Հարցազրույց թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ:
-Թեեւ Կոնգրեսը հիմնական թիրախ ընտրել է ՀՀԿ-ին, սակայն Ձեր ընտրատարածքում առաջադրված է միայն ԲՀԿ-ական թեկնածու՝ Լյովա Խաչատրյանը: Ինչպե՞ս եք պայքարելու մի ուժի ներկայացուցչի հետ, որի կուսակցության հետ համագործակցում եք ընտրությունների վերահսկման առումով:
-ԲՀԿ-ն միասնական շտաբի անդամ, է բայց դա չի նշանակում, որ ես պետք է աչք փակեմ որեւէ թեկնածուի կողմից կատարվող խախտումների վրա: Մենք դիմում-բողոք ենք ներկայացրել թիվ 12 ԸԸՀ, եւ մեր դիմումը բավարարվել է, եւ երկու թեկնածուներին էլ տվել են 3 օր ժամանակ՝ խախտումները վերացնելու համար, քանի որ իրենց նախընտրական պաստառները փակցրել են չնախատեսված վայրերում:
-Լյովա Խաչատրյանը «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, խոսելով քարոզարշավի մասին, ասել է, որ այս ընտրատարածքում քարոզարշավ չի տեսնում եւ միայն ինքն է քարոզարշավ իրականացնում, եւ որ հավանաբար մյուս թեկնածուներն ասելիք չունեն:
-Ես դիտել եմ այդ հաղորդումը եւ կարծում եմ, որ դա սեւ փիառի շարքից է, եւ իր համար էժանագին գովազդ արեց: Եթե նայում ենք ասելիքի բացակայությանը, ապա նա այդ մասով գոնե պետք է լռեր: Քանի որ միայն աշնանային նստաշրջանի ժամանակ քվեարկությունների 74 տոկոսից բացակայել է: Իսկ ամիսներ առաջ էլ իշխող Հանրապետականի ուղին բռնած գնում էր, հետո ինչ-ինչ խնդիրներ ունեցավ իր քաղաքական կնքահայր, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, եւ վերջինս նրան Ապարանից դեպորտ արեց, որից հետո նա մի ամսվա մեջ դարձավ իշխանություններին ընդդիմախոս: Նա նաեւ այդ հաղորդման ժամանակ խոսում էր համակարգային փոփոխությունների մասին: ՀԱԿ-ը 4 տարի շարունակ բարձրաձայնում է, որ երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Նա, լինելով պատգամավոր, երբեւէ չի արձագանքել դրան: Իսկ եթե նա այդքան ընդդիմադիր կեցվածք է ընդունել, ապա պետք է համարձակություն ունենար եւ դեմ գնալով Աղվան Հովսեփյանին՝ առաջադրվեր այն ընտրատարածքում, որտեղից երկու անգամ պատգամավոր էր ընտրվել: Եւ հիմա եթերից բարձրաձայնում է, թե մյուսներն ասելիք չունեն: Ինձ համար մի քիչ զարմանալի է, թե ինչպես կարող էր ԲՀԿ-ն նրան ընդունել իր շարքերը: Իսկ ժողովրդի մասին մտածող Լյովա Խաչատրյանը որպես բիզնես ծրագիր է մնում Հայաստանում: Նա Հայաստան վերադարձել է 90-ականների վերջերին, եւ վստահ եմ, որ ընտրություններից հետո պարտություն կրելով՝ լքելու է Հայաստանը:
-ՕԵԿ-ական թեկնածուի մասին բավական շատ գրվեց մամուլում, որ ժամանակին ԲՀԿ-ական էր, հետո մտավ ՕԵԿ…
-ՕԵԿ-ի մասով կարող եմ միայն ասել, որ եթե նրանց թեկնածուն մեծամասնականով մտնի ԱԺ, ապա ընտրությունները կեղծվել են:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու շանսերը:
-Մայիսի 7-ին պարզ կլինի, բայց ես ասել եմ ու եւս մեկ անգամ կրկնում եմ՝ ես գնում եմ հաղթելու:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ