ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն: Նախարարը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի և կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջեց շինհրապարակով, ծանոթացավ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
«Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»,-ներկայացնելով իրականացվող աշխատանքներն` ասաց Նելսոն Զուլոյանը:
Նախարարը զրուցեց շինարարների հետ, հորդորեց ջանք չխնայել կենտրոնի վերանորոգումը հավուր պատճաշի և ժամանակին իրականացնելու համար` պահպանելով շինարարական բոլոր անհրաժեշտ նորմերը: Արմեն Մուրադյանը ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին և շինարարական կազմակերպության ղեկավարին հանձնարարեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքների որակն ու ժամկետները` բացառելով նախանշված ժամկետների խախտումներ:
2013 թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից 2012-2013 թթ. ֆինանսավորվող ծրագրի արդյունքում առաջացած տնտեսված միջոցների հաշվին:
Նույն ժամանակահատվածում ՙՀայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի՚ միջոցներով շարունակվում են ծրագրի 2-րդ փուլի` ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտը նախանշված է 2015 թ. մայիսին: Ճամբարակի բժշկական կենտրոնը և պոլիկլինիկան այժմ տեղակայված են սանեպիտկայանի շենքում: Նախարարը շրջեց կենտրոնով, զրուցեց բուժանձնակազմի և հիվանդների հետ, հետաքրքրվեց խնդիրներով:
Նա առաջարկեց կենտրոնի բուժաշխատողներին նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար մասնակցել վերապատրաստումների: