Գերմանիայի բողոքական եկեղեցին դատապարտում է Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհուրդը դատապարտում է իսլամական պետության կողմից իրականացվող եկեղեցիների ավերումը: Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի կողմից տարածված հայտարարությունում ասվում է. «Գերմանիայի բողոքական եկեղեցին սարսափով եւ զայրութով է արձագանքել իսլամական պետության կողմից սիրիական Դեյր Էլ Զորի հայկական Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցմանը:

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդ Սրբազան Գարեգին Տիգրան Բեկչյանին ուղղված համերաշխության նամակում Գերմանիայի բողոքական եկեղեցու խորհրդի նախագահ Նիկոլաուս Շնայդերը եւ արտերկրի հարցերով եպիսկոպոս Պետրա Բոսե-Հուբերն իրենց կարեկցանքն են հայտնել. «Մենք գիտենք, որ այս եկեղեցին նաեւ Ցեղասպանության հուշահամալիր էր, որն հավերժացնում էր 1915թ. հայ քրիստոնյաների նկատմամբ Օսմանյան կայսրությունում կատարվածի հիշատակը:

Տեղյակ լինելով այս սարսափելի ավերիչ գործողություններին՝ խնդրում եմ վստահ եղեք, որ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ հավատացյալ քույրերին եւ եղբայրներին, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր տառապում են իսլամական պետության գործողություններից, եւ աղոթում ենք նրանց համար»:

Սիրիական Դեյր Էլ Զորի հայկական եկեղեցին, որը հիշեցնում էր 1915թ. ավելի քան 1,5 մլն հայերի կոտորածների փաստը, ըստ լրատվամիջոցների իսլամական պետության կողմից հիմնովին պայթեցվել է: «Մենք մերժում ենք ինչպես «Իսլամական պետության» կողմից մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունը, այնպես էլ կրոնական եւ պատմական տեղագրության ոչնչացումը»,- նշել են Շնայդերը եւ Բոսե-Հուբերը: «Մենք վստահ ենք, որ եկեղեցիների եւ հուշավայրերի ավերումը երբեք չի կարող սրբել տեղի ունեցած անարդարության մասին հիշողությունը»:




Լրահոս