Մայիսի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, թե մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ: Բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Լիագումար նիստին հաջորդել է Ասոցացման համաձայնագրի խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու /ԽՀԱԱԳ/ շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Հայկական կողմից ԽՀԱԱԳ բանակցությունները վարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երեւանում: