Ազգային ժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ հարցնելով, թե երբ են դրանք դուրս մղվելու ԱԺ-ից: Նա հիշեցրեց, որ նույնիսկ նախագահն է ՄԱԿ-ի իր ելույթում դրանք «գրողի ծոցը» ուղարկել:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այս հարցը հռետորական համարեց, ասելով, որ նախագահի խոսքերին ոչինչ չի կարող հավելել: Այս ամենից զատ պատգամավորն իր ելույթում նույնպես անդրադարձավ այդ արձանագրություններին:
«Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Հիմա չեմ կարծում, որ Ազգային ժողովը գրողի ծոցն է, չնայած կարելի է պնդումներ անել, որ Ազգային ժողովը համապատասխանում է «գրողի ծոցին», որովհետև այստեղ են սպանվել»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Նա չհասցրեց ավարտել իր խոսքը, որովհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց նրան և ասաց. «Պահպանեք քաղաքական կոռեկտություն և խոսեք բացառապես օրակարգի վերաբերյալ: Թե չէ «գրողի ծոցը, սպանվել» և այլն պետք չէ նման բաներ խոսել, և կանոնակարգը մի խախտեք»:
«Պարոն Շարմազանով «Գրողի ծոցը» արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է ձեր կուսակցության ղեկավարին…»,-ընդգծեց Փոստանջյանը: Այս արտահայտությունից հետո Շարմազանովն անջատել տվեց Փոստանջյանի բարձրախոսը: