ԲՀԿ-ն լռեցրեց ՀԱԿ-ին. Ժառանգություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զույգեր կան, որ ամուսնանում են ոչ թե սիրելով, այլ ինչ-ինչ հաշվարկներով, որևէ համատեղ նպատակի հասնելու կամ իրենց նպատակներին հասնելու համար դիմացինին օգտագործելու համար: Հենց նման զույգերի հետ ՀԱԿ-ԲՀԿ “միությունը” նմանեցրեց “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Վստահ եմ, որ այս “ամուսնությունը” երկար չի տևի, քանի որ ժողովուրդը, իշխանափոխություն ասելով ու ուզելով, նկատի չունի իշխանական կոալիցիայի մի ուժի հեռացումը իշխանությունից”,- ասաց Հակոբյանը: Ընդ որում, միասնական շտաբի վերաբերյալ, որտեղ, հիշեցնենք, ընդգրկված են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, “Ժառանգության” փոխնախագահը ունի բավական ուշագրավ դիտարկումներ: “Երբ մենք դեռևս քննարկում էինք այդ շտաբին միանալ-չմիանալու հարցը, առաջարկեցինք, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում բարեգործությամբ չզբաղվեն, սակայն ԲՀԿ-ն անմիջապես մերժեց այս առաջարկությունը, և մենք հասկացանք, որ միասնական շտաբ ասելով` գործ ունենք ոչ թե մի մարմնի հետ, որը պետք է ապահովի ու վերահսկի ընտրությունների արդար ընթացքը,այլ մի մարմնի, որը նպատակ ունի ծածկել, արդարացնել իշխանական կոալիցիայի մեջ մտնող ուժերից մեկի հակաօրինական գործունեությունը”:Ռուբեն Հակոբյանը նաև ընդգծեց,որ եթե ինքը հասկանում ու տեսնում է ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի “միասնության” հիմքը, ինչը, “Ժառանգության”փոխնախագահի տրամաբանությամբ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնն է, ապա իր համար անհասկանալի է ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի “միասնությունը”: “Քանի որ ՀԱԿ-ն առաջներում ԲՀԿ-ի ղեկավարներին, նրանց թիկնապահներին անվանում էր մարդասպաններ…”,- նկատեց Հակոբյանը: Այդուհանդերձ, “Ժառանգության” փոխնախագահը շեշտեց. “Եթե միասնական շտաբ ձևավորելով ԲՀԿ-ն կարողացավ “լռեցնել” ՀԱԿ-ին, որը ամենահակահիգիենիկ ելույթներն էր ունենում, ապա ՀԱԿ-ն էլ հնարավորություն ստացավ ճոխ քարոզարշավ անցկացնել…”:
 




Լրահոս