Ընդդիմադիր “Հայ ազգային կոնգրես”-ի անդամ, նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Tert.am -ի հետ զրույցում նշեց, որ ՀԱԿ-ը թույլ չի տա, որ իշխանությունը, օգտագործելով սեփական լծակները, կեղծի առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Մեկնաբանելով լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իր այն խոսքը, թե՝ “մայիսի 6-ից հետո ինչքան կհերիքի մեր ուժերը, այդքան կպայքարենք, և Սերժ Սարգսյանը չի ունենա նորմալ երկիր և չի կարողանա հանգիստ գնալ նախագահական ընտրությունների”, Հրանտ Բագրատյանն ասաց. “Դա նշանակում է, որ եթե Սերժ Սարգսյանը նպաստի ընտրությունների կեղծմանը, ապա, բնականաբար, պատասխան կստանա մեզանից”: Նախկին վարչապետը մեզ հետ զրույցում նաև անդրադարձավ երեկ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ալվարդ Պետրոսյանի՝ մամուլում արած այն հայտարարությանը, թե Հրանտ Բագրատյանի խոսքերից ինքը զարհուրում է և ուզում է ասել.” 8 տարի նստած էիք, այդ ասածներից գոնե մեկը անեիք, բայց այդ տարիներին, բացի թալանված Հայաստանից ուրիշ բան չեմ տեսել”: Հրանտ Բագրատյանի արձագանքն այսպիսին էր. “Այսօրվա իշխանությունների վիճակագրությամբ, երբ որ ես վարչապետ եմ եղել, երկրի ՀՆԱ-ն իրական աճել է 16% և ԱՊՀ երկրների մեջ՝ 1994թ-ին, ստացել է առաջին տնտեսական աճը: Երբ որ Հայաստանում աճ կար, Ռուսաստանում ու Վրաստանում տնտեսությունն անկում էր ապրում մինչև 1997թվականը”,- ասաց նախկին վարչապետն ու ընդգծեց, թե բոլոր հաղթանակները եղել են իր՝ Բագրատյանի օրոք:
Վերջինս նաև հավելեց, որ երբ թշնամին ամեն ինչ գրավել էր, ինքը եկավ կառավարություն և Հայաստանը սկսեց հաղթել: “Գործարկեցի ատոմայականը, ի տարբերություն նախորդ կառավարությունների, հանրապետությանը լույս տվեցինք ու վերջացրեցինք այդ պրոբլեմը: Այսօրվա իշխանությունների տվյալներով, այդ տարիներին արտագաղթն անկում ապրեց՝ մինչև 5-6 հազ. մարդով”,-իր վարչապետական տարիների աշխատանքն այս կերպ ներկայացրեց Հ րանտ Բագրատյանը: Ապա հավելեց, որ իր բերած բոլոր փաստերը հիմնված են այսօրվա իշխանությունների ներկայացրած վիճակագրության վրա, մինչդեռ իր ունեցած վիճակագրությունն՝ ավելի լավն է: