Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն ու Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի հետ միասին մասնակցել են Նորք-Մարաշի օրվան նվիրված տոնական մեծ հանդիսությանը:
Արդեն 5-րդ անգամ նորքմարաշցիներին մեկտեղել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը, ուր ամեն տարի սեպտեմբերի վերջին շաբաթ օրը տեղի է ունենում գլխավոր միջոցառումը: Նախ մարաշցիների նահատակության 90-ամյակին նվիրված խաչքարի մոտ անցկացվել է ոգեկոչման արարողություն:
Այնուհետ նորքմարաշցիներին ու մյուս ներկաներին ողջունել են Երեւանի վարչական շրջաններից օրվա խորհրդով հյուրընկալված ազգային երգի ու պարի խմբերը, ինչպես նաեւ «Մարաթուկ» ազգագրական երգչախումբը, ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը եւ անհատ այլ կատարողներ: Տոնի համատեքստում կազմակերպվել է նաեւ ծագումով պատմական Մարաշից սիրիահայ մեր հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես – վաճառք:
Ավանդական բացօթյա հյուրասիրության ընթացքում էլ մատուցվել են պատմական Մարաշի կերակրատեսակներ, ներկայացվել են Մարաշի կենցաղվարությանը բնորոշ տարրեր: Տոնական միջոցառումը, որը նորքմարաշցիները նաեւ վերածննդի տոն են անվանում, շարունակվել է ողջ օրվա ընթացքում: