Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայաստանի Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը: Պարզվում է՝ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կյանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ քաղցկեղ ունեցող կալանավորին այնքան պահեցին, մինչեւ մահացավ:
Իհարկե, մանկապղծության մեղադրանքով դատապարտված կալանավորին ազատ արձակելն էլ սիրուն չէր: Ի վերջո, 71-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականին անչափահասների նկատմամբ բռնությամբ սեռական հարաբերություններ էր հարկադրել: Եվ նրա մեղքը տեսաերիզներով ապացուցելուց հետո դատարանը մանկապիղծին դատապարտեց 15 տարի ազատազրկման: Կալանավայրում պարզվեց, որ նա քաղցկեղով հիվանդ է։
Իսկ ո՞վ էր Տեր-Պողոսյանը մինչեւ նրա մանկապիղծ էության մասին բացահայտվելը.
«Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիան, որը գրանցված էր Բրիտանական Նեվիս կղզում, 2000 թ. մարտի 1-ին «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ հետ համատեղ գործունեության պայմանագիր էր կնքել, իսկ 2002-ի հոկտեմբերին` ՀՀ երկու օրենսդրական փոփոխություններից հետո Սերոբ Տեր- Պողոսյանը կարողացել էր սեփականաշնորհել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն: Այդ տարիներին Տեր-Պողոսյանը զբաղվում էր բարերարությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ: Իսկ Լոռու մարզում նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանից սկսած, հերթագրվում էին, որպեսզի Տեր-Պողոսյանին իրենց ընտանիքի քավոր դարձնեն:
Ինչեւէ, բացի «Ախթալայի» ԼՀ կոմբինատից, Սերոբ Տեր-Պողոսյանին է պատկանում նաեւ Ախթալայում գտնվող Միքայել Արամյանցի տուն-թանգարանը, ինչպես նաեւ Նալբանդյան 7 հասցեում գրասենյակային տարածքներ: Ու երբ Պողոսյանը Հրազդան քրեակատարողական հիմնարկում իր պատիժն էր կրում, նրա սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տեւական ժամանակ է, ինչ անհետացել է Հայաստանից եւ ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով ստեղծված պատկերը, որ նրա կինն անհետացել է, իսկ ամուսիններն էլ ժառանգներ չունեն, ուստի անհասկանալի է մնում, թե ինչ ճակատագիր է սպասվում Սերոբ Տեր Պողոսյանի ահռելի ունեցվածքին:
Առավել հետաքրքիր է՝ արդյո՞ք Մադլեն Թաշճյանը կհայտնվի Հայաստանում եւ կմասնակցի ամուսնու հուղարկավորությանը: Տեղեկացնենք, որ համաձայն ՔԿՀ-ներում գործող կարգի՝ դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո դատապարտյալի դին պետք է հանձնեն հարազատներին: Իսկ թե ո՞ւմ կհանձնեն Սերոբ Տեր-Պողոսյանի դին, դեռ հայտնի չէ: Հավանաբար եղբայրներին՝ Պարույրին եւ Րաֆֆիին, որոնց անուններով տարիներ առաջ Տեր-Պողոսյանը գրանցել էր իր ունեցվածքի մի մասը:
Ո՞վ է կոմբինատը տնօրինում «Ախթալա ԼՀԿ»-ում
«Ժողովուրդ»-ը 2014թ. սեպտեմբերի 4-ին գրել էր, որ «Ապառաժ մայնինգ» ընկերությունը, որը դե ֆակտո պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, իր տնօրինության տակ է վերցրել Ախթալայում գտնվող պղնձամոլիբդենային հանքավայրը: Չնայած Հակոբյանը հերքում է այս փաստը, սակայն նրան գրեթե ամեն օր կարելի է տեսնել նույն այդ ընկերության կողմից շահագործվող Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի բակում:
Կոմբինատի օտարերկրյա պարտքերը
Չնայած դեռ հայտնի չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում կոմբինատին եւ Պողոսյանի ունեցվածքին, սակայն «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ այս օրերին վրացական մի ընկերություն Սերոբ Տեր-Պողոսյանի ընկերության պարտքը պատրաստվում է պահանջել Հայաստանից։
Պարզվում է՝ վրացական մի ընկերություն հանքանյութ մատակարարելու համար 800.000 դոլար է տրամադրել Ախթալայի կոմբինատին, սակայն կոմբինատն ընդամենը 50.000 դոլարի հանքաքար է մատակարարել եւ գրպանել գումարի մեծ մասը: Այս հիմքով վրացական ընկերությունը Վրաստանում դեռ 2009թ. դիմել էր դատարան ու հասել հաղթանակի: Համաձայն վրացական դատարանի վճռի՝ «Ախթալա ԼՀԿ»-ն պատրավոր է վրացական կողմին վճարել պարտքը: Սակայն երբ գործը ուղարկվել է Հայաստանի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը չի ընդունել Վրաստանի դատարանի որոշումը, ավելի ուշ ընկերությունը դիմել է ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարաններ, որոնք էլ հրաժարվել եւ մինչ օրս էլ հրաժարվում են ընդունել Վրաստանի դատարանի կայացրած որոշումը:
Հիմա վրացական կողմին այլ բան չի մնացել, քան Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, որպեսզի ստանա իր գումարը: Իսկ թե Սերոբի մահից հետո ումի՞ց պետք է ստանա գումարը, դեռ հարց է: Այս թեմայի մանրամասներին «Ժողովուրդ»-ը կանդրադառնա առաջիկայում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՉԶԻՋԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ
Երեկ Ծովակ համայնքի մի խումբ բնակիչներ փակել էին իրենց գյուղից դեպի Վարդենիս քաղաք մտնող ավտոճանապարհը: Պատճառը երկու օր առաջ վարդենիսցիների կողմից Ծովակի երկու բնակիչների` հայր եւ որդու դաժան ծեծի ենթարկելու դեպքն էր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ին հայտնել էին, որ սեպտեմբերի 20-ին Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին 1995թ. ծնված Մանուկը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենան հանդիպել է դիմացից երթեւեկող ՎԱԶ 21/150 մակնիշի մեքենային: Վարորդները ճանապարհը չեն զիջել միմյանց: Արդյունքում Հրավարդ Սարգսյանը (Գագիկ) եւ նրա որդին՝ Մանուկ Սարգսյանը, մյուս մեքենայի երկու անծանոթների հետ վեճի են բռնվել, որի ժամանակ էլ անծանոթները ծեծել են Մանուկին եւ նրա հորը՝ գանգուղեղային տրավմայի ենթարկելով Գագիկին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 38-ամյա Մարտին Հակոբյանը, 27-ամյա Զոհրաբ Կարապետյանն ու 27-ամյա Հրանտ Շաբոյանն են եղել Ծովակի բնակիչներին ծեծողները: Ավելին՝ տղաներն իրենց վայրագությունն անելուց հետո փակել են տան դռներն ու փախուստի դիմել: Եվ հենց այս փաստն էլ խիստ զայրացրել էր Ծովակի բնակիչներին, ովքեր արդարության եւ հանցագործներին շտապ գտնելու պահանջով փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը:
«Էս որ թիվն է, որ մարդուն մեռնելու աստիճան ծեծեն: Գագոն նորմալ տղա էր, էդ խուլիգանները բռնել, էնքան են ծեծել, որ դժվար էլ ապրի: Բժիշկները հույս չեն տալիս ու նույնիսկ լուրեր կան, թե արդեն մահացել է: Մենք պահանջում ենք, որ լակոտներին գտնեն, բերեն. նրանք պիտի պատասխան տան: Վերջ պիտի տա՞նք բեսպրեդելին»,-armlur.am-ի հետ զրույցում նշել էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Armlur.am-ը Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից փորձել էր տեղեկանալ, թե ինչ վիճակում է գտնվում Գագիկը, սակայն հրաժարվել էին որեւէ բան հայտնել: Մեզ հասած տեղեկություններով՝ դաժան ծեծի ենթարկված Գագիկը գտնվում է ծանր վիճակում եւ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Հուսանք՝ կհաջողվի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԼԹ
«Գլխավորը միասնական մնալն է ու չընկրկելը, համերաշխ գործելն ու հաստատակամությունը»:
Գալուստ Սահակյան slaq.am
Այո, իհարկե, ինչպե՞ս կարելի է չհամաձայնվել ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցչի հետ. վերջիվերջո, ԱԺ նախագահ է, մի բան որ ասում է` գիտի: Ու պատկերացրեք` իր ասածով էլ ամեն ինչ լինում է. միասնական են դառնում` շատ խելացի կերպով «արանքից հանելով» հակառակորդներին եւ նրանց դեպի իրենց ճամբարն են ձգում: Համերաշխությունն էլ առաջինի տրամաբանական շարունակությունն է, եթե բոլոր քաղաքական ուժերը հերթով հանրապետականանան, էլ ինչպե՞ս կարող են անհամերաշխ լինել: Արդյունքում էլ բոլորը կլինեն չաղ ու բախտավոր՝ բացի հասարակ ժողովրդից:
«Ժամանակն է ժողովրդով ճշտենք իրականությունը եւ երկրում տարվող ոչ հայրենանպատակ քաղաքականությունը»:
Ռուբեն Գեւորգյան «Հրապարակ»
Թեեւ Ծաղիկ Ռուբոն ամեն ինչ անում էր՝ ապացուցելու, որ իր հիմնած «Երդվյալ ազատամարտիկների միություն» կոչվող կառույցը քաղաքական չէ, այնուամենայնիվ, ինչպես միշտ, իրականությունն այլ է: Շաբաթ օրը «ապաքաղաքական» այս անձնավորությունը համագումար էր կազմակերպել եւ երկրում տարվող ոչ հայրենանպատակ քաղաքականությունն էր քննադատում: Բացի այդ, քաղաքականության հետ իբրեւ թե բացարձակապես կապ չունեցող իր կառույցի համագումարն անց էր կացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում: Վատ չեն ապրում իշխանությունից նեղացած ազատամարտիկները…
«Սյունեցիներն ուզում են, որ ես նորից մարզպետ նշանակվեմ… Ինչ հանձնարարություն տա երկրի նախագահը, պատրաստ եմ այդ հանձնարարությունը բարձր ձեւով կատարելու»:
Սուրիկ Խաչատրյան News.am
Ոչ ոք չի էլ կասկածում, որ Սյունիքի քրեաօլիգարխ նախկին մարզպետն իր վերադասի հանձնարարությունները միշտ բարձր ձեւով կատարել է՝ մասնավորապես ընտրությունների շրջանում, երբ միշտ ապահովել է անհրաժեշտ ձայներ ՀՀԿ-ի համար: Այնպես որ, նման կադրը շատ ձեռնտու է ՀՀԿ-ին, իսկ մի քանի սկանդալների, այդ թվում` վերջին սպանության մասին կարելի է մոռանալ արդեն: Կարեւորը՝ մարդը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, կարողանում է մարզի բնակչությանը ճնշած ու վախեցած պահել այն աստիճան, որ նույնիսկ շատերը ստիպված ասում են, թե կուզեին նա վերադառնար: Բրավո:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ