ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ:
Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները և խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ լուման են ներդրել ժամանակակից Ռուսաստանի կայացման ու բարգավաճման գործում:
Հայաստանում Ձեզ գիտեն և սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին: Հայ ժողովուրդը միշտ հիշում և բարձր է գնահատում ձեր անձնուրաց գործունեությունը 1988թ. դեկտեմբերին սարսափելի երկրաշարժից հետո: Հայաստանի փառավոր որդիների կողքին Դուք ազգությամբ ոչ հայ միակ օտարերկրացին եք, ով արդարացիորեն արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման, ինչը հիրավի վկայում է Ձեր նկատմամբ հայ ժողովրդի տածած անսահման հարգանքի ու երախտագիտության մասին:
Որպես միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ՝ Դուք արդեն երկար տարիներ անգնահատելի ներդրում եք ունենում մեր երկրների միջև ռազմավարական դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում:
Հարգելի Նիկոլայ Իվանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն, ներդաշնակություն և կենսական անսպառ եռանդ»: