Ս. Օհանյանն այցելել է մարտական հենակետեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային շրջայցով եղել է հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում:

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ նախարարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ այլք:

Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական եւ ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետեւել դիրքերի մարտավարական բնագծի եւ ամրաշինական կառույցների բարելավման աշխատանքներին, բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծում տիրող իրավիճակը: Բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը հավաստիացրել է, որ մարտական հենակետերում աշխատանքներն ընթանում են ինժեներական կահավորման կատարելագործման պլանին համապատասխան:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաեւ դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում էին նաեւ առաջնագծում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների ճաշացանկը, նրանց հատկացվող սննդի որակը, տեսականին, սահմանված չափաբաժինները եւ սննդամթերքի պահպանման պայմանները:

Մարտական հենակետեր կատարած շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը զորամիավորման հրամանատարական կազմին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ` ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի եւ առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:




Լրահոս