ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՎԱՍՏԱԿԻ

Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ` տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով:

Ինչպես միշտ, նախօրոք ՀՀ նախագահի նստավայր էր ներկայացվել պարգեւների արժանի ցուցակ, որը սովորաբար կազմվում է՝ հաշվի առնելով նախագահականի աշխատակիցների «սիմպատիաներն» ու միջնորդների գործունեությունը: Հետաքրքիր է, որ առավելապես վերջին տասնամյակում բեմական վաստակով աչքի ընկած Անդրեի, Անուշ եւ Ինգա Արշակյանների գործունեությունն արժանացել է նման բարձր գնահատականի, բայց մեր հանրապետությունում իրենց անուրանալի դերն ու վաստակը ունեցած շատ մարդիկ այնքան էլ գնահատված չեն:
Օրինակ՝ 35-ամյա երգիչ Անդրեն, երգչուհիներ 32-ամյա Ինգա եւ 34-ամյա Անուշ Արշակյաններն արժանացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Թե որքա՞ն վաստակ ունեն նրանք երգարվեստի ասպարեզում եւ կոնկրետ ի՞նչ են արել՝ համատարած ռաբիսության մակարդակն այդ ոլորտում բարձրացնելու համար, կարող է պատկերացնել մեր ընթերցողներից յուրաքանչյուրը:
Այնուամենայնիվ, ի՞նչ կարեւորություն ունեցավ այդ պարգեւը երգիչ Անդրեի կյանքում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Անդրեն ասաց. «Ես շատ շոյված եմ: Յուրաքանչյուր արտիստի համար սա մեծագույն շնորհ է: Միշտ եմ մեծ պատասխանատվությամբ վերաբերվում աշխատանքիս, բայց այս կոչումը ստանալուց հետո էլ ավելի է աճելու պատասխանատվությանս զգացողությունը: Ինձ համար կարեւորը ոչ թե ինչ-որ շքանշան կամ մեդալ ստանալն է, այլ ժողովրդի իրական գնահատականը»:
Զրուցեցինք նաեւ իրապես վաստակավոր արտիստների հետ՝ հասկանալու նախագահի տված պարգեւների հասցեատերերը որքանո՞վ էին արժանի դրան: Բնականաբար, ոլորտի ներկայացուցիչները չքննադատեցին միմյանց: «Ագուլիս» տիկնիկային թատրոնի տնօրեն, ընդդիմադիր հայացքներով հայտնի Երվանդ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «կարեւորը նմանատիպ կոչումները չեն, դրանք այնքան էլ իրենցից արժեք չեն ներկայացնում: Ամենակարեւորը իրական վաստակն է` ժողովրդի սերն ու հարգանքը: Բայց ես շնորհավորում եմ բոլոր պարգեւատրվածներին: Չնայած այդ պարգեւները շոյող են ու ցույց են տալիս տվյալ արտիստի գնահատված լինելը` պետական մակարդակով, բայց դրանք կարեւոր չեն»:
ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանիբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսեց կոչումների շնորհման՝ մասնավորապես պարգեւատրման արարողության մասին: «Չեմ կարող քննադատել, միայն կարող եմ շնորհավորել: Բայց պետք է ասեմ, որ շատ վատ է՝ Սասուն Պասկեւիչյանին այդքան ուշացումով են շնորհում իր՝ ժողովրդական արտիստի կոչումը, մինչդեռ տակավին երիտասարդ արտիստներին, արդեն արժանացրին այդ կոչումը ստանալու պատվին»:
Ասել է թե՝ նաեւ ոլորտի անհատներն են «թաքուն» դժգոհում, որ երիտասարդներին վաստակավոր արտիստի կոչում են տալիս:
Ինչեւէ, անկախության օրը պարգեւներ ստացան նաեւ սպորտի բնագավառի ներկայացուցիչները՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, ովքեր տակավին վերջերս հաջողություններ բերեցին մեր երկրին: Եվ այսպես, պարգեւատրվածների շարքը բազմազան էր թե՛ տարիքային տարբերությամբ, թե՛ պարգեւատրվողների ծավալած գործունեությամբ, թե՛ ձեռք բերած վաստակով եւ նույն այդ բնագավառում կատարած ներդրումների առումով:
Օրինակ՝ մեր գործընկեր, «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանն էլ արժանացել էր «Մովսես Խորենացի» մեդալի, ինչի առիթով շնորհավորում ենք նրան:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՏԱՍՆՕՐՅԱ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎԱԾ Է

Նախօրեին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տրվեց «Գրական տապան 2014»-ի մեկնարկը: «Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների շփման, գրական քննարկումների եւ համագործակցության դաշտի ձեւավորման լավ հարթակ է: Փառատոնն անցկացվում է արդեն 5-րդ անգամ: «Գրական տապան»-ի շրջանակներում այս տարի Հայաստան են ժամանել ժամանակակից պոետներ եւ արձակագիրներ, այդ թվում՝ հանրահայտ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը: Առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստան կգա նաեւ հանրաճանաչ լեհ գրող Յանուշ Վիշնեւսկին:
Փառատոնի ստեղծման գաղափարն առաջացել է 14 տարի առաջ՝ 2000 թվականին: Հիմնադիրներն են գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը եւ ներկայիս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Բացման պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարությունը «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգեւատրեց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին՝ փառատոնում ունեցած ավանդի համար:
Փառատոնի համահիմնադրի խոսքով՝ Տապանը տարբեր մշակույթների, լեզուների ու ազգերի համախմբման հիանալի օրինակ է: Ըստ նրա. «Ամբողջ հետաքրքրությունն այն է, որ մենք բոլորս տարբեր ենք, ազգերը տարբեր են, լեզուները տարբեր են, երկրներն էլ տարբեր են, բայց մարդիկ են նույնը: Տարբերությունները օգնում են, որ մենք հետաքրքիր լինենք միմյանց, մարդ լինելն էլ օգնում է, որ հասկանանք իրար»:
«Գրական տապան»-ի մեկնարկի պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Փառատոնի հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին դաշնակահար Ժորա Սարգսյանն ու «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ խումբը:

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ՄԵՆԱՀԱՄԵՐԳԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
Երգչուհի Սիրուշոն տեւական ժամանակ է՝ գտնվում է ԱՄՆ-ում: Հուլիսի 19-ին Լոս Անջելեսում լույս աշխարհ եկավ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի առաջնեկը: Բավականին երկար ժամանակ նորաթուխ մայրիկը ստեղծագործական նորություններով հանդես չէր գալիս, սակայն, առաջիկայում երգչուհին պատրաստվում է շտկել իրավիճակը. նոյեմբերի 9-ին «Nokia» թատրոնում տեղի կունենա Սիրոշոյի ամերիկյան մենահամերգը: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի նախորդ ելույթը մայիսի 11-ին էր՝ Կալիֆոռնիայում տեղի ունեցած «Word Armenian Enteraiment Awards»-ի ժամանակ, որի շրջանակում երգչուհին արժանացավ «Փոփի հայ թագուհի» տիտղոսին:

 

ՍԻՊԻԼԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ստամբուլահայ երգչուհի Սիպիլը, Երեւանի քաղաքապետարանի եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, բարեգործական այցով կրկին Երեւանում է: Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել նրա երկրորդ՝ «Սեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկին:
12 երգից կազմված ալբոմը ստեղծելիս երգչուհին համագործակցել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի, երգահան Արա Գեւորգյանի, երգիչ Անդրեի, երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների, «Արեւներ» խմբի եւ այլ երաժիշտների հետ:
Տեղեկացնենք, որ օտար ափերում հայ մշակույթի պահպանման եւ տարածման համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Սիպիլին պարգեւատրել է նախարարության «Կոմիտաս» մեդալով:

 

ԲԵՅՈՆՍԵԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՔՈՒՅՐԸ
Բեյոնսեն իմացել է եւս մեկ քրոջ գոյության մասին։ Ինչպես հայտնի է դարձել, երգչուհու հայրը սիրավեպ է ունեցել սեւամորթ մոդել Տակոյ Բենսկոմբի հետ, ով զբաղվում էր ներքնազգեստների գովազդմամբ։ 2010-ին Տակոյը հղիացել է եւ ծննդաբերել։ Մոդելը դատի է տվել Մեթյու Նոուլզին՝ պնդելով, որ նա է երեխայի հայրը։Երգչուհու հայրը եւ նախկին մենեջերը հրաժարվել է 4-ամյա երեխայից։ ԴՆԹ-ի անալիզների արդյունքները ցույց են տվել, որ Մեթյուն աղջկա կենսաբանական հայրն է։ 30-ամյա Տակոյն այժմ անշարժ գույքի վաճառքի գործակալ է։

 




Լրահոս