ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՆ ԱՄԻՍ Է` ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ

Սիսակյան 22 հասցեի նորակառույց շենքի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ ջուր չունեն: Բանն այն է, որ նախորդ տարվա սաստիկ ցուրտ ձմռան պատճառով այս շենքի ջրի խողովակները սառչել են ու պայթել: Այս դեպքից անցել է 9 ամիս, սակայն վթարը չի վերացվել, ինչի արդյունքում բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ:

Հիշեցնենք, որ նորակառույց այս շենքում նախորդ տարի մայիսին իրենց բնակարանամուտը տոնեցին Ֆուչիկի փողոցի թ.12, Շինարարների 15 վթարային շենքերի եւ Սարի թաղի 18-րդ փողոցի սողանքների հետեւանքով վթարային դարձած 10 տների բնակիչները:
Շենքի բնակիչներից Սենիկ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին խնդիրը ներկայացնելով նշեց, որ նույն բնակարանի զուգարանում ջուր կա, բայց խոհանցում` ոչ: Անելանելի դրության մեջ ընկած քաղաքացիներն այս խնդրով դիմել են նաեւ Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի համապատասխան բաժին, որտեղից տրվել է հերթապահ, սակայն անպտուղ հավաստիացումն առ այն, որ «համապատասխան միջոցներ են ձեռնարկվում խնդիրն արագ կարգավորելու համար»: Բայց մինչ օրս, ինչպես նշվեց, սայլը տեղից չի շարժվում:
«Ես իմ կյանքում երբեւէ ոչնչից չեմ դժգոհել, բայց այսօր հայտնվել եմ այնպիսի իրավիճակում, որ ստիպված եմ բողոքել: Ջուր չի գալիս: Ես էլ բանվոր մարդ եմ, բերել եմ ու գեյզեր տեղադրել, որպեսզի կարողանամ լողանալ: Բայց նախորդ տարվա դեկտեմբերի 20-ի վթարից հետո մինչեւ հիմա բաղնիքը չի գործում: Խողովակները պայթել են: Չենք կարողանում լողանալ: Մեկ տարվա շենք է, բայց բազմաթիվ թերություններ ունի»,-վրդովված ասաց քաղաքացին։
Սենիկ Աբրահամյանի կինը` 63-ամյա Զարիկը, ստիպված իրենց կեղտոտ ափսեները լվանում է բաղնիքում: Նշենք, որ այս պատկերն առկա է նաեւ շենքի մյուս բնակիչների մոտ:
Նախորդ տարի ջրի խողովակների պայթելուց ավելի շատ տուժել է նույն շենքի բնակչուհի` 57-ամյա Կարինեն, ով բնակվում է երկրորդ հարկում: Ձմռանը տեղի ունեցած վթարի պատճառով նրա տան խոհանոցի պատը խոնավացել է եւ քանդվել:
«Իբր պետք է համապատասխան մասնագետները գան, բայց անցել է ինն ամիս, դեռ չկան: Այս տունը ստացել ենք, որ վայելենք, բայց չի ստացվում: Բացի այդ, կոյուղաջրերն էլ են թափվում իմ գլխին: Ես ինքս բազմիցս դիմել եմ ե՛ւ Երեւանի քաղաքապետարան, ե՛ւ մեր Աջափնյակի թաղապետարան, բայց ոչինչ չի ձեռնարկվում: Միայն ասում են` սպասի: Իսկ թե ինչքան սպասեմ, հայտնի չէ»,-զայրույթը չթաքցրեց տիկին Կարինեն:
Համատիրության նախագահ Հրայր Դալիբալթյանն իր հերթին թվարկեց այն խնդիրները, որոնք այս պահին առանց բնակիչների թույլտվության հնարավոր չէ լուծել: Բանն այն է, որ այս շենքի շինարարը բնակարանի ջրի խողովակները թաքցրել է պատերի տակ, իսկ նման բան պրակտիկայում չի թույլատրվում, որովհետեւ այս պարագայում տաք եւ սառը հոսանքների խառնվելու դեպքում հնարավոր են խողովակները պայթեն: Այդ պատճառով խնդիրը կարգավորելու համար ստիպված պետք է քանդեն բնակարանի խոհանոցի այն պատը, որտեղ խողովակներն են, ու նորոգեն. «Ես որ բնակչին խնդրեմ տունն ազատել, որ կարողանամ նման ձեւով այս խնդիրը լուծել: Բայց այս խնդիրը լուծելու համար աշխատանքներ են տարվում: Առաջիկայում քաղաքապետարանից եւ թաղապետարանից մասնագետները կգան եւ կհասկանանք, թե ինչ պետք է ձեռնարկենք»,-նշեց վթարին հետեւած, ինն ամիսներին որեւէ բան չձեռնարկած համատիրության ղեկավարը:
Այս ամենից հետո` մեկ հարց է ծագում. ինչո՞վ են զբաղված ոլորտի պատասխանատուները` Երեւանի քաղաքապետարանն ու Աջափնյակ վարչական շրջանը: Այն եզակի դեպքերում, երբ նրանք մատչելի գներով բնակարանաշինություն են անում, պարզվում է՝ դրանք լի են լինում բազմաթիվ թերություններով, որոնք հետագայում բնակիչների համար իսկական պատուհաս են դառնում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՆՈՐ ՇԱՏՐՎԱՆՆԵՐ
Մի քանի ամիս է՝ Գյումրու Վարդանանց հրապարակի շատրվանները չեն գործում, պատճառը վերանորոգումն է: Շատ շուտով՝ հոկտեմբերի 5-ին՝ Գյումրի քաղաքի տոնին ընդառաջ, նոր շատրվանները «կերգեն ու կպարեն»: Շատրվանների վերանորոգման համար Գյումրու ավագանու որոշմամբ քաղաքի բյուջեից 40մլն դրամ է հատկացվել, սակայն աշխատանքներն իրականացնողի խոսքերով դա բավարար գումար չէ նման մեծածավալ աշխատանքների համար:
Շատրվանների պոմպերը՝ 34 հատ, բերվել են Ռուսաստանից, իսկ շարժիչների ղեկավարման սարքերը արտասահմանից: Ի դեպ, շատրվանների նախագծի հեղինակը Գյումրու քաղաքապետի՝ Սամվել Բալասանյանի մանկության ընկերն է՝ Մխիթար Նալչաջյանը: Նրա խոսքով` ինքն այդ բոլոր աշխատանքներն անում է անշահախնդիր:
Քաղաքապետարանի հատկացրած գումարի 80 տոկոսն արդեն ծախսվել է, միչդեռ աշխատանքերի ավարտին դեռ շատ կա: Մ. Նալչաջյանը թեթեւացրել է քաղաքապետի հոգսը: Անհրաժեշտ մասեր կան, որոնք արժեն 3000-4000 եվրո: Եվ ահա` քաղաքապետի ընկերն օգտագործելով իր գիտելիքների կարողությունը բոլորովին անվճար ստացել է այդ մասերը՝ տնտեսելով բավականին մեծ գումար:
Նշենք, որ Գյումրին «երգող ու պարող» շատրվան առաջին անգամ չէ, որ ունենալու է: 30 տարի առաջ էլ նմանատիպ շատրվաններ եղել են քաղաքում, որոնց հեղինակը կրկին Մ.Նալչաջյանն է եղել:
Նախագծի հեղինակն այնուամենայնիվ շատրվանների հետ կապված մի քանի խնդիր է առանձնացնում: Գյումրիում քամու առկայությունը մշտական է, եւ սա խանգարում է մաքուր ջուր ստանալուն: Նոր շատրվանները պետք է բարձր լինեն, որպեսզի լուսային եւ լազերային էֆեկտներով ջրային խաղ կարողանան ստանալ, սակայն շատրվանների լայնքը քիչ է, որը նույնպես խնդիր է: Չնայած այդ խոչընդոտներին` հեղինակը վստահեցնում է, որ շատրվանները որակյալ են լինելու:
Ավելացնենք, որ Վարդանանց հրապարակին կից՝ Խաչքարերի պուրակում, կա եւս մեկ շատրվան՝ քարուքանդ վիճակում: Այն արդեն 2 տարի է չի շահագործվում: Համայնքն այս շատրվանների վերանորոգման համար բյուջե չունի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 




Լրահոս