ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ

Երեկ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է. «Մեր սերունդի մեծագույն ձեռքբերումը Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլեւս միայն մեր սերնդինը չէ, այն նաեւ հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել եւ ոչ մի բան: Չի կարելի որեւէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկմանը»:

Այնուհետեւ Հ. Մարգարյանը հերթով թվարկել է այն քայլերը, որոնց արդյունքում մեր երկիրը կարող է հայտնվել շատ վատ վիճակում. «Չի կարելի արտագաղթել Հայաստանից, հայապատկան հողերից: Չի կարելի նպաստել արտագաղթին: Չի կարելի չգիտակցել, որ մեզանից յուրաքանչյուրը ոչ միայն երկրի մի մասնիկն է, այլեւ երկրի հիմքը: Եվ ինչքան ամուր լինենք մենք, այնքան ամուր կլինի երկիրը… Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձեւի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսեւորման… Չի կարելի ժողովրդի խնդիրները դարձնել սեփական պայքարի թեմա, քանի դեռ չունես այդ խնդիրները լուծելու բանալին… Չի կարելի քննադատել քննադատելու համար, դրանով ոչ թե վատություն ես անում ինչ-որ ուժի, այլ վատություն ես անում պետությանը: Իշխանություն լինես, թե ընդդիմություն չի կարելի իշխանություն պահպանելու կամ իշխանության հասնելու համար զիջել երկրի անկախության եւ անվտանգության երաշխիքները»:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Հրանտ Մարգարյանից պարզել, թե արդյոք ՀՅԴ-ում որոշե՞լ են բանակցել իշխանությունների հետ:
-Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ Քառյակի հանրահավաքին չի մասնակցելու, քանի որ սահմանադրական բարեփոխումների հարցում դրական դիրքորոշում ունի: Արդյո՞ք այժմ Հայաստանի գլխավոր խնդիրը Սահմանադրությունն է:
-Կարծում եմ, որ համակարգային փոփոխությունը բերելու է մեր երկրի համար իրական ժողովրդավարություն ու կոլեգիալ Ազգային ժողովի մակարդակով հարցերը քննարկելու, լուծում ստանալու հնարավորություն, քանի որ սա է հիմնական գրավականը երկրի առաջընթացի համար: Մենք պատմական առիթ ունենք երկիրը ճիշտ ուղու վրա դնելու: Նրանք, որ դեմ են Հայաստանի զարգացմանը, անձնական ամբիցիաների պատճառով՝ երկրի առաջընթացին են դեմ:
-Դուք հանդիպում ունեցե՞լ եք Քառյակի ներկայացուցիչների հետ, այս հարցի շուրջ զրուցե՞լ եք նրանց հետ…
-Այո, խոսել ենք, չեն համաձայնվել, դրա համար որոշել ենք, որ լավ կլինի, եթե այսպես լինի: Մեր երկրի մեջ այսօրվա այն խնդիրները, որոնք կան, համակարգային փոփոխության պետք ունեն: Իրենք էլ մի քանի տարի առաջ համաձայն էին, ի՞նչ է պատահել այսօր: Կարող եմ ասել նաեւ, թե ինչ է պատահել. որոշները կարծում են, որ կարող են վերցնել անգին իշխանություն, բայց կարծում եմ, որ այս երկիրն այլեւս չի կարող դասվել այդ տեսակին: Հավանական են տեսնում, որ նախագահական ընտրությունների ժամանակ կարող են իրենք ընտրություն շահել, բայց մեկը պետք է փոխարինվի մյուսով, իսկ երկրի մեջ ոչ մի բան չի փոխվելու: Պետք է համակարգային փոփոխություն: Քառյակն առաջին իսկ օրը ստեղծվել է կոնկրետ հարցերի շուրջ համագործակցելու համար:
-Այսինքն, Դուք անձամբ Քառյակի ղեկավարների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել ու զրուցել եք, բայց որեւէ կերպ համաձայնության չե՞ք եկել:
-Ոչ, իրենց հետ հանդիպում չեմ ունեցել, բայց Քառյակի ներկայացուցիչների հետ հանդիպել ենք, զրուցել ենք:
-Տեղեկություններ կան, որ այժմ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում իշխանությունների հետ, ինչի՞ շուրջ են ընթանում այդ բանակցությունները: Կարելի՞ է ասել, որ Քառյակից «հեռանում» եք ու այսուհետ առանձին եք աշխատելու:
-Կարծում եմ՝ ունենք պատմական առիթ երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար, ու ափսոս է, որ այդ առիթը մենք կորցնենք: Ու այն մարդիկ, որոնք Հայաստանի համար ցավում են, չեն կարող Սահմանադրական փոփոխություններին կողմնակից չլինել: Իսկ մենք այդ փոփոխությունների վերաբերյալ մեր տեսակետն ունենք, որի համար պայքարելու ենք: Սահմանադրության հարցով առանձին ենք Քառյակից, իսկ մյուսների դեպքում՝ ոչ:
-Իսկ հույս ունե՞ք, որ իշխանությունները կընդունեն Սահմանադրական փոփոխությունների` Ձեր առաջարկած տարբերակը:
-Հույս ունեմ, որ կկարողանանք: Եթե ավելի ընդյալնված լիներ մեր խումբն, այդ դեպքում ավելի մեծ հավանականություն կար: Այսօր եւս հույս ունեմ, որ կկարողանանք: Այս իշխանությունները վերարտադրվել են գործող Սահմանադրությամբ, ինչպե՞ս կարող են նման հայտարարություններ անել:
-Բայց դրան հասնելու համար բանակցությունների՞ եք գնալու իշխանությունների հետ:
-Բնականաբար:
-Հիմա բանակցություններ ընթանո՞ւմ են:
-Դեռ ոչ:
-Իսկ առաջիկայում լինելո՞ւ են:
-Այո:
-Մի առիթով Դուք նշել էիք, թե երկրի համար կարեւոր հարցերի քննարկման նպատակով ժամանակ առ ժամանակ հանդիպում եք Սերժ Սարգսյանի հետ: Առաջիկա բանակցությունների հետ կապված Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունեցե՞լ եք:
-Ոչ: Նման խոսակցություն դեռեւս տեղի չի ունեցել:
-Բայց նախատեսվո՞ւմ է:
-Իհարկե:
-Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն դարձյալ կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, արդեն իսկ խոսակցություններ կան, որ քննարկվում է Ձեզ տրվելիք նախարարական պորտֆելների հարցը:
-Կոալիցիա չենք կազմելու, մոռացեք, նման բան չի լինելու: Դրանք ասում են, որպեսզի սեւացնեն մեր գործընթացը, դրանք սուտ բաներ են, հերյուրանքներ են: Դա շատ վատ ուժի գործելաոճ է:

 

 

 

ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս անգամ համաժողովն անցավ շատ միօրինակ, չնայած այն փաստին, որ այն հոբելյանական միջոցառում էր ու ավելի ոգեւորող պետք է լիներ: Այնպիսի տպավորություն էր, որ մասնակիցները եկել էին համաժողովին` պարզապես «գալոչկայի» համար:

Համաժողովը վարում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախ` նա ելույթ ունեցավ ու ողջունեց ներկաներին, այնուհետեւ խոսքը փոխանցեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: ՀՀ քաղաքական դաշտից համաժողովին հիմնականում մասնակցում էին ՀՀԿ ներկայացուցիչները, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից ներկա էր միայն Արագած Ախոյանը, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ եկավ ու շուտ հեռացավ:
Դաշանակցությունից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հ. Մարգարյանը հանդես եկավ ելույթով, որից անմիջապես հետո ՀՀ վարչապետի հրավերով նստեց նրա կողքին: Միջոցառմանը ներկա էին նաեւ մի քանի մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով էլ, հավանաբար ավելի կարեւոր գործով, շտապում էր, քանի որ դահլիճը շատ շուտ լքեց: Իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այդ ամենի «կիզակետում» էր, թեեւ` նկատենք, տիկին նախարարը շատ հոգնած տեսք ուներ:
Համաժողովի մասնակիցները ոգեւորվեցին միայն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ելույթի ընթացքում` արձագանքելով բուռն ծափահարություններով: «Առաջին անգամ հայտարարում եմ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մոտ թվականին դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով»,- հայտարարեց Արամ Առաջինը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նշեց, որ զգացական եւ քարոզչական մոտեցմամբ չէ, որ այս հանդուգն քայլին են դիմել: Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի խոսքով՝ իրենք խորհրդակցել են միջազգային օրենքի ու դատական հարցերի մասնագետների հետ. «Ավելին՝ սովորական եկեղեցապատկան կալվածքները պահանջելու մոտեցումը չէ, այլ Կիլիկիո Կաթողիկոսարանը խորհրդանշական խորհուրդ ունի Կիլիկիո հայության եւ ողջ հայության համար: Գիտենք նաեւ, որ հիշյալ հարցը դուռը պիտի դառնա մեր ազգապատկան եւ եկեղեցապատկան կալվածքների վերադարձի համար»: Եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի այդ հայցը, ապա կաթողիկոսարանը պատրաստակամ է դիմել Եվրոպական դատարան:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԼՈՒՐԵՐ
ԿՀԵՌԱՑՎԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 59-ամյա Սուրեն Գաբրիելյանի դեպքի առնչությամբ ՔԿՀ-ներում արտակարգ դրություն է հայտարարվել: Բոլոր ՔԿՀ-ներում այս օրերին ուժեղացված ռեժիմ է սահմանվել: Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ նորանշանակ վարչության պետ Արթուր Օսիկյանն իր մոտ է հրավիրել ՔԿՀ-ների բոլոր պետերին եւ ասել, թե որեւէ սխալի դեպքում նրանք ոչ միայն կհեռացվեն աշխատանքից, այլեւ խիստ կպատժվեն: Հավելենք, որ Օսիկյանը սկսել է հերթով ազատվել ՀՀ ԱՆ ՔԿՀ նախկին պետ Հայկ Հարությունյանի կադրերից:

 

ԳՆԱԼՈՒ Է «ՄԱՊ»-Ի ԳՈՐԾԱՐԱՆ
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 22-ին, Սերժ Սարգսյանն այցելելու է Արմավիրի մարզ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ օրը Սարգսյանը մասնակցելու է դպրոցի բացման արարողության, այնուհետեւ այցելելու է «ՄԱՊ»-ի ընկերությանը պատկանող գործարան: Մեզ լուրեր հասան, որ տեւական ժամանակ է, ինչ գործարանի ղեկավարությունը պատրաստվում է, մաքրում, «թարմացնում» է գործարանը, որպեսզի պատշաճ ձեւով ընդունի Սերժ Սարգսյանին: Նշենք, որ «ՄԱՊ» գործարանի սեփականատերը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Ալեքսան Պետրոսյանն է:

 

ՎՏԱՆԳ ՉԿԱ
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանից պարզել՝ արդյո՞ք վտանգ չի սպառնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այն առումով, որ ձերբակալվել, տնային կալանքի տակ է գտնվում է «Սիստեմա» ընկերության հիմնադիր Վլադիմիր Եվտուշենկովը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ընկերության անկախ տնօրենի պաշտոնն է զբաղեցնում ու կանխատեսումներ կան, որ հնարավոր է՝ նա եւս ընդգրկվի այդ գործում: «Ընդհանրապես վտանգ չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը լրիվ ուրիշ ֆունկցիաներ, պարտականություններ ու աշխատանք ունի: Նա կապ չունի դրա հետ»,-վստահեցրեց ալամ աշխարհի հայերի միության նախագահը:
Անդրադառնալով գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը, Ա. Աբրահամյանը հայտարարեց. «Պետք է համբերություն ունենալ, եւ ամեն ինչ կպարզվի ու Լեւոն Հայրապետյանը դուրս կգա: Մենք բոլորս՝ երկուսուկես միլիոն հայությունը Ռուսաստանում, մտահոգված է այդ խնդրով: Կարծում եմ՝ երբ Եվտուշենկովը խոսի, Հայրապետյանին ազատ կարձակեն»:

 

ԱՆԳԱՄ ՏԱՏԻՆ ՉԵՆ ԽՆԱՅԵԼ
Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է առել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, նրա կնոջ` Սանդրա Ռուլովսի, ինչպես նաեւ մոր եւ տատի ունեցվածքը: Այս մասին լրագրողներին հայտնել է նախկին նախագահի փաստաբան Օթար Կախիձեն` նշելով, որ իրենք մտադիր են դիմել Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարան:

 




Լրահոս