ԵԱՀԿ ներկայացուցիչը մեծարել է լրագրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով, արտահայտել է իր հարգանքը ԶԼՄ-ների աշխատակիցների քաջության նկատմամբ և ընդգծեց նրանց էական դերը ժողովրդավարության զարգացման գործում: “Ես հիանում եմ ճշմարտությունն ասելու ձեր անվախ ջանքերով: Մենք կապրեինք լրիվ այլ աշխարհում, եթե չլիներ հզոր անկախ մամուլը”,- ասել է Միյատովիչը՝ խոսելով Թունիսից, որտեղ նա մասնակցում է մամուլի ազատությանը նվիրված միջազգային համաժողովին: “Աշխատանքը կատարելիս՝ ռիսկի տակ դնելով Ձեր անվտանգությունը և նույնիսկ կյանքը, դուք շարունակում եք խիզախորեն կատարել ձեր առաքելությունը”: “Այս պահին, երբ մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը, կան բազմաթիվ լրագրողներ, որ ճաղերի ետևում են, իսկ շատերն էլ դեռևս սպասում են արդարադատության”,- շեշտել է նա:
“Ես կշարունակեմ հորդորել կառավարություններին, որպեսզի լուծեն լրագրողների նկատմամբ բռնությունների բոլոր դեպքերը և դադարեցնեն մեղավորների անպատժելիությունը՝ մեր տարածաշրջանը լրատվության համար ավելի լավ ու ավելի անվտանգ տարածք դարձնելու համար: Ես կշարունակեմ հակադրվել սահմանափակողական օրենքներին և գործելաոճերին, որոնք լռեցնում են առցանց և ոչ առցանց լրատվամիջոցների անկախ և քննադատական ձայները:
Թվային հեղափոխությունը և համացանցի ժամանակակից տեխնոլոգիաները փոխել են ձեր մեթոդները, բայց ոչ թե ձեր աշխատանքի էությունը: Դրանք լուրերի հավաքումն ու փոխանակումը ավելի են արագացրել և հեշտացրել, սակայն դրանք չեն վերացրել մասնագիտական հետաքննող լրագրողության անհրաժեշտությունը”:




Լրահոս