ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ, ՍԱԿԱՅՆ ԿՈՂՄ ՉԵՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ
Երեկ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծը: Այն, սակայն, ԱԺ քառօրյայի օրակարգ չի մտել, քանի որ նախագծին կողմ է քվեարկել միայն Նիկոլ Փաշինյանը:
Նախագծով պատգամավորն առաջարկում էր մի շարք արտոնություններ տրամադրել ադրբեջանական զինված ուժերի դիտակետի տակ գտնվող հայկական բնակավայրերին: «Դրանք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության ներքո, եւ հատկապես ամառվա շրջանում զարգացած իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական քաղաքականությունը որոշակիորեն ճշգտրելու եւ սահմանապահ համայնքների բնակիչներին քաղաքական հավաստիացումներ տալու ժամանակն է առ այն, որ պետությունը կանգնած է այդ համայնքների եւ բնակիչների թիկունքին»,-հայտարարել է Ն. Փաշինյանը:
Նա հավելել է, որ օրենքի նախագծի գաղափարն առաջացել է, երբ իրենք օգոստոսյան սահմանային լարվածության փուլում այցելել են համայնքներ. «Եղել ենք տեղերում, եւ մարդկանց բարձրացրած հարցերի արձագանքն է այս նախագիծը: Կարելի է ասել, որ նախագծի համահեղինակ են սահմանապահ համայնքների բնակիչները»: Պատգամավորը ընդգծել է, որ այս պահին չկա այս խնդրի շուրջ որեւէ այլ նախագիծ ու առաջարկել է դրական եզրակացություն տալ եւ նախագիծն ընդգրկել ԱԺ քառօրյայի օրակարգ: Սակայն բացի Նիկոլ Փաշինյանից, ով «կողմ» է քվեարկել, հանձնաժողովի մյուս անդամները քվեարկել են «ձեռնպահ», ինչի արդյունքում էլ նախագիծն առաջիկա քառօրյա նիստում չի ընդգրկվել:
Նշենք նաեւ, որ օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածության շրջանում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ու միասին այցելեցին շփման գիծ: Այդ ամենից հետո ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե իրենք նաեւ համատեղ օրենքի նախագիծ են ներկայացնելու, որով աջակցելու են սահմանապահ գոտու բնակիչներին: Սակայն մինչեւ այսօր այդ նախագիծը գոյություն չունի, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծն էլ, փաստորեն, դրական եզրակացության չի արժանանում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Կարապետյանի հետ՝ պարզելու, թե ինչու հանձնաժողովը հավանության չարժանացրեց Ն. Փաշինյանի նախագիծը:
-Պարոն Կարապետյան, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը, որի անդամն եք Դուք, որոշել է ձեռնպահ քվեարկել Ն. Փաշինյանի ներկայացրած «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագծին: Ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ Ձեր հանձնաժողովը չի ցանկանում այս նախագծի ընդունմամբ օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին:
-Քվեարկության ժամանակ ձեռնպահ ենք քվեարկել, բայց ընդհանրապես գոհունակություն ենք հայտնել նման օրինագծի համար: Ես եւս այդ գոհունակությունը հայտնել եմ, քանի որ ես եւս սահմանամերձ գոտում ապրել եմ, համայնքում էլ աշխատել եմ ու շատ լավ տեղյակ եմ այդ ամենից: Ուղղակի այնտեղ բացթողումներ կային, ու մենք առաջարկություն ենք արել, որպեսզի մի քանի օր` ոչ շատ երկար ժամանակ անց, այդ բացթողումներն ընդգրկվեն նախագծի մեջ, ինչից հետո էլ այն կներկայացվի հանձնաժողովին: Դրանից հետո այդ նախագիծը ընդունելի կլինի: Կոնկրետ ես դեմ չեմ եղել այդ նախագծին:
-Կարո՞ղ եք մատնանշել, թե կոնկրետ ինչ բացթողումների մասին է խոսքը:
-Կոնկրետ մի բան կարող եմ ասել. Նիկոլ Փաշինյանի նախագծում գրված է, որ, ասենք, սահմանամերձ համայնքներում հողահարկից, գույքահարկից ազատենք գյուղացուն: Շատ ողջունելի է, որ ազատում ենք գույքահարկից եւ հողի հարկից, բայց չէ որ համայնքը շնչում է, գյուղապետարանը շնչում է համայնքում հավաքագրված հողի ու գույքի հարկից գոյացած միջոցների հաշվին: Որեւէ տեղ նշված չէ, թե ինչպես պետք է այդ համայնքը նորից սկսի աշխատել: Էդ համայնքը ինչո՞վ պետք է ապրի, այ էդ կետը պետք է ավելացվի: Ես ասել եմ, որ այդ կետը պետք է ավելացվի ու նշվի, որ պետական բյուջեի միջոցով լուծվի այդ խնդիրը: Էլի նմանատիպ խնդիրներ կային: Բայց ուզում եմ նորից շեշտել` ոչ թե մենք դեմ ենք, այլ շնորհակալ ենք ու ողջունելի է, որ նման նախագիծ է մշակվել:
-ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչները եւս հայտարարել էին, որ սահմանապահ գյուղերին առնչվող նախագիծ են ներկայացնելու, սակայն մինչեւ այսօր նման նախագիծ չի մշակվել: Հնարավո՞ր է՝ դա է նաեւ պատճառը, որ Ձեր հանձնաժողովը չի ցանկանում Ն. Փաշինյանի նախագիծը «կյանքի» կոչել:
-Կոնկրետ ես բացթողումների համար եմ նախագծին «ձեռնպահ» քվեարկել: Այլ խմբակցությունները եթե ցանկանում են նման նախագիծ ներկայացնել, ապա սա արդեն պատրաստ է ու ավելի շուտ օրենք կդառնա, քան մնացածը: Չեմ կարծում, որ «ձեռնպահ» քվեարկողները նմանատիպ բաների համար են այդ կերպ վարվել: Ի դեպ, ես կարող եմ ասել, որ հանրապետականները դեմ չեն այս նախագծին, ուղղակի մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք ընդգրկվելուց հետո, մենք «կողմ» կքվեարկենք, ու այն կդրվի նիստում:
ԵԹԵ ՉԹԱՆԿԱՆԱ, ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԿԿԱՆԳՆԻ
Հոկտեմբերի 1-ից Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտը թանկանալու է: Ստեփանակերտի քաղաքապետարանում որոշում է կայացվել տրանսպորտի սակագինը 70 դրամից դարձնել 100 դրամ: Ըստ շրջանառվող տեղեկությունների` ստեփանակերտցիները խիստ դժգոհ են այդ որոշումից եւ հոկտեմբերի1-ից պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաներ կազմակերպել: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
-Պարոն Գրիգորյան, ինչու եք որոշել թանկացնել մայրաքաղաքային տրանսպորտը:
-Խնդիրն այն է, որ գործող սակագներով այլեւս հնարավոր չէր, որ տրանսպորտն աշխատի` եթե ոչ շահութաբեր, գոնե իր ծախսերը հանելով: Տրանսպորտը սպասարկողները մասնավոր ընկերություններ են, որոնք մեզ հաշվարկներ են ներկայացրել: Այս տարիների ընթացքում, թե՛ մեքենաների մասերը, թե՛ վառելիքը թանկացել են ու հիմա անհնար է, որ տրանսպորտի գինը նույնը մնա: Անգամ այս օրերին երկու տրանսպորտ կանգնել էր ու չէր աշխատում, ստիպված մենք էլ դիմում էինք կառավարությանը, խնդրում էինք աջակցել, որ մարդիկ կարողանան տրանսպորտով գործի գնալ, երեխաներն էլ` դասի: Ու այդ կերպ արդեն անհնարին էր դառնում. կա՛մ պետք է տրանսպորտը կանգներ ու չաշխատեր, կա՛մ մարդիկ միայն տաքսիով պետք է տեղաշարժվեին: Դա է հիմնական պատճատը: Իսկ այդ ընկերությունները հիմնավոր հաշվարկներ են ներկայացրել: Նշվում էր 120-130 դրամ, մենք, սակայն, միջին` 100 դրամի վրա կանգ առանք: Եկանք այն որոշման, որ եթե այդ թանկացումը չլինի, ապա տրանսպորտը պետք է կանգնի: Իսկ դա արդեն անթույլատրելի է: Սրանք հիմնավորված հաշվարկներ են, մենք էլ այդ հաշվարկների հիման վրա խորհրդակցություն անցկացրեցինք, քննարկեցինք ու եկանք այն եզրակացության, որ առանց տրանսպորտի սակագնի բարձրացման հնարավոր չէ:
-Մեր տեղեկություններով՝ Ստեփանակերտի բնակիչներն ի նշան բողոքի` պատրաստվում են բողոքի ակցիաներ անել: Ի՞նչ եք անելու այդ դեպքում:
-Մեզ ոչ ոք նման հարցով չի դիմել, երբ կդիմեն՝ մենք կքննարկենք այդ հարցը: Մեզ Աջափնյակի ու Արեշի բնակիչներն են դիմել ու նշել են, որ իրենք պատրաստ են 100 դրամ տալ, միայն թե տրանսպորտն աշխատի, ավտոբուսը գա իրենց համայնք: Հիմա նաեւ մարդիկ կլինեն, որ իրենց կարծիքը, դժգոհությունը կհայտնեն, բայց այդ ամենը տնտեսական հաշվարկի հիման վրա է արվել: Կարող է այլ մարդիկ մեզանից ավելի շա՞տ են շահագրգռված, մենք ստիպված ենք գնացել այդ ամենին, որպեսզի մարդիկ կարողանան տրանսպորտից օգտվել:
-Երեւանում եւս ցանկանում էին տրանսպորտի գինը թանկացնել, սակայն համընդհանուր բողոքի ալիքի շնորհիվ դա կանխվեց: Հնարավո՞ր է, որ Դուք էլ, ի վերջո, տեղի տաք հանրային դժգոհությանը:
-Նույն բանն էլ Երեւանում է, այժմ էլ ուսումնասիրություններ ու քննարկումներ են գնում: Ես արդեն ասացի` այդ որոշումը կայացվել է տնտեսական հաշվարկների հիման վրա:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵ՞Լ
Սեպտեմբերի 20-ին, ՀՀ ՊՆ N զորամասին ամրակցված «Գազ-66» մակնիշի ավտոմեքենան, որը Արծվաբերդ գյուղի մոտակայքում գլորվել էր ձորը, տեխնիկական խնդիրներ չի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ձորը գլորված մեքենայի վարորդ, կապիտան Պավլիկ Մանուկյանը մեքենան վարելու պահին սրտի կաթված է ստացել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել:
Նշենք, որ 12 զինվոր տեղախոխվել էր Բերդի զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Զինվորների որոշ մասը դուրս է գրվել հոսպիտալից եւ գնացել զորամաս:
Տեղեկացնենք, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` մարտական մեքենաներ վարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
1 ՄԼՆ՝ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Պարզվում է՝ ՀՀ պետական միջոցների հաշվին խոշոր ծախսեր արվել են ոչ միայն ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Թուրքիայի Հանրապետություն կատարած վիճահարույց այցի համար: Հիշեցնենք, որ Նալբանդյանի այցը դեպի Թուրքիայի Հանրապետություն 3 մլն 667 հազար դրամ նստեց պետբյուջեի վրա: Բանն այն է, որ այցը նախապատրաստական փուլեր է ունեցել եւ ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական անձնակազմի բաժնի երրորդ քարտուղար Հովհաննես Վիրաբյանն այս նպատակով նախօրոք՝ օգոստոսի 26-29-ին, մեկնել է Մոսկվա եւ Անկարա՝ Նալբանդյանի՝ Թուրքիա կատարելիք այցը կազմակերպելու համար: Այսպիսով, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վիրաբյանի՝ Երեւան-Մոսկվա-Մյունխեն-Անկարա-Մյունխեն-Երեւան ավիատոմսը, ինչպես նաեւ Մոսկվայում եւ Անկարայում մնալու օրապահիկները եւ գիշերավարձերը վճարելու համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է գրեթե 1 մլն դրամ:
ԿՄԵԿՆԻ ԱՄՆ
Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ: Հանրապետության նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի նաեւ «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: