Անձրեւաջրերը փչացնում են Գոշավանքի վանական համալիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ կատարվում է Գոշավանքի վանական համալիրում, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին վարիչ Արծրուն Հովսեփյանը համարում է բարբարոսություն: 2013թ. հոկտեմբերին սկսվել է հոգեւոր համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումը: Ըստ Ա. Հովսեփյանի՝ շինարարական աշխատանքների ժամանակ ջարդել են ծածկի մեջ տեղադրված, եկեղեցու ակուստիկան բարելավող կճուճները, սակայն բանվորներին պատվիրել են այդ փաստը գաղտնի պահել:

Աձրեւաջրերը լցվում են ներս, փչացնում 800 տարվա վաղեմություն ունեցող, ներկանյութով գրված արձանագրությունները: Վերջերս Գոշի գյուղապետ Գեւորգ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ շուտով պետբյուջեից ֆինանսավորում կլինի, եւ սեպտեմբերի 22-ից կվերսկսվեն նորոգման աշխատանքները: Սակայն ինչպես տեղեկացանք, ցայսօր նորոգումը չի վերսկսվել:
Կառույցը անձրեւներից պաշտպանելու համար Սուրբ Աստվածածին եկեղեցու վրա կապույտ պաստառ է տեղադրվել, սակայն այն քամուց պատառոտված է:

Վանական համալիրի մաս կազմող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու անկյունները հեռացել են, զանգակատան, գրատան գմբեթից քարեր են ընկնում, գրատան եւ զանգակատան կամարներն էլ իջել են:
Իսկ Գոշավանքի ներսը տոնավաճառ է հիշեցնում: Այնտեղ հոգեւոր գրականություն, սրբապատկերներ, խաչեր եւ այլ իրեր են վաճառվում՝ թանկ գներով: Օրինակ՝ պսակվողների եւ մկտրվողների համար նախատեսված Նոր կտակարանը վաճառվում է 5000 դրամով, փոքրիկների համար նախատեսված Աստվածաշունչը՝ 4500 դրամով:

Ա. Հովսեփյանից տեղեկացանք, որ ամեն ամիս դրանց վաճառքից Հայ առաքելական եկեղեցին շուրջ 25 միլիոն դրամ հասույթ է ունենում, որից, սակայն, Գոշավանքի նորոգման համար ներդրում չի կատարվում: Այս ամենից զատ` Գոշավանքի թանգարանը չի գործում, դրա ցուցանմուշները տեղափոխել են Դիլիջան քաղաքում գտնվող շենքերից մեկի նկուղ:
Ա. Հովսեփյանը հայտնեց, որ 1985թ. ինքը մեծ դժվարությամբ է այդ թանգարանը ստեղծել, ցուցանմուշներ հավաքել: Նրա խոսքերով՝ Մշակույթի նախարարությունից թանգարանի աշխատակիցներին հավաստիացրել են, որ այն կվերաբացվի 2014թ. հունիսի 1-ին: Ա. Հովսեփյանի համոզմամբ՝ նախարարության աշխատողները թանգարանի աշխատակիցներին միտումնավոր խաբել են, որի նպատակը եղել է թանգարանի 7 աշխատողներին կրճատելը: Ինչ վերաբերում է Մխիթար Գոշի դամբարանի նորոգմանը, ըստ Հովսեփյանի՝ 3 տարի առաջ Գոշի դամբարանը սկսել են սարքել, 3 տարի է ՝ կիսատ-պռատ է, ծածկը չեն սարքում, չնայած ասում են, որ Մշակույթի նախարարությունը գումարը փոխանցել է:

Անձրեւաջրերը ներս են լցվում, պատերը քայքայում:
Տավուշի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին Գոշավանք այցելեց եւ այնտեղ մոմ վառեց: Այդ ժամանակ երկրի ղեկավարին ներկայացվեց վանական համալիրի նորոգման խնդիրը եւ Ս. Սարգսյանի հանձնարարականով վերանորոգումն սկսվեց: Սակայն ինչպես Վիկտոր Չեռնոմիրդինն էր ասում՝ ուզում էին լավ լինի, եղավ ինչպես միշտ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ

 




Լրահոս