ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶԱՆԳԵՐԸ ՉԵՆ ԳՐԱՆՑՎԵԼ. ՓՈՂԵՐԸ ՉԿԱՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հարուցված քրեական գործը ուշագրավ զարգացումներ է ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում եւս երկու հոգի կալանավորվել են:

Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարումը ստանձնած Իգոր Կլիմկոն 2013-ի սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, շտապ լքեց Հայաստանը:
Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ նրա անսպասելի հեռանալը պայմանավորված է ֆինանսական չարաշահումների հետ:
Արդյունքում, մեկ տարի անց՝ հուլիսի 10-ին, տեղեկություններ տարածվեցին, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ավելին՝ «ԱրմենՏել»-ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարույթում:
Անցել է շուրջ երկու ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյո՞ք հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռեւս չի հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյին, սակայն գործի շրջանակներում կալանավորվել են երկու այլ անձինք: Բելառուսի Հանրապետությունում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի տեխնիկական գծով տնօրեն Վլադիմիր Սաչկովը: Այս օրերին որոշվում է նրան Հայաստանի իրավապահներին արտահանձնման հարցը: Նա, մեզ հասած տեղեկություններով, ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի ազգային անվտանգության ձեռքում չհայտնվի: Թե ինչու, դեռ վաղ է ասել:
Բացի այդ, նշված գործի շրջանակներում, Հայաստանում կալանավորվել է «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը: Իսկ թե նրան կոնկրետ ինչի մեջ են մեղադրում, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
Հետաքրքիր է՝ ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ կոնկրետ ի՞նչ ճանապարհով է «ԱրմենՏել»-ի նախկին տնօրենը իրականացրել այն:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ընկերությունում որոշ ժամանակ «թանկարժեք» զանգերը չեն գրանցել: Այսինքն՝ սպառողները զանգել են ինչ-որ տեղ, դրա համար վճարել են «ԱրմենՏել»-ին, սակայն գոյացած գումարները ընկերության բյուջե չեն մտել: Չգրանցված զանգերի միջոցով ահռելի գումարներ են գոյացել ու փոշիացվել: Լուրեր են պտտվում, որ չարաշահումների թիվը հասնում է մոտ 6 մլն դոլարի:
«Ժողովուրդ»-ը նախ այս տեղեկությունները փորձեց պարզել «ԱրմենՏել» ՓԲԸ-ից: Ի պատասխան մեր հարցման, «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության պատասխանատու Տաթեւ Այրումյանն ասաց. «Ընկերության շահերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումների դեպքում, ընկերությունը դիմում է համապատասխան իրավապահ մարմիններին: 2013 թվականի դեկտեմբերին «ԱրմենՏել»-ը դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ խնդրանքով իրականացնել ստուգումներ՝ կապված ընկերությունում հայտնաբերված որոշակի հնարավոր խախտումների հետ: Արդյունքում հարուցվել է քրեական գործ, «ԱրմենՏել» ընկերությունը ճանաչվել է տուժող կողմ: «ԱրմենՏել» ընկերությունն իրավասու չէ մեկնաբանել հետագա գործողությունները, որոնք իրականացվում են իրավապահ մարմինների կողմից եւ գտնվում են նրանց իրավասության ներքո»:
Այսինքն՝ «ԱրմենՏել»-ից եւս հաստատում են, որ եղել են չարաշահումներ, բայց թե ով՝ ինչպես եւ ինչ ծավալի օրինախախտումներ է թույլ տվել, նրանք չեն մանրամասնում:
«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղից հայտնեցին, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է՝ ավանդաբար հրաժարվելով մանրամասներ ներկայացնել: ԱԱԾ-ից հիշեցրեցին նախաքննական գաղտնիության մասին:
Հ.Գ. Զարմանալի զուգադիպությամբ այդ դեպքից առաջ, փետրվարի 3-ին, Ծաղկաձորի «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին։ Վերջինս «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատում էր որպես կոմերցիոն տնօրեն։ Ըստ տեղեկությունների՝ վերջինս գնացել էր դահուկ քշելու, կորցրել էր տեղանքը եւ ցրտահարվելուց մահացել։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԳՈՒԳԱՐՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾԸ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆ ԷՐ

Օգոստոսի 18-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանվել էր համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի մտերիմ հարազատներից մեկը:

Եվ այսպես, տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Ղավալյանը ներխուժել է Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում դանակով սպանել նրան, վիրավորել Հայկանուշի եղբորորդուն` Րաֆֆի Աշուղյանին եւ հեռացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուրը ցանկացել է գողություն կատարել, սակայն բնակարանի անդամների դիմադրության արդյունքում, ինքը եւս վիրավորվել էր եւ չէր հասցրել իրագործել ծրագրերը:
Armlur.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջեւ տարաձանություն չի եղել»:
Ըստ գյուղապետի՝ Րաֆֆին եւ սպանություն կատարող Արթուրն այժմ գտնվում են Վանաձորի բժշկական կենտրոնում: Armlur.am-ին ԲԿ-ից հայտնեցին, որ Աշուղյանն ու Ղավալյանն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկացանք նաեւ, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 112 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը): Հանգամանքները պարզվում են:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԲԼԹ

 

«Նախարարության գործունեության նկատմամբ վստահության ապացույցն է կազմակերպված այս եւ այլ համաժողովներին, միջոցառումներին Սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը»:

Հովիկ Աբրահամյան Gov.am

Վարչապետը Հայաստանում բոլոր հարցերը լուծեց-վերջացրեց, հիմա էլ անցավ Սփյուռքի նախարարության գովքին: Փաստորեն, նախարարության գործունեությունը պետք է սահմանափակվի միայն համաժողովներ ու միջոցառումներ կազմակերպելո՞վ` անկախ դրանց արդյունավետությունից: Կամ ի՞նչ արդյունք են առ այսօր իրականում տվել այդ միջոցառումները, օրինակ՝ «Արի տուն» ծրագիրը: Մի շարք երիտասարդներ եկան եւ գնացին, իսկ նպաստե՞լ է դա որեւէ կերպ ներգաղթին, կամ Սփյուռքի հետ կապերի սերտացման արդյունքում ավելացե՞լ են ներդրումները եւ վերջապես՝ Հայաստանի բնակչությունը ի՞նչ է շահել դրանից:

 

 

«Անկախ Շոտլանդիայում հանրաքվեի արդյունքներից, շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ինքնորոշման սկզբունքի իրացման դրսեւորում»:

Էդվարդ Նալբանդյան News.am

Ծամծմված պրոտոկոլային արտահայտություններ են, որ պաշտոնյաների կողմից կարելի է լսել գրեթե ամեն օր տարբեր առիթներով: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են սովորաբար կազմակերպվում եւ ընթանում ընտրություններն ու հանրաքվեները` եւ ոչ միայն Հայաստանում: Հասկանալի է, որ առանց բրիտանական կողմի ճնշման շոտլանդացիների մեծամասնությունը դժվար թե հրաժարվեր անկախանալու հնարավորությունից: Բայց մեր ԱԳ նախարարը դա, այնուամենայնիվ, համարում է ազատ կամարտահայտություն, ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունք են համարում ամեն անգամ ՀՀԿ-ականների վերարտադրումը:

 

 

«Ես ոնց հասկանում եմ` Գագիկ Ծառուկյանի նպատակն է, որ երկրում դրական փոփոխություններ լինեն, ժողովրդի վիճակն ավելի լավանա»:

Գարեգին Նուշիկյան Yerkir.am

Ահա թե ինչպիսի սոլիդարություն են պահում միմյանց նկատմամբ ֆինանսական միջոցներից բնավ չխեղճացող քաղաքական գործիչները: Հետո ինչ, որ Գարեգին Նուշիկյանը ՀՀԿ-ական գործարար պատգամավոր է, իսկ Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ-ական օլիգարխ եւ այս պահին փաստացի ղեկավարում է արդեն ոչ հրաշալի «եռյակը»: Դա կապ չունի, կարեւորը մեր գործիչները գիտակցում են, որ առաջնայինը իրենց շահերն են եւ չեն զլանում լրացուցիչ անգամ միմյանց գովքով զբաղվել: Եվ իհարկե, ինչպե՞ս կարելի է չհիշատակել Գագիկ Ծառուկյանի` մեծն բարերար, եւ ժողովրդասեր արժանիքների մասին:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 




Լրահոս