Դաշնակցության համամասնական ցուցակը գլխավորող, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, երևանցիներին կոչ արեց փրկել մարզերը, որոնք ըստ բանախոսի՝ավելի թույլ են ու մայրաքաղաքի պաշտպանության կարիքն ունեն:
Նշելով, որ Երևանն այն միջավայրն է, որտեղ ինքն անցկացրել է ողջ կյանքը, այստեղ են ծնվել Վահան Հովհաննիսյանը, նրա երեխաները, թոռը, հայրն ու մայրը, և ապրել՝ տատերն ու պապերը, ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարն ասաց. “Խնդրում եմ, պահանջում եմ՝ օգնե՜նք մեր մարզերին… Փոքր, աղքատ ու խեղճ մարզերի մեր ժողովուրդը կարող է չդիմանալ ընտրակաշառքներին: Դու, Երևա՛ն, պետք է փրկես ողջ հանրապետությունը, այսօր, Երևան քեզնից ենք պահանջում”: Բանախոսը հավելեց, որ լավ կյանքից չէ, որ մարզերի ժողովուրդը, թողած մաքուր օդն ու հայրական տները, “գալիս ու լցվում է” Երևան. իրենց մոտ ապրելու հնարավորություն այլևս չի մնացել: Եթե Երևանը ձայն տա Դաշնակցությանը, ապա կնպաստի, որպեսզի այս կուսակցությունը կյանքի կոչի սահմանամերձ գոտիներն ու գյուղերը մարդաշատ դարձնելու ծրագրերին: Ի, վերջո, ըստ Հովհաննիսյանի՝ վերաբնակեցման կարիք ունեն ոչ միայն ԼՂՀ ազատագրված տարածքները, այլև Հայաստանի շատ շրջաններ:
Վահան Հովհաննիսյանը մեկ անգամ ևս բացատրեց, որ դա քրեական հանցագործություն է, և նա, ով կանի դա, ինչպես նաև նա, ով կպահանջի, պատասխան են տալու օրենքի առաջ: “Մի խաբվեք, քվեարկե՛ք Դաշնակցությանը: Եվ օրենքով՝ փակ և գաղտնի”,-ասաց Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյան էլ նշեց, որ քարոզարշավի 24 օրերին քաղաքացիները տարբեր կուսակցությունների կողմից լսեցին ֆանտաստիկ խոստումներ, տեսան ընտրակաշառք, քննադատություն, հայհոյանք և սուտ: “Եվ միայն ՀՅԴ -ն էր, որ ոչ միայն ճշմարիտ խոսք ասաց, այլև խոստանում է, որ այն, ինչի մասին խոսել է, կխոսի նաև մայիսի 7-ից հետո, ինչպես խոսել է 2008, 2009, 2010 թվականներին՝ հայ-թուրքական արձանագրություններից, սպառողական նվազագույն զամբյուղից, ինչի համար կռիվ է տվել , նվազագույն աշխատավարձից և այլն”: Գ.Մանուկյանը նաև նշեց, որ Ազատության հրապարակի հարթակի վրա կանգնած պատգամավորներից յուրաքանչյուրն իր գործով է ապացուցել իրենց յուրաքանչյուր խոսքի արժեքը: