Թեեւ ՀՀ Վայոց Ձորի Մարտիրոս համայնքի բնակիչները վերջերս կողմ արտահայտվեցին «Վարանցով» փոքր հէկ-ի կառուցմանը, սակայն մասնագետները պնդում են, որ հէկ-ի շահագործումը գյուղացիների համար բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: Բանն այն է, որ այս հէկ-ը կառուցվում է Մարտիրոս գետի վրա, որից էլ գյուղացիները վերցնում են ոռոգման ջուրը: Իսկ հէկ-ի շահագործման արդյունքում Մարտիրոս գետը կկանգնի ջրազրկման վտանգի առաջ:
Նշենք, որ այս պահին Մարիտիրոս գետի վրա ընթանում են «Վարանցով» հէկ-ի կառուցման աշխատանքները: Բնապահպան Լեւոն Գալստյանի խոսքով՝ այս գետն այնքան փոքր է, որ, բնականաբար, հէկ կառուցողը ներդրումներն ու շահույթը ստանալու համար պետք է գետի ամբողջ ջուրը վերցնի:
«Սակայն խնդիրն այստեղ գլոբալ է: Նույնիսկ եթե ամբողջ գյուղը ոտքի կանգնի ու դեմ լինի, դա այլեւս դեր չի խաղում: Միեւնույն է՝ կառուցվում է եւ բազմաթիվ խնդիրներ առաջացնում: Դա արդեն սովորական բան է. կա՛մ պետք է գյուղն անվճար լուսավորվի, կա՛մ ջրագիծ կքաշեն, կա՛մ էլ մանկապարտեզի պատուհանը կնորոգեն: Դա է, նմանատիպ երեւույթներն արդեն սովորական են դարձել: Այսինքն ՝ մենք արդեն այն սոցիալական վիճակում ենք այսօր, հատկապես գյուղական բնակավայրերում, որ ամենափոքր մանրուքի համար պատրաստ ենք կարծիք փոխել եւ թույլ տալ մեր բնությունն ավիրել: Այս ամենը սոցիալական ծանր պայմանների հետեւանք է»,- հուսահատված նշեց Գալստյանը:
Մեր զրուցակցի ներկայացմամբ՝ այսօր շատ հէկ-երի սեփականատերեր նոր մեթոդ են մշակել. խոստանում են, որ համայնքի բյուջեին գումար կհատկացնեն, գյուղապետերն էլ նման խոստումներից ուրախանում են ու ամեն բան թույլատրում:
Ինչ վերաբերում է Մարտիրոս գետի վրա կառուցվող հէկ-ին, ապա ինչպես նշվեց` գյուղացիները ոռոգման համար նախատեսված ջուրը վերցնում են գետից, ուստի հէկ-ի շահագործման արդյունքում հնարավոր է, որ նրանք զրկվեն ոռոգման ջրից: Մասնագետի պնդմամբ՝ հէկ-երի հետ կապված համապատասխան որոշումներով եւ օրենքներով՝ առաջին հերթին պետք է դրանց տնօրինությունը գյուղին տա խմելու ջուր, հետո՝ ոռոգման, ապա նաեւ`էլեկտրաէներգիա:
Բնապահպանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ հէկ-երի շահագործման արդյունքում գյուղերի ոռոգման ջուրը պակասել է: Այս խնդրից խուսափելու համար նախ թույլտվություն տվողը պետք է մանրամասն ուսումնասիրի եւ տեսնի արդյոք ոռոգման ջուրը կբավարարի մարդկանց, թե ոչ:
«Խնդիրը համակարգային է, եւ հուսով ենք, որ նորանշանակ նախարարը որոշ փոփոխություններ կիրականացնի այս ոլորտում: Համենայնդեպս, Բնապահպանության նախարարությունը ջրօգտագորման թույլտվությունների կարգի մեջ նախատեսել է որոշ փոփոխություններ կատարել: Ավելին՝ վերջերս ԲՆ ուղարկված մեր նամակներին սկսել են քիչ թե շատ ադեկվատ պատասխան տալ: Հէկ-երի մասով խոստացել են որոշումները փոփոխել, քայլեր ձեռնարկել, բայց դեռ առարկայական ոչինչ չկա»,- նշեց Գալստյանը:
Իսկ ահա Մարտիրոս համայնքի ղեկավար Կամո Մկրտչյանը «Վարանցով» հէկ-ի կառուցման հետ կապված լավատեսորեն է տրամադրված. «Մենք «Վարանցով» ՍՊԸ-ի հետ ունենք անժամկետ պայմանագիր, ըստ որի՝ իրենք պարտավորվել են ոռոգման նպատակով գյուղին տրամադրել անհրաժետ քանակությամբ ջուր: Եթե փորձեն խախտում անել, ապա մենք դատական կարգով այս հարցին լուծում կտանք»:
«Ժողովուրդ»-ը գյուղապետին փոխանցեց բնապահպանների մտահոգությունն առ այն, որ հէկ-ի շահագործման արդյունքում գետը կկանգնի ջրազրկման վտանգի առաջ: Գյուղապետը, սակայն, նման մտավախություն չունի.«Ոչ, չեմ կարծում, որ նման բան լինի: Ամեն դեպքում, մենք հաշվի ենք առել ամեն մի մանրուք եւ այս պահի դրությամբ հստակ գիտենք, որ ոռոգման շրջանում ընկերությունը ոչ մի խախտում չի անի: Մեր համայնքի ոռոգման համակարգը որեւէ ՍՊԸ չի իրականացնում, այլ ես եմ վերահսկում այդ ամենը: Տասը օրը մեկ թաղամաս առ թաղամաս ոռոգման ջուր ենք տրամադրում: Բայց խմելու ջրից դեռ չենք դժգոհում»:
Գյուղապետը չթաքցրեց, որ ոգեւորված է հէկ-ի կառուցմամբ, քանի որ ընկերությունը խոստացել է հէկ-ի գործարկման դեպքում աշխատանքի վերցնել Մարտիրոս համայնքի բնակիչներին: «Իրենց ասելով՝ 15 մարդ է աշխատելու, ահագին աշխատատեղ է: Չէ որ այս պայմաններում աշխատանք գտնելը բարդ է»,- արդարացավ գյուղապետը:
Բացի այդ, նշենք, որ հէկ կառուցող ընկերությունը՝ «Վարանցով» ՍՊԸ-ն, խոստացել է նորոգել Մարտիրոսի միջհամայնքային ճանապարհները եւ անվճար ապահովել գյուղի լուսավորությունը: Իսկ համայնքի բյուջեին ընկերությունը վճարելու է տարեկան 80 հազար դրամ՝ այն բանի համար, որ խողովակն անցկացնելու է համայնքի սեփականություն հանդիսացող հողի միջով: Նաեւ՝ 5 հազար դրամ որպես հողի հարկ:
Ահա այսպիսի չնչին գումարի դիմաց էլ մեր գյուղապետերը թույլ են տալիս ավերել բնությունը:
Սյունէ Համբարձումյան