ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՑԱԿԱՆԵՐՈՎ
Երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ հոբելյանական համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից սփյուռքահայերը՝ կաթողիկոսների գլխավորությամբ, հավաքվել էին՝ քննարկելու մեր երկրին եւ Սփյուռքին առնչվող կենսական նշանակություն ունեցող հարցեր՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Եվ մասշտաբային առումով երեկվա միջոցառումը թերեւս կարելի էր տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը համարել: Ներկաների մեծ մասն էլ կարծես առանձնապես չէր զգում միջոցառման կարեւորությունը. պարզապես «շեֆի հետ տեղ էին գնացել»: Նկատենք, որ Հայաստանի ոչ բոլոր պաշտոնյաներն էին հարկ համարել իրենց ներկայությամբ պատվել այդ միջոցառումը: Սերժ Սարգսյանը եւս բացակա էր: Նա առավել կարեւոր էր համարել պաշտոնական այցը դեպի Վատիկան՝ Հռոմի պապի հետ հանդիպելու: Ասել է թե՝ Սարգսյանը փորձում է ցույց տալ, որ համաշխարհային էլիտայի հետ է շփվում: Մինչդեռ համաժողովի բացումը հենց նախագահի տեղն էր. նրա ասելիքին բոլորն էին սպասում:

 

 
ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը վերջին շրջանում ակտիվորեն լծված է նախկին պաշտոնին վերադառնալու գործին: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ Ղուկասյանը Արցախում բանակցային տարբեր խմբեր է գործուղում տարբեր շրջանակների մոտ՝ բացատրելու, որ Արցախի փրկության ու իշխանական էլիտայի համար ամենահարմար թեկնածուն՝ որպես հաջորդ նախագահ, հենց ինքն է: Ղուկասյանը նաեւ Մոսկվայում է գործի դրել իր «ճարտար լեզուն»՝ մի քանի գործիչների դարձնելով իր լոբբիստը: Թե ինչ կստացվի՝ դեռ վաղ է ասել, բայց տեղեկացնենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտին 3 տարի ժամանակ է մնացել: Մինչ այդ՝ շաբաթներ առաջ, Արկադի Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր իր հավակնությունների մասին լուրերը՝ ամեն ինչ թողնելով «ժամանակի ընթացքին». «Ես համարում եմ, որ այն մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ, եւ այն բոլոր հարցերը, որոնք կան, իմն են»: Ճիշտ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նման:

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ կանանց միջեւ կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան ու խնդրել է, որպեսզի իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» ներկայացնեն, թե ովքեր կարող են ուղեկցել: Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջեւ: Եվ երկար կսմիթներից հետո, հաղթել են երկուսը: Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Աբրահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը մտահոգություն էր հայտնել Արագածոտնի Աղձիքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի վերաբերյալ ու նշել, որ այն փրկության կարիք ունի: Ու այժմ վարչապետը որոշել է անձամբ գնալ այնտեղ ու փրկել դամբարանը:

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործն ուշագրավ զարգացումներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են: Նշենք, որ հուլիսի 10-ին Կլիմկոյի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ գործը քննող ԱԱԾ-ն մինչ օրս նրան չի հայտնաբերել: Կատարված չարաշահումների գործով «Ժողովուրդ»-ին նոր հանգամանքներ են հայտնի դարձել: Գործի շրջանակներում Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գծով տնօրեն Վլադիմիր Սաչկովը. այս օրերին որոշվում է նրան Հայաստանի իրավապահներին արտահանձնելու հարցը: Սակայն նա հայտնել է, որ չի ցանկանում առնչվել ՀՀ ԱԱԾ-ի հետ: Բացի այդ, նշված գործի շրջանակներում, Հայաստանում կալանավորվել է նաեւ «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը: Իսկ թե կոնկրետ ինչի՞ մեջ են մեղադրվում նրանք, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

 

 

ԷԼԻ ԽԱԲԵՑԻՆ

Եվ այսպես` երեկ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ ռուսները մեզ հերթական անգամ «քցել են»` հետ կանգնելով անցած տարի Վլ. Պուտինի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունից` «Նաիրիտ» քիմիական գործարանը գնելու եւ այնտեղ հսկայածավալ ներդրումներ անելու ուղղությամբ: Երեկ ՀՀ Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը, որն էլ կանխավ շրջանառվող խոսակցությունների համաձայն, պիտի որ գներ «Նաիրիտ»-ը, սահմանված ժամկետներում որեւէ առաջարկ չի ներկայացրել: Ավելին, ըստ Զախարյանի` «Ռոսնեֆտ»-ն արդեն մեկ ամիս է` այս հարցի շուրջ Հայաստանի էներգետիկայի նախարարությանը պատասխան չի տալիս: Զախարյանը նշել է, որ «Ռոսնեֆտ»-ի հետ վերջին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսին, որը, սակայն, այդպես էլ մնացել է օդում կախված:
Թե որն է «Ռոսնեֆտ»-ի` հայկական կողմի հետ տեւական ժամանակ բանակցված առաջարկից հետ կանգնելու իրական պատճառը` հայտնի չէ: Համենայն դեպս` առայժմ այդ մասին որեւէ պաշտոնական պարզաբանում ներկայացված չէ: Որպես հավանական տարբերակ կարող է մատնանշվել այն, որ ռուսական խոշորագույն նավթային ընկերությունը հայտնվել է Արեւմուտքի պատժամիջոցների տակ ընկած ընկերությունների թվում, ինչը լուրջ խնդիրներ է հարուցել ընկերության համար: Սակայն այս պարզաբանումն էլ ոլորտի գիտակների համար հիմնավոր չի թվում, քանզի հենց վերը նշված պատժամիջոցների պարագայում հայկական կաուչուկի արտադրության զարգացումն ու ռուսական շուկա արտահանումը պետք է որ է՛լ ավելի գայթակղիչ թվար ներդրող ընկերության համար, չէ՞ որ առաջիկայում ռուսական շուկայում շեշտակիորեն մեծանալու է կաուչուկի պահանջարկը:
Ամեն դեպքում` այլեւս ոչինչ չի խանգարում, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դարձյալ բարձրացնի «Նաիրիտ»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ տարի, ինչպես հիշում ենք, խորհրդարանական մեծամասնությունն այս նախաձեռնությունը տորպեդահարեց` պատճառաբանելով, թե նման հանձնաժողովի գործունեությունը կարող է հիասթափեցնել պոտենցիալ ներդրողին եւ հանգեցնել բանակցությունների վիժեցմանը: Ինչպես տեսանք, ռուսներն առանց այդ էլ փոշմանեցին, արդյունքում` «Նաիրիտ»-ի 107 միլիոնանոց պարտքը եւս մի քանի տասնյակ հազար դոլարով մեծացավ, իսկ գործարանը թալանած նախկին պաշտոնյաներն էլ` ավելի տաքուկ ու անվտանգ տեղեր գտան:

 

 




Լրահոս