«Ժառանգություն» կուսկացության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր նույնպես մասնակցում է ընդդիմադիր երեք ուժեր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» մարզային այցելությանը Սիսիան քաղաք: Իր ելույթի սկզբում նա նախ ողջունեց բոլոր ոստիկաններին, ովքեր իրենց ծառայությունն են կատարում և շարունակեց.
«Ողջունում եմ այն ոստիկաններին, ովքեր այստեղ իրենց ծառայությունն են կատարում և՛ համազգեստով, և՛ առանց համազգեստի: Մենք այս գործընթացը սկսել ենք ոչ միայն մեր քաղաքացիների, այլև ուժային կառույցների ներկայացուցիչների համար: Այն, ինչ կատարում եք հիմա, ոչինչ, նորմալ է, բայց շատ չձգեք, որովհետև շատ ձգելուց կարող է պոկվի: Այս ամենը, ինչ կատարվում է, օրենքի շրջանակներում է», – ընդգծեց նա:
Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը:
«Իշխանությունները սահմանադրական փոփոխություններ են սկսել. ճիշտ է սկսել են, Սուրիկ Խաչատրյանին նշանակեցին մարզպետ, նորից վերանշանակեցին, իրենց սահմանդրական փոփոխությունները դա են»,- նշեց նա, հավելելով, որ ոչ ոքի չի հուզում, ոչինչ, բացի ամբողջական իշխանափոխությունից: :
«Մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը բացարձակապես հետաքրքրություն չունի իրականացնելու ժողովրդի շահերը: Նրանք զբաղված են միայն ու միայն իրենց անձնական շահերը հետապնդելով»,- նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանը հավելեց, որ ընդդիմությունը քննության է դրել նոր ձևավորված կառավարության գործունեությունը՝ 12 պահանջներ ներկայացնելով ու ժամկետ տալով, որը շուտով սպառվում է, սակայն կառավարությունն այս պահի դրությամբ ոչ մի բան չի արել:
Նշենք, որ ելույթ ունեցողների խոսքով, ակցիան փորձում են խոչընդոտել: Հիշեցնենք` նման դեպք տեղի է ունեցել նաև Հրազդանում անցկացված հանրահավաքի ժամանակ: