ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ո՞ՒՄ ՀԵՏ ԷԻՔ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Հայաստանի անկախության օրը «Իրաքի եւ Սիրիայի իսլամական պետության» ահաբեկիչներն ականապատել եւ պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Սա այն եկեղեցի-հուշահամալիրն էր, ուր ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները: Թե ինչ վիճակում է գտնվում եկեղեցին, դեռ հայտնի չէ, քանի որ ահաբեկիչները, որոնց տիրույթում է գտնվում տարածքը, լուսանկարներ չեն հրապարակել:
Տեղի ունեցածի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտող հայտարարություն է արել. «Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս, այսպես կոչված, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները»: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ ասել է. «Եթե Թուրքիան կապ չունի Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու դեմ իրականացված ահաբեկչական գործողության հետ, այն պետք է անմիջապես հանդես գա համապատասխան դատապարտող հայտարարությամբ»:
Այն, որ այդ վայրագ խմբավորման թիկունքից երեւում են Թուրքիայի ականջները, վաղուց բոլորին է հայտնի: Պարզապես այս իրավիճակում տարակուսելին այն է, որ տակավին վերջերս՝ 5-6 տարի առաջ նույն Է. Նալբանդյանը սեփական այտերի զոհաբերությամբ «բարբարոսների հետ» «հայ-թուրքական արձանագրություններն» էր ստորագրում: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին եւ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովն էլ հատարարում էին, թե Թուրքիան փոխվել է:
Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ պայթյունը եղավ Թուրքիայի նախկին նախագահի հետ «դոլմա» կերած Սերժ Սարգսյանի եւ Հռոմի պապի հանդիպումից հետո:

 

 

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավը մի քանի ժամ փակ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ մի շարք կուսակցականներից, նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռեցին: Մեր աղբյուրներից հաջողվեց պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով, քանի որ վստահ են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը բավականին թուլացած վիճակում է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի վճռական պահին նրանք կատարեն Ծառուկյանի հրահանգները: Վերջինս հաստատուն քայլերով նաեւ ազատամարտիկների տարբեր միություններ է ձեւավորում, որը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի: Ամեն դեպքում, դրանցից մեկի՝ «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) ղեկավարությամբ կայացել է շաբաթ օրը՝ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում:

 

 
Կյանքի հետ անհամատեղելի՝ քաղցկեղ հիվանդություն ունեցող կալանավոր, ՀՀ նախկին վարչապետ Տ. Սարգսյանի խորհրդական, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանն այնքան մնաց բանտում, մինչեւ մահացավ: Թե ինչ ճակատագիր է սպասվում մանկապիղծ Սերոբին պատկանող ձեռնարկություններին, դեռ պարզ չէ: Բանն այն է, որ նրա կինը՝ Մադլեն Թաշճյանը, անհետ կորել է: Նրանք երեխաներ չունեն: Մյուս կողմից էլ՝ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սերոբին պատկանող «Ախթալա» ԼՀ կոմբինատին վրացական մի ընկերություն հանքանյութ մատակարարելու համար 800.000 դոլար է տրամադրել, սակայն կոմբինատը ընդամենը 50.000 դոլարի հանքաքար է տվել՝ գրպանելով գումարը: Այս հիմքով ընկերությունը Վրաստանում դիմել է դատարան ու հաղթել: Սակայն երբ գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, այստեղ չեն ընդունել որոշումը: Ընկերությունը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ: Տեղեկացնենք, որ այժմ հանքի փաստացի տնօրենը ԶՊԿ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է:

 

 
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության միջեւ սպասվող բանակցությունները, առայժմ սահմանադրական փոփոխությունների շուրջ, պաշտոնապես կսկսվեն Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք այցից հետո: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սարգսյանը հրահանգել է իր թիմակիցներին՝ մասնավորապես սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որպեսզի մանրազնին ուսումնասիրի Դաշնակցության ներկայացրած ՍԴ փոփոխությունների փաթեթը եւ իրեն զեկուցի՝ որքանո՞վ են դրանք ձեռնտու ՀՀԿ-ին: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ուզում է չնեղացնել ՀՅԴ-ին, բայց միաժամանակ այդ ցանկությունը չհակադրել ՍԴ փոփոխությունների ընդհանուր գաղափարախոսությանը: Այսպիսով, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դաշնակցությանը իշխանական պորտֆելներ տրամադրելու շուրջ առարկայական քննարկումները Սերժ Սարգսյանը կսկսի Ամերիկայից վերադառնալուց հետո:

 

 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ
Կիրակի օրը կայացած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը Սերժ Սարգսյանի ունեցած ելույթն, ինչպես միշտ, որեւէ կապ չուներ մեր իրականության եւ առավելեւս` իր ու իր թիմի գործելաոճի հետ:
Անդրադառնալով արտագաղթի խնդրին` Ս. Սարգսյանը չգիտես ինչու` այս հարցում իր պատասխանատվությունը փորձեց կիսել իր նախորդների հետ. «Հայաստանի կառավարող բոլոր վարչակազմերի ամենալուրջ խնդիրներից մեկը եղել է արտագաղթը: Եվ իրար թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում մեղադրելու փոխարեն մենք պետք է գործնական միջոցներ գտնենք եւ ձեռնարկենք այդ խնդրին լուծում տալու համար»,-ասաց Սարգսյանը, ով, հիշեցնենք, 2 տարի առաջ հրապարակավ հանրությանը համոզում էր, որ Հայաստանից մեծ արտագաղթ չկա եւ նշավակում էր այն պաշտոնյաներին, ովքեր չեն հերքում արտագաղթի մասին «գաղջ մթնոլորտ» ձեւավորող լրատվամիջոցների հրապարակումները: Այստեղ ի միջի այլոց նաեւ նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի համար արտագաղթը խնդիր չի եղել, քանզի նրա պաշտոնավարման տարիներին արտագաղթի տեմպերը ոչ միայն շեշտակի նվազեցին, այլեւ անգամ արձանագրվեցին ներգաղթի միտումներ:
Հաջորդիվ Ս. Սարգսյանը անդրադարձավ Հայաստան-Սփյուռք միասնականության կարեւորությանը. «Բոլոր դժվարությունների եւ վտանգների պահին Սփյուռքը եղել է մեր ամենամոտ եւ ամենահարազատ հենարանը: Սակայն, արդյո՞ք բոլոր կապերը, հնարավորությունները, ֆինանսական ու քաղաքական կարողություններն ենք կարողացել օգտագործել: Իհարկե՝ ոչ»:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե նա ինչպիսի խորը անջրպետ առաջացրեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ` հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների գործընթացով, ընդգծենք, որ հատկապես իր պաշտոնավարման տարիներին Սփյուռքի շատ ու շատ բարերարներ հիասթափված դադարեցրեցին իրենց գործունեությունը հայրենիքում: Ամենացցուն օրինակը, թերեւս, Քըրք Քըրքորյանն է, ով Ս. Սարգսյանի պաշտոնավարումից կարճ ժամանակ անց դադարեցրեց Հայաստանում Լինսի հիմնադրամի միջոցով իրականացվող բազմամիլիոնանոց բարեգործական ծրագրերը:
Ինչ վերաբերում է սիրիահայերին պետության կողմից ցուցաբերվող օժանդակությանը, ինչի մասին եւս խոսեց Սարգսյանը` հավաստիացնելով, թե՝ «Լուրջ աշխատանքներ են տարվել եւ տարվում նրանց աշխատանքի տեղավորելու, բիզնես սկսելու, բնակարաններ ձեռք բերելու հարցերում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»,-ապա այստեղ անմիջապես հիշում ենք «Նոր Հալեպ» բնակարանաշինական ծրագիրը, որը չեղյալ արվեց, իսկ դրա համար գործարար Հ. Վարդանյանի հատկացրած 100 հազար դոլարն էլ` Հ. Հակոբյանը տնօրինեց ըստ իր հայեցողության:
Դե, իսկ «հայախոս, մայրենիի նկատմամբ սեր եւ ակնածանք ունեցող երիտասարդության դաստիարակման» հետ կապված Ս. Սարգսյանի հայտարարություններից հետո էլ ակամայից հիշում ենք նրա փոքրիկ թոռնիկին, ով հաճախում էր ռուսական մանկապարտեզ` դաստիարակվելով ռուսական հեքիաթներով եւ երգերով:

 

 




Լրահոս