարող գերեզմանների տերերին ստիպել, որ դրանք տեղափոխեն: Սամվել Սարգսյանի խոսքով՝ ինքը համայնքի բնակիչներին առաջարկել է այլ վայրում վարելահողեր տրամադրել, սակայն նրանք չեն համաձայնվել:
Իսկ ինչու մինչ այս օրենքը չի կիրառվել, եթե այն սկսել է գործել 2007թ-ից: Այս հարցին ի պատասխան Սամվել Սարգսյանը պատճառաբանում է, որ այն ժամանակ իրենք ոչ համակարգիչ եւ ոչ էլ ինտերնետ ունեին, ուստի տեղեկացված չէին:
Հիմա արդեն, երբ Սյունիքի գերեզմանատանը նոր հատկացումներ չեն կատարվում եւ համայնքի ղեկավարից եռամսյակային հաշվետվություն է պահանջվում, Ս. Սարգսյանը գերեզմանների տերերին տեղեկացրել է, որ գան եւ գերեզմանատեղերի վկայականները ստանան: Դրանց մեջ նշվում է նաեւ զբաղեցրած տարածքի հստակ չափը:
«Մինչեւ 12 քմ անվճար է տրամադրվում, իսկ դրանից ավելի մեկ քմ-ն արժե հինգ հազար դրամ: Ամեն ինչ օրենքի դաշտ է բերվում»,-ասում է համայնքապետը: Նկատենք, սակայն, որ մինչ օրս արված ապօրինի հատկացումների արդյունքում գերեզմաններն արդեն հասել են միջպետական Մ2 ճանապարհին: Եվ քաղաք մտնելիս բարի գալուստի փոխարեն շիրիմներն են հառնում անցորդների դեմ:
Իսկ հուղարկավորությունների ժամանակ մարդիկ խնդիրների առջեւ են կանգնում, գերեզմաններն այնքան մոտ են իրար, որ մեռելատերերը ստիպված են լինում անծանոթների գերեզմանները կոխկրտելով հասնել տեղ: Էլ չենք խոսում անասունների ազատ ելումուտի եւ հրդեհների մասին: Այս հարցերի հետ կապված էլ համայնքի ղեկավարը վստահեցնում է, որ համապատասխան կազմակերպություն կստեղծվի, որը կզբաղվի գերեզմանատան հսկողությամբ:
Հերմինե Միքայելյան
ԿԱՊԱՆ