Հայկական շոու-բիզնեսի տարատեսակ ներկայացուցիչների շարքում կան այնպիսիք, ովքեր առանձնանում են ոչ միայն իրենց ձայնային տվյալներով, այլեւ` համեստ կեցվածքով ու պահվածքով: Վարդան Բադալյանը հենց այդ շարքում է: «Ժողովուրդ»-ը զրուցել է երգչի հետ՝ նրա ստեղծագործական գործունեության ներկա փուլի մասին:
-Հայկական շուո-բիզնեսում Ձեր ուրույն տեղն ունեք, սակայն, հաճախակի հանդես չեք գալիս նոր տեսահոլովակներով եւ նոր երգերով: Գերադասում եք քիչ, սակայն, որակո՞վ տարբերակը:
-Փորձում եմ իմ ուրույն դեմքն ու տեսակը պահպանել մեր երգարվեստում, գերադասում եմ թեկուզ ոչ այնքան հաճախ, բայց որակյալ կատարումներով, տեսահոլովակներով հանդես գալ: Ցանկությունս հետեւյալն է. պահպանել յուրօրինակ դեմք ու ոգի, ոչ թե աշխատել քանակի վրա: Չնայած պետք է ասեմ, որ երբեմն էլ քանակը կարող է որակ տալ: Մի քանի անորակ երգ ներկայացնելուց հետո միգուցե, ի վերջո, որակյալ երգ ի հայտ գա:
-Բայց չէ՞ որ նման փորձարկումների արդյունքում համատարած անորակություն է տիրում մեր երգարվեստում:
-Այո, համամիտ եմ, բայց տարիներն իրենցը կանեն միգուցե: Տարիների ընթացքում անընդհատ հո չե՞ն կարող անորակություն տարածել, ի վերջո կհասկանան՝ որն է իրական արժեքը, որն է մաքուր, անաղարտ երգը: Ես, ամեն դեպքում, ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին քննադատել ու ասել, որ նրանք սխալ են գործում:
-Շատերն առաջնային են համարում կոմերցիոն նկատառումները, այսինքն՝ եթե երգը «փողաբեր» է, ուրեմն այն երգելն արդարացված է: Ինչպե՞ս եք վերաբերվում նման մոտեցմանը:
-Միայն մեր երգարվեստում չէ նման վիճակ տիրում: Ես, բնականաբար, տեսնում եմ բազմաթիվ թերություններ եւ հասկանում, որ դա կարող են ուրիշներն էլ տեսնել, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին քննադատել: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ տարբեր մարդիկ տարբեր նպատակներ ունեն: Երգարվեստում էլ է այդպես: Արվեստագետները եւս տարբեր նպատակներ ունեն. ոմանք իրական արվեստ են տարածում, ոմանք էլ պարզապես երգում են երգելու համար: Ես, օրինակ, հաճախակի չեմ երեւում էկրաններին, բայց ավելի լավ է այդպես, քան հաճախակի ու բազմաթիվ քննադատությունների առիթ տվող երգերով ներկայանալը:Ու թեեւ այդքան էլ հաճախ չեմ ներկայանում տեսահոլովակներով, երգերով, բայց անում եմ ամեն ինչ, որ թե՛ երգածս երգերը, թե՛ այդ երգերի տեսահոլովակները համապատասխանեն իրական որակի չափանիշներին:
-Սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը մշակույթի, արվեստի, գիտության, սպորտի եւ մի շարք այլ բնագավառների ներկայացուցիչների մրցանակներ շնորհեց: Ձեր կոլեգաներից Անուշ եւ Ինգա Արշակյաններին եւ Անդրեին շնորհվեցին ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներ: Տեղյա՞կ եք: Ի՞նչ կարող եք ասել:
-Իսկապե՞ս: Վերջին շրջանում բավականին շատ էի զբաղված անձնական գործերովս եւ տեղյակ չեմ, որ նման բան է եղել, բայց շատ ուրախ եմ, որ հենց իրենց են շնորհել այդ կոչումները: Անուշի եւ Ինգայի մասով կարող եմ ասել, որ նրանք հայկական երգարվեստի այն բացառիկ ներկայացուցիչներից են, ովքեր իրական արվեստի կրողներ են, բացառիկ արտիստներ, ովքեր ունեն իրենց յուրօրինակ դեմքն ու ձեռագիրը հայկական երգարվեստում: Անդրեի դեպքում էլ, կարծում եմ, ճիշտ եւ արդարացի որոշում էր: Նրա բեմական վաստակն էլ քիչ չէ եւ լավ է, որ գնահատվեց:
Լուսանկարները՝ երգչի ֆեյսբուքյան էջից
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ