ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՑԵԼԻ ԵՐԵՔ ՏԵՂԵՐԸ

«Վիկիլիքս»-ի կողմից բացահայտված ԱՄՆ ներքին նամակագրության հերթական փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինիս զեկուցագիրը գրվել է 2008թ. փետրվարի 19-ին՝ ՀՀ նախագահի ընտրության առթիվ: Հեղինակը Պետդեպին է ներկայացնում Հայաստանում տիրող դրությունը՝ մասնավորապես նշելով Սերժ Սարգսյանի հանդեպ հասարակության ունեցած վերաբերմունքը: Փենինգտոնի զեկուցագիրը գլխավորապես միտված է ԱՄՆ պաշտոնյաներին Սերժ Սարգսյանի հնարավոր դժվարությունները մատնանշելուն: Հեղինակը պատմում է, թե ինչ կարծիք ունեն հասարակական տարբեր խավերը Սարգսյանի մասին՝ ուրվագծելով վերջինիս աքիլլեսյան գարշապարը:

Փենինգտոնը նախ եւ առաջ հարկ է համարում ընդգծել, որ Սերժ Սարգսյանին օգնող առաջին հանգամանքը ընդդիմության մասնատված լինելն է: Ըստ հեղինակի՝ տարաձայնություններով լի հայկական քաղաքական ներկապնակը լի է հին գժտություններով, խոշոր ամբիցիաներով ու սուր մրցակցությամբ: Ամերիկացու տպավորությամբ՝ քաղաքացիները անլրջությամբ են վերաբերվում իրենց առաջնորդներին, քանի որ նրանց միավորվելու անկարողությունը, շարունակական վեճերն ու սեփական հավակնությունները Հայաստանի ազգային շահերից վեր դասելը դարձել են սովորական պրակտիկա: Դիվանագետը նաեւ փաստում է, որ հասարակության զգալի հատվածի համար ընտրապայքարին մասնակցում է ընդամենը երկու թեկնածու՝ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փենինգտոնը նկատում է, որ Հայաստանում անգամ ընտրության օրը կարելի է հանդիպել բազում ընտրողների, ովքեր զարմանում են, երբ լսում են, որ բացի երկու թեկնածուներից, էլի մարդիկ կան ընտրապայքարում: Այստեղ Փենինգտոնն ուղղակիորեն հաստատել է, որ ընտրապայքարում եղած մնացած թեկնածուները հասարակության շրջանում լուրջ տպավորություն չեն թողել: Ավելին՝ հենց այդ ընտրությունների ընթացքում ապացուցվեց, որ առաջադրված թեկնածուները գլխավորապես խաղում էին իշխանության խաղը ու կատարում իրենց` «հաճախորդի» պարտականությունը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոցելի տեղերին՝ Փենինգտոնն առանձնացնում է երեք գործոն. կոռուպցիան, Ս. Սարգսյանի ղարաբաղցի լինելը եւ սպառողական ապրանքների գների շարունակական աճը: Ըստ դիվանագետի՝ կոռուպցիան Սարգսյանի ամենաբացասական կողմն է: «Կոռուպցիայի տարածվածությունը եւ անգամ շարունակական աճը վերջին տասը տարիներին շատ ընտրողների է ստիպել հիասթափվել ներկա իշխանություններից»: Ամերիկացին ավելացնում է, որ թեպետ Սերժ Սարգսյանը հայտարարել է իր պատրաստակամությունը՝ ընտրվելու դեպքում վերացնել կոռուպցիան, այդուհանդերձ, հայության մեծ մասը նրան պարզապես չի հավատում: Փենինգտոնի կարծիքով՝ հաջորդ խնդիրը կապված է Սարգսյանի ղարաբաղյան ծագման հետ: Ըստ նրա՝ Սարգսյանը, իր երիտասարդության մեծ մասն ու կարիերան անցկացրած լինելով Ղարաբաղում, շարունակում է Հայաստանի քաղաքական դաշտում համարվել օտար: Զեկուցագիրը հավաստում է, որ «Սարգսյանը Հայաստանում բարձր պաշտոններ է շնորհում ղարաբաղյան իր ընկերներին կամ կոլեգաներին՝ է՛լ ավելի ակտիվացնելով ծանոթով աշխատանքի տեղավորվելու ավանդույթը»:
Զարգացնելով տեղայնացվածության խնդրի քննարկումը՝ Փենինգտոնը նկատում է, որ ՀՀ քաղաքացիների մի մասը, որն առավելապես հայտնի է որպես «ինտելիգենցիա», հակադրվում է Սարգսյանին: Հեղինակն այս եզրույթով է բնորոշում այն քաղաքացիներին, ովքեր «սովետական շրջանի իրենց կրթական ու մասնագիտական հաջողություններով ապահովում էին հասարակական առավելությունները, ինչը խաթարվել է Հայաստանի անկախության նվաճումով»: Դիվանագետի կարծիքով՝ «նրանք ծիծաղում են այնպիսի պարզ, գյուղացի ղարաբաղցիների վրա, ինչպես, օրինակ, Սարգսյանն է, ով պիտի կառավարի իրենց երկիրը»: Փենինգտոնը հավելում է, որ այս մարդիկ փոխարենը հարգում են Տեր-Պետրոսյանին՝ որպես արեւելագիտության դոկտոր՝ արժեւորելով նրա գիտելիքները: Հեղինակն ավելացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի նման՝ Սերժ Սարգսյանը եւս նոր է սկսում սովորել հրապարակային արդյունավետ խոսքի արվեստը, ուստի «նրա նախորդ բոլոր փորձերը տապալվել են՝ երեւանցիներին մոռացնելու իր պրովինցիալ ծագումն ու ցածր կրթվածությունը»: Փենինգտոնը մասնավորեցնում է, որ սովետական շրջանում միջին կարգավիճակ ունեցող այդ մարդիկ անկախության շրջանում ստիպված են բանվորական աշխատանք կատարել օրվա ապրուստը վաստակելու համար, ուստի չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են Քոչարյանը, Սարգսյանն ու նրանց շրջապատը այդքան հեշտությամբ զգալի կարողության տեր դարձել:
Անդրադառնալով Սարգսյանի աքիլլեսյան երրորդ գարշապարին՝ հեղինակը հիշատակում է սպառողական ապրանքների գների շարունակական աճը: Նա պնդում է, որ դրամ-դոլար փոխհարաբերակցությունն ու տատանումը խիստ վնասում են այն քաղաքացիներին, ովքեր կախված են արտաքին ֆինանսական փոխանցումներից: Դիվանագետը նշում է, որ այս քաղաքացիներն անընդհատ վնասներ են կրում ու ականատեսը լինում մշտական թանկացումների: Հեղինակի համոզմամբ՝ բազում ընտրողներ զայրացած են եւ մեղադրում են իշխանություններին իրավիճակը դիտավորյալ կերպով սրելու մեջ: Փենինգտոնը մեջբերում է հասարակության շրջանում տարածված այն պնդումը, թե իշխանությունները թույլ են տալիս «իրենց օլիգարխներին» բարձրացնել ներկրվող ապրանքների գները, որպեսզի ձեռք բերած եկամուտով փոխհատուցեն Սարգսյանի քարոզարշավի համար ծախսված գումարները: Նկատենք, որ եթե Փենինգտոնը հասարակության շրջանում տարածված այս խոսակցությունները ներառում է Վաշինգտոն ուղարկվող իր զեկույցում, ուրեմն դրանցում տեսնում է ճշմարտության որոշակի հատիկ: Ի վերջո, մշտապես կրկնվող գործընթաց է, երբ ընտրությունների ավարտից հետո ապրանքների գները բարձրանում են, ինչը նպաստում է բացառապես ներկրելու մենաշնորհ ունենցող օլիգարխների հարստացմանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը ոռոգման ջրի մասով բազմաթիվ բողոքներ ստացավ: Իսկ օրեր առաջ էլ անդրադարձանք Արմավիրի եւ Արարատի մարզերում ջրի սակավության հետեւանքով ստեղծված պատկերին: Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի մարդիկ ապահովվեն ե՛ւ խմելու, ե՛ւ ոռոգման ջրով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արարատի մարզի մի շարք համայնքներ մի քանի օրով զրկվեցին ոռոգման ջրից: Այս խնդրի կապակցությամբ առաջինը ոտքի կանգնեցին Այգեստան համայնքի բնակիչները. նրանք բողոքի ակցիա անցկացրեցին: Հետո այգեստանցիների, Դվինի բնակիչների այս բողոքին հետեւեց Արմավիրի մարզի Հոկտեմբերյանի տարածաշրջանի ավելի քան 15 համայնքի բնակիչների դժգոհությունը: Բանն այն է, որ Ախուրյանի ջրամբարն այս տարի իր տարողունակության կեսի չափով է լցվել, ինչի պատճառով էլ այս ջրամբարից սնվող գյուղերը ներկայում կանգնել են փաստի առաջ:
Այս դժգոհություններին հաջորդեց «Դողագործ կահույք» այգեգործական ընկերության անդամների բողոքը: Նրանց պտղատու այգիները գտնվում են Նոր Խարբերդի այգեգործական տարածքում: «Ժողովուրդ»-ին դիմած այգեգործների պնդմամբ՝ 2014 թվականից սկսած իրենք ոռոգման ջուրը ստանում են շաբաթվա մեջ ընդամենը երկու օր՝ շաբաթ եւ կիրակի օրերին: Նշենք, որ նախօրեին ՀՀ կառավարության որոշմամբ` Արարատյան, Հրազդանի եւ Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարվել: Եվ նշված տարածքներում խմելու եւ ոռոգման նպատակով ջրամատակարարում պետք է ապահովվի նոր կամ այլընտրանքային աղբյուրներից:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի հետ, ով ասաց. «Սրանից բխող գործառույթները կառավարությունում իրականացվել են. տարբեր տեղերից այլ ռեսուրսներ ենք հայթայթել, որպեսզի կարողանանք մարդկանց ջրով ապահովել: Բնականաբար, կառավարությունը լրացուցիչ 15 մլն դրամ էր հատկացրել եւ մինչեւ սեպտեմբերի 15-ը մենք պոմպերով պետք է կարողանանք ոռոգման սեզոնն ավարտել եւ աշնանացանը կազմակերպել: Որոշակի լարվածություն եղել է եւ մենք այս պահի դրությամբ փորձում ենք դա հարթել: Պետք է շարունակենք լուծումներ գտնել: Առանձին դեպքեր լինում են, բնականաբար, պոմպ է փչանում եւ կարող է որոշակի խնդիրներ առաջանալ, ինչի պատճառով տեխնիկական աշխատանքները դադարեցվում են, ու որոշ ժամանակով մարդիկ կարող են ջուր չունենալ: Բայց ընդհանուր առմամբ համակարգը ծանր եւ լարված ռեժիմով աշխատում է, իսկ հիմնական նպատակն այն է, որ կարողանանք առաջին հերթին խմելու եւ ոռոգման ջրի հարցը գոնե լուծել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում այս ուսումնական տարում երկրորդ դասարան չկա, իսկ 1-ին, 5-րդ եւ 7-րդ դասարաններում կա ընդամենը 1 աշակերտ: Այժմ դպրոցում առկա է ընդամենը 4 լիարժեք դասարան: Օրերս Բարեկամավանի դպրոցի 4 ուսուցիչ՝ տնօրեն Աստղիկ Ազատյանի գլխավորությամբ, եղել են Տավուշի մարզպետարանում, հանդիպել մարզպետ Հովիկ Աբովյանի հետ:
Նրանք մարզպետին են ներկայացրել դպրոցում թվով 5-րդ դասարան ունենալու խնդիրը: Մարզպետը խոստացել է հարցը ներկայացնել կրթության եւ գիտության նախարարին եւ խնդրին լուծում տալ: Աստղիկ Ազատյանի խոսքով՝ տարբեր տարիքի երեխաներին դժվար է ընդգրկել եռակոմպլեկտ դասարաններում եւ նրանց համար բնականոն ուսուցում կազմակերպել: Դա հատկապես բարդ է անել բարձր դասարանների աշակերտների պարագայում:
Տնօրենի խոսքով՝ գյուղում հիմնականում մնացել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, որոնց ծնողների մեծ մասը միջնակարգ կամ ութամյա կրթություն ունի: Այդ երեխաները սահմանային գնդակոծություններից պարբերաբար սթրեսներ են տարել: Բարեկամավանում մանկապարտեզ չկա եւ դպրոցի երեխաները նախադպրոցական կրթություն չեն ստացել: Գյուղում չի գործում որեւէ մշակութային օջախ: Այս ամենը բարդացնում է դպրոցների ուսուցիչների աշխատանքը, խանգարում ուսումնական գործընթացի արդյունավետությանը: Ա. Ազատյանը նշեց, որ Հայաստանի այլ բնակավայրերում կատարվում են արտադասարանական պարապմունքներ, գործում են կրկնուսույցներ: Մինչդեռ Բարեկամավանում դա էլ չկա:
Ա. Ազատյանը երկար տարիներ ղեկավարում է գյուղի կրթօջախը եւ ամենայն հնարավորն անում է դպրոցը պահպանելու համար: Նա ամեն տարի տարբեր հովանավորներից հայթայթում է դասագրքերի վարձակալության գումարները, եւ երեխաները դասագրքերի համար չեն վճարում: Բարեկամավանի դպրոցի համար խնդիր է ադրբեջանական գնդակոծությունից վնասված տանիքի նորոգումը: Ա. Ազատյանը շատ է ցանկանում, որ տանիքի նորոգման համար որեւէ կազմակերպություն մի քանի ազբոշիֆեր հատկացնի:
Այս ամենից բացի՝ դպրոցը նաեւ ջուր չունի, կենցաղային նպատակով օգտագործելու համար ստիպված հավաքում են անձրեւաջրերը: Դպրոցին խմելու ջուր մատակարարող պոմպը փչացել է եւ այն նորոգելու համար գումար չկա: Տնօրեն Ազատյանը 5 հազար դրամ է հատկացրել գյուղի տրակտորիստին, ով ցիստեռով դպրոցի համար ջուր է բերել: Անցյալ դարի 70-ական թվականների կեսին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: Մինչդեռ այս ուսումնական տարում Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 23 աշակերտ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս