«ՆԱՄՈՒՍՈՎ ՄԱՐԴ ԵՄ, ԷԼ ՉԵՄ ԵՐԳԻ»
Վերջերս երգիչ Թաթուլ Ավոյանը տոնեց իր 50-ամյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա անդրադարձավ իր ծննդյան տոնակատարության մանրամասներին, ինչպես նաեւ խոսեց իր սիրելի երաժշտական ոճի` «ռաբիս»-ի մասին:
-Օգոստոսի 22-ին տոնեցիք Ձեր 50-ամյակը: Հայտնիներից ովքե՞ր էին եկել Ձեզ շնորհավորելու:
-Դե որ հայտնի ենք, դա փաստ է, որ երգիչ ընկերներ շատ ունեմ, դա էլ է փաստ, որ քեֆ ու ուրախությունների անհերքելի առաջամարտիկներ ենք, այդ մասին բոլորը կվկայեն, բայց այս անգամ այլ կերպ եղավ: Ընտանիքիս անդամները Հայաստանում չեն, ԱՄՆ-ում են գտնվում, իսկ առանց իրենց քեֆ ու ուրախության հավես չունեմ: Համ էլ շոգ օր էր, ընկերներիս ասեցի` շորտիկ ու տապչկա վերցնեն գան` բասեինում հովանանք: Ես անմիջական մարդ եմ, էլի, սիրում եմ տենց բաներ:
-Ձեր նախընտրած երաժշտական ոճը շատերն են քննադատում: Ասում են, որ մեր հազարամյա մշակույթին հարիր չէ նման երգեր տարածելը: «Ռաբիս»-ը նույնացնում են թուրքական ու արաբական երաժշտության հետ: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Լավ են անում քննադատում են, թող քննադատեն, ինչ ուզում են թող անեն: Համ էլ ճիշտ են անում: Դե իրենք քաղաքակիրթ, ինտելիգենտ մարդիկ են, հո հասարակ մահկանացուներ չե՞ն: Մենք եթե անճաշակ ենք ու տարածում ենք անորակ երաժշտություն, հո ժողովուրդն էլ այդպիսին չէ՞: Տեսե՞լ եք որեւէ հայկական հարսանիք, որտեղ չհնչեն` մեր երգած «անճաշակ» երգերը: Հաստատ տեսած չեք լինի: Մենք կարգին գործ ենք անում ու հա էլ կանենք:
-Ի՞նչը կստիպի Ձեզ այլեւս չերգել:
-Ես կարգին նամուս ու թասիբ ունեցող մարդ եմ, կարող եք չկասկածել: Երգն իմ տարերքն ա, ես սիրում եմ մարդկանց ուրախացնել: Հաճելի է, երբ հարսանիքները կամ այլ ուրախ առիթները դու քո երգածով ծաղկեցնում ես, համ ու հոտ ես տալիս: Բայց դե ի՞նչ ասեմ: Եթե ժողովուրդը էլ չուզենա մեզ լսել, այ էդ օրից նամուսս կքաշեմ ինձ ու էլ չեմ երգի: Բայց տենց բան չի լինի, մենք հեչ էլ արաբական ու թուրքական երգեր չենք երգում, մենք տնավարի ու հայեցի ուրախացնում ենք մեր ազգին, ազգս է դրա վկան:
-Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ կապ ունե՞ք: Նրանց ներկայացրած երաժշտությանն ի՞նչ գնահատական կտաք:
-Հա, ծանոթ եմ, ինչի՞ ծանոթ չեմ: Տեսնում եմ` ինչ ա կատարվում, ամեն ինչ էլ նկատում եմ: Տենց որ ասեմ, եսիմ, ինչ կապ ունեմ, չէ՞, բայց դե իրենք էլ իրենց երգածով են էլի սիրվում: Ես ինչ գնահատական տվող եմ, հո ժյուրի չե՞մ: Մարդ են, էլի, երգում են, թող երգեն: Կարեւորը նամուսով երգեն, մենակ դա է կարեւորը: Ամեն ինչի մեջ էլ պետք է նամուս ու թասիբ լինի: Մարդ կա միկրոֆոն ա տեսնում, իրան կորցնում ա, մենակ առնի ձեռքը ու դուրս գա բեմ, երգի: Համ էլ մի բան էլ կա. լավ հովանավոր ունենալը լավ բան է: Այ եթե լավ հովանավոր ունենան, կարգին առաջ կգնան: Օրինակ՝ մենք մեր ձայնի, ժողովրդի տածած սիրո հաշվին ենք ճանաչվում ու սիրվում, իսկ ուրիշներն այդ ամենին այլ ճանապարհներով են հասնում:
Բայց վատ բան էլ չեմ ուզում ասել. թող երգեն, ու թող ժողովուրդն էլ դատի: Այ իրենք իսկական ժյուրի են, մի բան էլ ավելի:
-Հայաստանյան քաղաքական իրադարձություններին հետեւո՞ւմ եք: Առհասարակ հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ:
-Հա, բա ինչ եմ անում: Ես էլ եմ սիրում ամեն ինչից տեղեկացված լինել, իմանալ, ասենք՝ ով դարձավ նախագահ, ով ինչ պաշտոն ստացավ, բայց այդ ամենն անում եմ չափի սահմանում: Մեր ազգի մեծագույն խնդիրը հենց դա է. չգիտեն՝ որտեղ ինչքան խորանան: Չափի զգացողություն չունեն, նամուս չունեն: Այո, այստեղ էլ է նամուս հարկավոր: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի ու դա անի մարդավարի, տեղը տեղին: Թող ես երգեմ ու իմ ազգին ուրախացնեմ, մեկ ուրիշը թող հիվանդներին բուժի, էն մյուսը թող քաղաքականությամբ զբաղվի, իսկ էն մյուսն էլ` քաղաքականություն վերլուծի: Ճիշտ է` երկրի քաղաքականությունից շատ բան է կախված, բայց դա չի նշանակում, որ ամեն պատահած մարդ պետք է քաղաքական հարցեր քննարկի ու կարծիքներ հայտնի:
ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՀԱՄԵՐԳ ԿՏԱ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Հոկտեմբերի 3-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգով հանդես կգա Մոսկվայում: Նա ներկայացնելու է իր դասական երգացանկը: Նոր երգեր չեն հնչելու: Իր հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասել է, որ շարունակում է մտածել ռուսերենով սկավառակ թողարկելու մասին: Այս առիթով նա նշել է, որ շատ ռուսերեն բառեր գիտի, սակայն ազատ չի խոսում: Ունի ռուսերեն տեքստեր, որոնք ցանկանում է թարգմանաբար հասկանալ՝ նախքան ձայնագրվելը: Նա նկատել է, որ Ռուսաստանն այն երկրներից է, որտեղ գտնվելն իր համար միշտ առանձնապես հաճելի է եղել:
Ազնավուրն իր բազմամյա կարիերայի ընթացքում ավելի քան հարյուր սկավառակ է թողարկել, նկարահանվել է 60 ֆիլմերում, արժանացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 1997-ին «Սեզարի»՝ կինոյում իր ներդրման համար:
ՀՆԱԳՈՒՅՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի հերթական համերգը կրում էր «Հանդիպում Խաչատրյանի հետ» խորագիրը։ Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում եւ նվիրված էր Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 90-ամյակին։
Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհի հնագույն գործող քառյակն է: Հիմնադրվել է 1924թ. Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լեւոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) եւ Սարգիս Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Ե. Գուզիկով): Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ հնչեցին Խաչատրյանի կամերային գործերը՝ Տոկատ դաշնամուրի համար, Պար թիվ 1 ջութակի եւ դաշնամուրի համար, Երգ-պոեմ ջութակի եւ դաշնամուրի համար, Տրիո կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար, Պոեմ դաշնամուրի համար եւ այլ ստեղծագործություններ։
ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հոկտեմբերի 1-5-ը Ծաղկաձորում կանցկացվի Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կազմակերպած «Ես եմ» միջազգային կինոփառատոնը: Նախնական փուլում ներկայացված է եղել 121 ֆիլմ, որոնցից հանձնաժողովի անդամները ընտրել են 80-ը: Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ֆիլմերի շարքում հայկական ֆիլմերի թիվը բավականին սահմանափակ է. Հայաստանն ընդամենը 7 ֆիլմով է ներկայանալու:
Փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված են բազմաթիվ երիտասարդ կինոգետներ եւ կինոքննադատներ: Հյուրեր են սպասվում Ղազախստանից, Վրաստանից, Գերմանիայից եւ այլ երկրներից:
ԲԻԶՆԵՍՈՒՄ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ
Արսեն Սաֆարյանը շուտով իրեն կդրսեւորի բիզնես ոլորտում: Երգիչն առաջիկայում պատրաստվում է ռեստորան-ակումբ բացել, որտեղ նախատեսվում է կազմակերպել հեղինակային երեկոներ, շնորհանդեսներ եւ այլ միջոցառումներ: Ռեստորան-ակումբում հանդես են գալու էստրադային ոճի երգիչները: Ռեստորան-ակումբի անվանումը դեռ հստակ որոշված չէ, հավանական է, որ ակումբն անվանվի երգչի ազգանվան սկզբնատառերով Safclub:
ՎԱՃԱՌՈՂԻ ԴԵՐՈՒՄ
Արդեն մեկուկես տարի է, ինչ Վիկտորիա Բեքհեմը փորձում է լոնդոնյան նախկին մթերային խանութը վերածել «շոու-ռումի», որտեղ կներկայացնի իր դիզայներական աշխատանքները: Բուտիկի բացումը սարերի հետեւում չէ, մանավանդ որ Վիկին արդեն իսկ ունի երկու վստահելի աշխատակից:Վերջին հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, թե չի բացառվում, որ իր խանութ-սրահում այցելուներին սպասարկեն նաեւ ամուսինն ու ավագ որդին. «Ինձ դուր է գալիս այս բիզնեսը: Ես անձամբ կաշխատեմ գնորդների հետ: Ով գիտի, գուցե Դեւիդը այցելուների համար դուռը կբացի, իսկ Բրուքլինը կդառնա հանգստյան օրերի վաճառող»: