ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Եվրասիական տնտեսական միության նախաձեռնող երկրների ավտորիտար ղեկավարներից ամենահմուտն ու փորձառուն, անկասկած, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է, ով թագավորում է դեռ խորհրդային տարիներից: Ճիշտ ժամանակին գիտակցելով, թե ինչպիսի ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ պուտինյան Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությունն իր երկրի՝ հիմնականում ռուսաբնակ հյուսիսի համար, նա հստակ եւ աներկիմաստ հայտարարեց, որ իր ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած ոտնձգության դեպքում Ղազախստանն անհապաղ կպատասխանի Եվրասիական տնտեսական միությունում իր անդամակցության դադարեցմամբ:

Ակամա մտածում ես, եթե մինչ օրս անհաղթահարելի ավտորիտարիզմը ինչ-ինչ մեղքերի համար մեզ բաժին հասած պատիժ է, ապա ավելի լավ չէ՞ր լինի այս կիսագրագետ, անդաստիարակ, քարանձավային հոգեբանությամբ առաջնորդվող, վախկոտ, ամբողջապես վարկաբեկված ջեբկիրների, ստախոսների եւ անպատիժ մարդասպանների փոխարեն, երկիրը ղեկավարեր Նազարբաեւի տեսակի, ազգային արժանապատվությունն ու նամուսը հարգող մի խելքը գլխին բռնապետ:
Սակայն մի կողմ թողնենք ոչ այնքան զվարճալի քմծիծաղն ու փորձենք դիտարկել ընթացող ներքին եւ արտաքին իրադարձությունների զարգացման առանձնահատկությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից: Որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց մենք ոչ միայն ոչինչ չենք շահում, այլ, ընդհակառակը, շոշափելի կորուստներ ենք ունենալու, թեկուզեւ զուտ ֆինանսատնտեսական առումով, արդեն պարզից էլ պարզ է բոլորի համար: Այդ հեռանկարի անխուսափելիությունը քողարկված ձեւակերպումներով չեն բացառում նաեւ ողջամտությունը դեռ վերջնականապես չկորցրած իշխանության առանձին ներկայացուցիչները:
Բայց դա դեռ ոչինչ, որովհետեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում մեր անկուշտ թալանչիներն առանց այդ էլ քարը քարի վրա չեն թողել, եւ այստեղ հասարակության մասնակցությունը, կարելի է ասել, զրոյական է: Շարունակվող թալանը փաստացի տեղի է ունենում օրեցօր նսեմացող միջնադարյան մակարդակի առուծախի եւ բնության խղճուկ մնացորդների ցինիկ բռնբարության տեսքով, իսկ տնտեսությունը որպես այդպիսին՝ գոյություն չունի, քանի որ այն մասն էլ, որ դեռ շարունակում էր արտաբերել հազիվ երեւացող կյանքի նշաններ, պատկանում է ոչ թե մեզ, այլ՝ Ռուսաստանին:
Գիտակցելով այդքանը, ստիպված ենք արձանագրել ամենավտանգավոր եւ անցանկալի հեռանկարը. Հայաստանը վերանում է աշխարհագրական քարտեզից, որպես իրական գործոն: Ազգի համար բախտորոշ հիմնախնդիրների հանգուցալուծման գործընթացներում մեր՝ առանց այն էլ վատ նշմարվող ազդեցությունն ի սպառ վերանում է, եւ մեզ արդեն իրավամբ կարելի է անվանել իր պետականությունն ու երկիր օջախը չունեցող քոչվոր ժողովուրդ: Ահա թե ինչպիսի փակուղի են մեր կամքին հակառակ՝ երկիրը քարշ տալիս հանցավոր իշխանազանցները:
Նման ողբալի ապագայից խուսափելու ուղին միակն է. Համաժողովրդական հզոր ալիքով անվերադարձ տապալել դավաճան «գյորմամիշների» իշխանությունը եւ վճռականորեն տեր կանգնել մեր լեռնաշխարհին եւ մեր զավակների ու թոռների ճակատագրին: Եվ այդ ուղին էլ ամենեւին պարտադիր չէ, որ անենք կեղծ ներքաղաքական պայքարի՝ արհեստականորեն խճճված սարդոստայնում: Համարժեք օրինակները միայն հետխորհրդային տարածքում լիովին բավարար են. Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա….
Օր առաջ իրականացնելով միացյալ ազատագրական ճակատի ձեւավորմամբ գերհասունացած գաղափարը, եւ համախմբելով այնտեղ ազնիվ, լայն աշխարհայացք ունեցող, կիրթ եւ պարկեշտ հասարակական կազմակերպությունների երիտասարդ ակտիվիստների, ոչ միայն սեփական սոցիալական անապահովությամբ մտահոգ ազատամարտիկներին եւ բազում այլ անկեղծ եւ անշահախնդիր հայրենասերների, հնարավոր է թվարկված երկրների կողքին գրանցել նաեւ անկախ ժողովրդավարական, հպարտ ու ինքնիշխան Հայաստան: Հավատացեք, որ շատ կարճ ժամանակ անց միայն անեկդոտներում կհիշատակվեն ռոբիկ-սերժիկների, դոդ-մկների, թոխմախ-պալաչների, շմայս-լիսկաների եւ մեր նորագույն պատմության խայտառակ էջերը ողողած այլ թափթփուկների տհաճ կերպարները:

Արկադի Վարդանյան
Վանաձոր փակ բանտային ռեժիմի քրեակատարողական հիմնարկի քաղբանտարկյալ

 

 

ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՄՈԶԵԼՈ՞Վ ԵՆ ԼՌԵՑՐԵԼ

«Ժողովուրդ» օրաթերթի՝ սեպտեմբերի 18-ի հրապարակումներից մեկում գրել էինք, որ Ռուբինյանց 13/5 շենքի բակում դեղատուն է կառուցվելու, որն անխուսափելիորեն փակելու է բնակիչների ճանապարհը՝ անանցանելի դարձնելով հրշեջ եւ շտապօգնության մեքենաների երթեւեկությունը: Երեկ այս խնդիրը լուծվեց. բնակիչներն ու դեղատուն կառուցողը փոխհամաձայնության եկան: Դեղատան շինարարական աշխատանքները, հավանաբար, այսօրվանից կսկսվեն:

Հիշեցնենք, որ շինարարության առթիվ մեծ աղմուկ բարձրացրեցին շրջակայքի բնակիչները եւ նրանց ու տարածքի սեփականատեր Արմեն Հարությունյանի միջեւ բախում տեղի ունեցավ: Այս մասին առաջինը «Ժողովուրդ»-ը բարձրաձայնեց եւ բնակիչները տեսնելով, որ խնդիրը չի լուծվում՝ ստիպված դիմել էին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Վերջինս էլ Երեւանի քաղաքապետին էր նամակ գրել՝ armlur.am-ի տեսանյութը կցելով, որպեսզի նրա ուշադրությունը հրավիրի խնդրի վրա:
Իհարկե, մեր հրապարակումից հետո ապօրինի շինարարությունը որոշ ժամանակով դադարեցվեց: Երեկ պարզեցինք, որ Ռուբինյանց 13/5 շենքի բնակիչներն ու դեղատուն կառուցողը՝ Արմեն Հարությունյանը, «բարիշել» են:
Նշված հասցեի բնակիչներից Լուսինե Եղիկյանն ասաց. «Մեզ ասացին, որ մենք այլ տարբերակ չունենք, որովհետեւ այդ տարածքն արդեն իսկ աճուրդով վաճառված է եղել եւ սեփականատեր ունի: Մենք ոչ մի կերպ չենք կարող պայքարել: Կես մետր դեղատան սեփականատերը մեր տարածքից հետ է գնում եւ շինարարությունն ավարտելուց հետո մեր ճանապարհն էլ ավելի է լայնացնելու: Ճիշտ է, ողջ շինարարության ընթացքում մեր հաշվին ճանապարհը կնեղանա, բայց ավարտից հետո այն նորից կլայնացնեն»:
Ի դեպ, երեկ նշված շենքի բակ են այցելել նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը եւ թաղապետարանից այլ ներկայացուցիչներ, ովքեր բացատրական աշխատանքներ են տարել բնակիչների հետ: Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեղատուն կառուցողը խոստացել է բնակիչներին միաժամանակ բարեկարգել իրենց շենքի բակը՝ երեխաների համար սղարաններ տեղադրել, իսկ ծերերի համար՝ զրուցարաններ: Ավելին՝ նա երեկ այս շենքի բակում նստարաններ է տեղադրել:
Այսքանից հետո մնում է զարմանալ, թե ինչու է Երեւանի քաղաքապետարանն առանց համապատասխան պայմանները հաշվի առնելու հենց այնպես տարբեր մարդկանց տարածքներ հատկացնում ու շինթույլտվություններ տալիս: Եվ ամենակարեւորը, որ երեկ պարզվեց. եթե կարելի էր դեղատունը կառուցել նախատեսվածից փոքր-ինչ այն կողմ ու դրանով չխանգարել բնակիչների անդորրը, ինչո՞ւ դա չէր արվել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՄԱՐԶԵՐ

ՍՈՒՐՃԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ԷՐ
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արկադի Գալստյանը մեղադրվում է անզգուշությամբ ռազմական գույք ոչնչացնելու մեջ: Հանդիսանալով սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, նա 2013թ. հունիսի 29-ին՝ ժամը 20-ի սահմաններում հրանոթի խորշում խախտելով անվտանգության կանոնները, սուրճ եփելու նպատակով չոր սպիրտով եւ փայտի կտորներով կրակ է վառել, ապա դրսեւորելով հանցավոր անփութություն` քիչ անց դուրս է եկել զինամթերքի խորշից եւ գնացել կացարան՝ մոռանալով մարել կրակը: Իսկ կրակը տարածվել ու այրել է խորշում տեղադրված արկերի արկղերը: Դրա հետեւանքով պայթել եւ ոչնչացել են արկղերի մեջ պահվող, ընդհանուր 3 միլիոն 660 հազար դրամ արժողությամբ արկերը:
Ա. Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 370 հոդվածով («Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեր ունեցած տեղեկություններով` Ա. Գալստյանը սուրճ պատրաստելու ընթացքում ցանկացել է սիրած աղջկա հետ հեռախոսազրույց ունենալ, սակայն հեռախոսի մարտկոցը լիցքաթափված է եղել: Մինչ նա հեռախոսը կացարանում լիցքավորման է դրել, կրակը տարածվել է եւ արկերի պայթյուն առաջացրել: Հետագայում Ա. Գալստյանը հրաժարվել է ընդունել իր մեղքն՝ ասելով, որ կրակը կարող էր առաջանալ տարածքում հայտնված անծանոթ մեկի անզգուշության հետեւանքով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 25-ին:

 

ՊՂՏՈՐ ՋՐՈՒՄ ՁՈՒԿ ԵՆ ԲՌՆՈՒՄ
Իջեւան քաղաքի կենտրոնում, Շատրվանների հրապարակին կից կամրջի տակ իջեւանցի երեխաները ցանցով ձուկ են բռնում: Աղստեւ գետի առափնյա մասում արդյունաբերական ձեռնարկություններ չկան, որոնք իրենց թափոններով կաղտոտեն գետը: Սակայն Աղստեւի ափին գտնվող բնակավայրերի բնակիչները իրենց կենցաղային թափոնները հաճախ լցնում են գետը: Գետափնյա գյուղերի կոյուղաջրերը եւս Աղստեւ են լցվում: Իջեւան քաղաքի կենտրոնում առեւտրական, սննդի բազմաթիվ օբյեկտներ գտնվում են Աղստեւի ափին, դրանք կախված են գետի վրա։ Այդ օբյեկտներից սննդի մնացորդներ, պլաստմասե շշեր, ցելոֆանե տոպրակներ են լցվում գետը: Իրավիճակից ելքը աշնանային անձրեւներից առաջացող վարարումներն են, որոնք աղբը կքշեն հոսանքն ի վար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս